Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՐԲԱՎԱՅՐ



Հայաստանը սրբավայրերի երկիր է, երկիր, որ ծայրից ծայր ծածկված է խաչքարերի ու հուշաքարերի անտառներով… 20-րդ դարավերջին մի սրբավայր ևս ունեցանք, անունը` Եռաբլուր: Այն ճշմարիտ նահատակների սրբավայր է, որպիսիք քիչ են մեզանում: Սուրբ տեղ, դեպի ուր գալիս ենք ոչ թե ողբալու, այլ մեջքներս ուղղելու և հպարտությամբ նայելու աշխարհին: Եռաբլուրը այն ժամանակն էր, երբ հայ ժողովրդի մեջ գտնվեցին հազարավոր մահապարտներ: Հազարավոր տղերք, որոնք զենք էին գողանում, ավտոմեքենա և ուղղաթիռ էին գողանում, որպեսզի գան Արցախ: Երբեմն նույնիսկ առանց հացի, առանց զինամթերքի էին մնում, բայց, մեկ է, գալիս ու չէին հուսահատվում, չէին բողոքում, որովհետև բոլորը մահապարտներ էին: Այդ տղերքից ոչ մեկը չէր մտածում ողջ մնալու, տուն վերադառնալու մասին, այլ` միմիայն հաղթելու: Տղերքը մարտի մեջ էին մտնում մի քանի փամփուշտով ու ինքնաշեն նռնակով և կարողանում էին հաղթել: Այդպես լինում է հարյուրամյակը մեկ, երբ ժողովուրդն իր մահապարտներին է ասպարեզ հանում, առանց որոնց ազգը դատապարտված է:

Եռաբլուրը նման չէ հասարակ գերեզմանոցի, որովհետև այնտեղ անմահներն են ննջում: Այնտեղ անմռունչ հոգիներ են բնակվում:

Եռաբլուրը լոկ գերեզմանոց չէ, այլ հայ ազգի լինելության վկայագիրը, որի առաջ կանգնելով՝ մեզնից յուրաքանչյուրը պիտի ասի աշխարհին.

-Ինչքան էլ մեզ փորձեք մասնատել, մաս-մաս անել, ինչքան էլ փորձեք խաբեությամբ և ուժով նվաճել երկիրն ու կորստի մատնել մեզ, ջնջել ու ավերել մեր հավատն ու մշակույթը, մեր տաճարներն ու ամրոցները, մեր պատմությունը, մենք համառորեն կմնանք այս սրբազան հողի վրա: Եվ լինելու ենք, որովհետև մահապարտներ ծնող ազգ ենք: Այդպես եղել է, այդպես կլինի:

Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #14 (1083) 16.04.2015 – 22.04.2015, Հոգևոր-մշակութային


16/04/2015