ՀԱՅՐԻԿԸ
Նվագող վշտից հայրենյաց
Ժողովուրդ հայոց, անշուշտ լավ հասկցաք, թե զենքն ինչ կրնար գործել և կգործե: Ուրեմն, սիրելի և օրհնյալ հայաստանցիներ, գավառացիներ, երբ հայրենիք վերադառնալու լինիք, ձեր բարեկամաց և ազգականաց իբրև պարգև մեկ-մեկ զենք տարեք, զենք առեք և դարձյալ զենք…
♦ Խրիմյան Հայրիկ (Մկրտիչ Ա Վանեցի):
♦ Ծնվել է 1820 թվականի ապրիլի 4-ին, Վանում:
♦ Հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոսը:
♦ Սովորել է Վասպուրականի Լիմ եւ Կտուց անապատների վանական դպրոցներում:
♦ 1854 թ. ձեռնադրվում է վարդապետ:
♦ 1855 թ. Կ. Պոլսում հրատարակում է «Արծիվ Վասպուրական» ամսագիրը:
♦ 1868 թվականին Էջմիածնում օծվում է եպիսկոպոս:
♦ 1869 թ. Կ. Պոլսի Ազգային ժողովի կողմից ընտրվում է Կ. Պոլսի հայոց պատրիարք:
♦ Իբրեւ Բեռլինի վեհաժողովին հայկական պատվիրակության ղեկավար, պատրիարքարանի տեղեկագիրը ներկայացրել է Վեհաժողովին՝ հույս ունենալով դիվանագիտական ճանապարհով լուծել Հայկական հարցը:
♦ Թեւավոր խոսք է դարձել Խրիմյան Հայրիկի «Թղթե շերեփ» փոխաբերությունը: Ձեռնունայն վերադառնալով Բեռլինից եւ հասկանալով եվրոպական խոշոր տերությունների երկդիմի քաղաքականությունը՝ նա ասել է, որ ուրիշ ժողովուրդներ «այնտեղ ապուրը» երկաթե շերեփներով էին ճաշակում, այնինչ մեր շերեփը թղթից էր:
♦ Հիասթափված Վեհաժողովի արդյունքներից՝ շրջադարձ է կատարել դեպի ազգային-ազատագրական պայքարը:
♦ 1892 թվականին ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս:
♦ Հայոց Հայրիկի նվիրական իղձն էր՝ տեսնել հարազատ ժողովրդին միասնական ու միակամ, հավաքված հայրենի ակութի շուրջը: 1905 թ. մարտի 10-ի կոնդակով ազգահավաքման, հայրենադարձության կոչ էր անում եվրոպաբնակ հայերին. «Արիք, պանդուխտ եւ տարագիր հայք, ելեք եւ փութացարուք հայրենի աշխարհ ձեր… արիք եւ շինեցեք զավերակսն եւ բնակեցեք ի նոսա, աճեցեք եւ բազմացարուք եւ լցեք զերկիրն, երկիրն զոր ետ Տեր հարց ձերոց»:
♦ Հայ ժողովուրդը նրան մեծարել է «ՀԱՅՐԻԿ» պատվանունով:
♦ 1907թ.-ին վախճանվեց Առաքյալը, եւ ժողովուրդն իրեն որբ զգաց:
ԹԱՆԿԱԳԻՆ ՀՆՈՒԹՅՈՒՆԸ
Գերմանացի մի հնախույզ հետաքրքրվում է հնագիտական արժեք ունեցող իրերով: Երբ Էջմիածնում նրան ներկայացնում են Խրիմյանին, վերջինս դիմում է թարգմանչին:
– Ըսեք, որ ես թանկագին հնություն մը ունիմ. քանի՞ տարվան կենթադրե:
– Հինգերորդ դարի, – փորձում է գուշակել հնագետը:
– Անկեց ալ հին, – հուշում է կաթողիկոսը:
– Քրիստոսի ժամանակվա:
– Անկեց ալ հին:
Հնախույզի աչքերը վառվում են հետաքրքրությունից, որ աստիճանաբար փոխվում է ոգևորության:
– Տեսնեմ, Վեհափա՛ռ, ի՞նչ է այդ թանկագին հնությունը:
– Իմ ազգն է,- կշտամբող շեշտով պատասխանում է Խրիմյան Հայրիկը,- Քրիստոսեն ալ հին, Մովսեսեն ալ, իմ թշվառ ազգը: Անտեսած այս թանկագին հնությունը՝ հին քար մը կամ առարկա մը փնտրելու կելլեք:
Կոմիտաս
Խորագիր՝ #13 (1082) 9.04.2015 – 15.04.2015, Հոգևոր-մշակութային