Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԱՐՏԸ



Մութը, սողալով եղյամապատ բլուրներն ի վար, դանդաղորեն նահանջում էր՝ թաքնվելով ձորերի հատակին ու ժայռերի խոր խոռոչներում: Ամեն առավոտ, կարծես ամաչելով արեւի հպումներից, նախ կարմրում էին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի ողջ երկարությամբ փորված խրամատների դիմացի բարձունքների կատարները: Հետո, համառ գոտեմարտում հաղթելով ամեն թփից ու քարից կառչել փորձող գիշերային խավարին, լույսը գալիս ու չարաճճի ուրախությամբ խփում էր խրամատի պռնկին՝ բարեւելով ողջ գիշեր անքուն կանգնած զինվորներին:

Լուսադեմին վաշտի հրամանատարը, զարմացած գիշերվա անսովոր անդորրից, շրջել էր հենակետի բոլոր խրամաբջիջներով: Դիտորդները զեկուցել էին, որ հակառակորդի կողմից որեւէ շարժ չեն նկատել, հրամանատարը մեկ առ մեկ տղաներին հրահանգել էր չթուլացնել զգոնությունը.

-Էդ շան տղերքը հաստատ մի քյալագ մտածել են, որ գիշերը ձենները կտրած են եղել, ուրեմն, տղերք ջան, մի երկու ժամ ոչ մեկս չի հանգստանում, հը, ի՞նչ կասես, այ խորամանկ ապարանցի,- աչքով էր արել կարմրաթուշ գնդացրորդ Արսենին ու լրջանալով՝ ավելացրել,- եթե թուրք տեսնեք, բոլոր կրակային միջոցներով կխփեք, վախենալ-մախենալ չկա…

Հերթական գիշերն անցել էր տարօրինակորեն խաղաղ: Ադրբեջանցիները տարեսկզբից կարծես կատաղել էին: Մշտապես հնչող անկանոն կրակահերթերի փոխարեն հիմա կրակում էին նշանառու, օգտագործում ականանետներ եւ նռնականետներ: Լկտիացել էին նաեւ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը, զգացվում էր, որ անցյալ տարվա ամառային անհաջողություններից հետո լրջորեն նախապատրաստվել են: Հայկական հետախուզությունն ուներ հավաստի տվյալներ, որ Ադրբեջանի հատուկ նշանակության պայմանագրային զորամասի մարտիկները մի քանի ամիս շարունակ պատրաստվել են թուրքական հատուկ ծառայությունների ճամբարներից մեկում՝ բացի զորային հետախուզության դասական եղանակներից հմտանալով նաեւ պարտիզանական պայքարին բնորոշ ականապայթյունային գործում: Եթե հաջողվում էր սողոսկել հայկական դիրքերի թիկունք, նրանք շատ չխորանալով թշնամական տարածքում, մերձդիրքային ճանապարհներին սարքավորում էին խորամանկ ականային ծուղակներ՝ որպես հավանական թիրախ ընտրելով անձնակազմ տեղափոխող կամ հրամանատարական մեքենաները:

Դիրքերում երբեմն տարօրինակորեն լուռ էր լինում ու խաղաղ: Ամռանը սիմֆոնիկ նվագախմբի միահամուռ ուժով հնչում էր թռչունների ուրախ ծլվլոցը, եւ երբ կյանքն ինքնամոռաց գովերգող այդ աննկուն երաժիշտները մի պահ լռում էին, շոգից կարծես տեսանելի դարձած լռությունը փիլիսոփայի պես համբերատար ու համառ սղոցում էր ծղրիդի միալար ճռռոցը: Ձմեռը ձայներն անտանելիորեն պակասում էին, լռությունն ավելի էր թանձրանում, դեպի խրամատներ բարձրացող մարդու ոտքերի տակ տառապող ձյան դժգոհ ճռթճռթոցը միշտ վազանցում էր նրան՝ մինչ խրամուղու ոլորանից նրա երեւալը դիրքապահին զգուշացնելով հյուրի մասին:

