ՀԱՎԱՏԻ, ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Հայրենիքը քույր է, մայր է, եղբայր է, ծնող, հարազատ մարդ: Հայրենիքը սեր է, ու քարը, ծառը, ծաղիկը դառնում են հայրենիք, երբ մայրերի, նախատատերի, նախապապերի անանձնական հպարտությունը, հայրենանվեր գործերը դառնում են ցող՝ նստում քարին, ծառին, ծաղկին, երբ հարս գնացող աղջկա հարսնաքողը դառնում է ջրվեժ ու օրորվում ինչպես նորածնի ճոճքը: Եվ ծնվում են Թլոր Դավիթներ, որոնք դուրս են գալիս Մսրա Մելիքների դեմ: Եվ այսպես հայրենիքը սերնդեսերունդ փոխանցվում է, ամրանում հավատով ու սրի զորությամբ: Եվ հողը հայրենիք է դառնում տիրոջ շնչով ու սիրով, տիրոջ պատվախնդրությամբ ու բազկի զորությամբ:
Տավուշցի ազատամարտիկ Ս.Բաբայանը ծիծաղաշարժ, սակայն իրական մի պատմություն է անում. «Հայրենական մեծ պատերազմի տարիներին Տավուշի գյուղեր են գալիս պրոպագանդիստ-ագիտատորներ և գյուղեգյուղ անցնելով՝ ժողովրդին ներկայացնում են թշնամու՝ գերմանացի ֆաշիստի կերպարը, և երբ ելույթից հետո հարցնում են, հիմա հասկացա՞ք, թե ո՞վ է մեր թշնամին, միշտ եղել է նույն պատասխանը՝ հա՛, ոնց չէ՝ մեր թշնամին թուրքն է, ու ձեռքը մեկնել են թուրքերի ուղղությամբ՝ հրե՛ն, հա՜»: Ազատամարտիկի ձեռքի ուղղությամբ ակամա հայացքդ դարձնում ես բարձունքներին, որտեղ կանգնած է հայ զինվորը, դիմացը՝ թշնամին:
Զորամասի հրամանատար, գնդապետ Ս.Մինասյանը իր խոսքում ասում է.
-Այս տարածքի բնակիչը անմիջապես զինվոր է դառնում ու կանգնում զինվորի կողքին, դառնում է երկրապահ: Այս տարածքում ծառայելը պատիվ է, ապրելը՝ հայրենասիրություն: Տավուշի ժողովուրդը շինական է, արարող՝ հողից հաց քամող, երկիր շենացնող, հուշարձան ու խաչքար կերտող և հարկ եղած դեպքում՝ երկրապահ ու զինվոր՝ իր աղոթքի մրմունջին խառնած ռազմական երգ ու ռազմակոչ: Սահմաններին կանգնած մեր զինվորը իրոք զգում է, որ իր թիկունքն ամուր է: Հիշատակման է արժանի ՂՊՎ միության (նախագահ Յուրա Միքայելյան) տղաների արդեն 5-րդ այցը զորամաս: Գալիս են, բարձրանում դիրքեր, կանգնում զինվորի կողքին:
Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ա.Իսախանյանի հետ մեկնում ենք դիրքեր, որտեղ զինվորների հետ կանգնած են երկրապահները:
-Մեր զինվորները կարճ ժամանակում կարողանում են տիրապետել զենքին, ռազմական գործին: Չնայած երիտասարդ տարիքին՝ դառնում են իրենք իրենցից հասուն: Անցած ամառ, երբ շատ էր լարված դրությունը, մենք մի կերպ էինք զսպում մեր զինվորներին, որ չանցնեն հարձակման: Տղաների մարտական ոգին բարձր է, և մենք վստահ ենք, համոզված, որ թշնամու ամեն մի սադրանք, ամեն մի դիվերսիա իր արժանի, ավելի ճիշտ՝ իր ցավալի պատասխանը կստանա, և այդպես էլ կա: Կրկնում եմ՝ պատասխանը պետք է լինի թշնամու համար դիպուկ և ցավալի,- ասաց փոխգնդապետը:
Դիրքերում կանգնած են հենակետի ավագ, կրտսեր սերժանտ Գոռ Ենոքյանը, կրտսեր սերժանտներ Բագրատ Գասպարյանը, Սանասար Բագրատյանը, շարքայիններ Արթուր Հայրապետյանը, Արկադի Աղաջանյանը, Ռուբեն Ադամյանը, Մանուկ Գրիգորյանը, Սպարտակ Բադեյանը, Գագիկ Նազարյանը:
Զինվորների տրամադրությունը բարձր է: Նրանց կողքին կանգնած են ՂՊՎ միության ազատամարտիկները՝ Յուրա Միքայելյանը, Արագած Մկրտչյանը (Բոնդո), Հակոբ Գաբրիելյանը, Սեյրան Չիլինգարյանը, Մխիթար Աբրահամյանը, Արմեն Մուշեղյանը, Արամայիս Քոսակյանը, Գարիկ Եղիազարյանը, Դանիել Գրիգորյանը, Սարգիս Ղազարյանը, Խաչիկ Միքայելյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Հրաչյա Խաչատրյանը և այսպես ազատամարտի օրերին տարբեր ջոկատներում մարտնչած 30 ազատամարտիկներ: Յուրա Միքայելյանը պատվոգրեր է հանձնում լավագույն զինծառայողներին: Դիմելով զինվորներին՝ նա ասում է.
