Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԵՐԳԻ ՄԱՇՏՈՑԻ ՀԱՐԿԻ ՏԱԿ



ԱՐԵՎ ԴԻՊԱՎ ՄԱՍԻՍ ՍԱՐԻՆ…

Կոմիտասի թանգարան ինստիտուտում ենք` անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանում: Ճարտարապետ Արթուր Մեսչյանը ամեն դետալ կոմիտասյան սիմվոլներով է շնչավորել: Կոմիտասյան բանաստեղծական տողերով է լուծում ստացել անգամ թանգարան տանող ճանապարհը` «բարակ ուղին սողալով, ոտքի տակին դողալով»… Բակում կոմիտասյան չինարի ծառն է, վերեւում՝ զանգակատունը: «Հայ երգի Մաշտոցի» ամբողջ կյանքն ու գործունեությունը, ապրումները, մտորումները քո առջեւ բացվում են թանգարանի 8 սրահներում: Ամենուրեք Կոմիտաս Վարդապետն է` կոմպոզիտոր, երաժիշտ, բանաստեղծ, երաժշտագետ, երգիչ, խմբավար, մանկավարժ, հայ ազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, նկարիչ, բանաստեղծ…

Ցուցադրության կազմակերպման համար թանգարանային առարկաներ են հանձնվել Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի, Հայաստանի Ազգային պատկերասրահի եւ Հայաստանի Ազգային գրադարանի հավաքածուներից: Թանգարանի բացման առաջին իսկ օրը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն նվիրաբերել է Կոմիտասի սեղանի գրչակալը՝ արծաթե թանաքամանով, որը վարդապետն ստացել է Բաքվում` 1908 թ. հայ համայնքի կողմից:

Ներքին մի երկյուղածությամբ ես դիտում բոլոր ցուցանմուշները (135 ցուցանմուշ). դրանց վրա հանճարի ձեռքի հպումն է, հանճարի շունչը: Ահա այցեքարտը` երգահանի փոքրիկ լուսանկարով, անվանական կնիքները, դանակ-թղթահատը, երեք փողերը (նվագարանները), նոտագրությունները… Ահա եւ դաշնամուրը, որ Կոմիտասին նվիրել է մեծահարուստ բարերար Ալեքսանդր Մանթաշյանը, Փանոս Թերլեմեզյանի վրձնած գեղանկարը` ծառի տակ նստած Կոմիտասը գիրք կարդալիս: Նկարի մի կողմում հենց այն գորգն է ցուցադրված, որի վրա նստած է վարդապետը, իսկ մյուս կողմում նույն սափորն է, որ պատկերված է նկարչի կտավում…

Բոլոր սրահներում կոմիտասյան հոգեպարար երգի ելեւէջներն են թեւածում` թրթռուն, նուրբ, զգայական, անկեղծ եւ անաղարտ…

Թանգարաններին բնորոշ սառը, պարտադրող ճնշվածությունն այստեղ չես զգում, հակառակը` ասես լույս է կաթում… ԼՈՒՅՍ, ԼՈՒՅՍ, ԼՈՒՅՍ… Ու Կոմիտասը՝ ողբերգական, բայց լուսավոր, դրամատիկ, բայց վեհացնող…

Կոմիտասի թանգարանը միայն սոսկ թանգարան չէ, այն ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած, մշակութային գործուն կառույց է, ունի համերգասրահ, մշտական ցուցադրության եւ ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն: Կառույցի շրջանակներում կգործեն գիտահետազոտական կենտրոն, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն:

Մեր այցելության պահին համերգային դահլիճում «Կարին» ավանդական երգի-պարի համույթն էր հանդես գալիս «Պարը եւ մանուկը» համերգ-դասախոսությամբ: Թանգարանում բազմաթիվ դպրոցականներ կային…

Ճարտարապետ Արթուր Մեսչյանը լիահույս է, որ՝ «Կոմիտասի թանգարանը կբերի որոշակի որակական փոփոխություն մեր մտածողության եւ մեր մշակութային հոգեբանության մեջ: Թանգարանը հոգեւոր մաքրման վայր կլինի»:

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #14 (1083) 16.04.2015 – 22.04.2015, Հոգևոր-մշակութային


16/04/2015