Սակայն այդ լռությունը խաբուսիկ էր, վտանգավոր ինչպես դարանակալած գյուրզայի անշարժությունը: Լռությունն ամեն պահ կարող էր բզկտվել, ծվեն-ծվեն դառնալ հանկարծակի հնչած կրակահերթերից, կարող էր վախենալ կարճատեւ ու դաժան մարտի պատկերից, կարող էր զարհուրել ձյան ճերմակի վրա սոսկալիորեն կարմիր արյան բծերից:

Կրակահերթերը հնչեցին խրամատների դիմացից, լռության մեջ՝ որոտի չափ բարձր: Արսենը՝ կարծես երազում, գետնից բարձրացող թուխպի ցանցառ քուլաների մեջ նկատեց խրամատներին զարմանալիորեն մոտ հայտնված սպիտակ համազգեստով ադրբեջանական նռնականետորդին: Չհասցնելով լիովին գիտակցել կատարվածը՝ գնդացրի փողն ուղղեց հակառակորդի կողմը եւ մեքենայորեն սեղմեց ձգանը: Հակառակորդն անմիջապես պառկեց: Մյուս խրամաբջիջներից Արսենի գնդացրի կրակին նախ անկանոն, ապա միահամուռ միացան նաեւ ընկերների ինքնաձիգները:

-Անցնել շրջանաձեւ պաշտպանության, ես դրանց մերը… ,- հրամանատարի՝ մարտի ձայնը խլացրած գոռոցն էր:

Արսենը շարունակեց կրակել՝ չնկատելով իր խրամաբջջի վրա տեղացող թշնամական գնդակների տարափից բարձրացած ձյան փոշին: Կրակահերթեր հնչեցին նաեւ թիկունքից, հենակետի շրջակայքը լցնելով չարագույժ մետաղական աղմուկով, սակայն Արսենը, կլանված իր առջեւ ծավալվող տեսարանով եւ զարմանալիորեն անհաղորդակից՝ կարծես այդ ամենը կատարվում էր ինչ-որ մարտաֆիլմում, հետ չշրջվեց:

Հանկարծ այնտեղ, որտեղ դիրքավորվել էր սպիտակ համազգեստով հակառակորդը, կարծես գետնի տակից ցայտեց ինչ-որ բոսոր շիթ ու տարօրինակորեն կարմիր, մուգ կետիկներով սփռվեց ձյան ճերմակի վրա: Արսենը անասելի զարմանքով հասկացավ, որ այդ կարմիրն ադրբեջանցի նռնականետորդի արյունն է: Մի պահ թողնելով գնդացիրը՝ նայեց իր ափերին՝ չհավատալով, որ նրանք հենց նոր մարդու կյանք են խլել: Հետո վճռականորեն թափահարեց գլուխը, ուսին հենեց գնդացրի խզակոթը եւ նորից սեղմեց ձգանը: Ուշ զգաց, որ ինչ-որ մեկը թեթեւակի հարվածում է իր մեջքին. ծանր, հեւիհեւ շնչող հրամանատարն էր:

-Բավական է, տղա՛ ջան, տականքները փախել են …

Արսենը զարմանքով նկատեց, որ հրամանատարի… թեւքն արյունոտ է: Քողարկիչ բաճկոնի արյունոտ թեւքը կարծես իրականությունից նրան վերադարձրեց սովորական աշխարհ: Արսենը թողեց գնդացիրը, հանեց սաղավարտը եւ, մեջքով դանդաղորեն քերելով խրամատի պատը, իջավ ներքեւ… Հետո ինքն էլ չէր կարողանում հասկանալ, թե ինչու սկսեց արտասվել:

-Ապրե՛ս, Արսե՛ն ջան, դրանց հերն անիծել ենք,- առողջ ձեռքով շոյելով զինվորի գլուխը՝ ասաց հրամանատարը:- Առաջին անգամ բոլորիս համար էլ դժվար է եղել: Դու հերոս ես, ապրե՛ս: Եթե չկրակեիր, ո՞վ գիտի՝ ինչ կլիներ: Վե՛ր կաց, Արսե՛ն ջան, վե՛ր կաց… գնանք…:

Սուրեն ՍԱՐՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #14 (1083) 16.04.2015 – 22.04.2015, Հոգևոր-մշակութային


16/04/2015