-Սիրելի՛ զինվորներ, դուք պաշտպանում եք երկիր դրախտավայրի հյուսիսարևելյան դարպասը: Ով կփորձի բարի մտքով ներս գալ, թող գա, իսկ ով կփորձի ներս խուժել չար մտադրությամբ՝ նա իր արժանի պատիժը կստանա: Դուք արդեն համոզվել եք դրանում: Եվ մենք երիցս համոզվեցինք, որ դուք այն կատարում եք հերոսի նման, այն հերոսի, որի մասին Գարեգին Նժդեհը ասում է. «Հերոսը բարոյական հանճարն է, սրտի հանճարը և միշտ քաջ ու մահվան պատրաստ հանուն գաղափարի, հանուն ազգի պաշտպանության: Իր բանակի հաղթանակն ապահովելու համար նա ներդնում է ռազմի գործում դեր կատարող բոլոր գործոնները՝ օգտվելով նաև թշնամու թույլ տված սխալներից»: Մենք հպարտ ենք, որ կանգնած ենք հայ զինվորի, ձեր կողքին: Ուզում ենք մեր շնորհակալական խոսքն ասել պաշտպանության նախարար Ս.Օհանյանին, ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վ.Ավետիսյանին մշտապես մեր ցանկությունը իրականություն դարձնելու համար:
Սասունցի ազատամարտիկ Հակոբ Գաբրիելյանի որդին՝ Սասունը, նույնպես զինվոր է, հիմա պաշտպանում է Արցախի սահմանները.
-Ես հպարտ եմ մեր զինվոր որդիներով, այս օրերը, որ անցկացրի մեր տղաների հետ դիրքերում, ևս մեկ անգամ համոզվեցի, որ նրանք ոչ միայն կարող են իրենց դիրքերը անառիկ պահել, այլ նաև վստահ ենք, հարկ եղած դեպքում՝ կարող են գրավել հակառակորդի դիրքերը:
-Դուք մեզ վրա հույս դրեք, բայց իմացե՛ք՝ մեր հույսը, մեր ժողովրդի ապավենը դուք եք՝ հայոց բանակն է, հայ զինվորը: Հայրենիքի ամեն մի հատված սրբազան մասունք է, որը չպետք է թողնենք: Շուտով ապրիլի 24-ն է, հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը: Ցավ է, երբ տեսնում ենք, որ մեր պատմական հայրենիքը մնացել է գերության մեջ: Դա 20-րդ դարասկիզբն էր, իսկ դարավերջի մեր պատմության էջերը մենք շուռ տվեցինք արժանապատվորեն: Մենք դա արեցինք մեր պապերի, մեր եղբայրների, մեր ընկերների թանկ կյանքի գնով,- ասաց Արագած Մկրտչյանը:
Իսկ զինվորների անունից «Քաջարի մարտիկ» Գագիկ Նազարյանն ասաց.
-Ավագ սերնդի ներկայացուցիչների ներկայությունը մեզ տալիս է ուժ, կորով, եռանդ: Նրանք անցել են պատերազմի բովով, տեսել են արյուն, մահ, բայց հաղթել են: Հիմա մեր ժամանակն է՝ հավատացեք՝ թշնամու ամեն մի ոտնձգություն իր արժանի պատիժը կստանա, կլինենք հայրենիքի հաղթական սուրբ գործի արժանի հետնորդներ:
Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #14 (1083) 16.04.2015 – 22.04.2015, Բանակ և հասարակություն