Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՈԻՍԱՆԿԱՐԻՉԸ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ



Հակոբ Բերբերյանը լուսանկարիչ է: Այս անունը մակդիրի կարիք չի զգում: Ղարաբաղյան շարժման վավերագրողներից մեկն է: Նա իր ֆոտոխցիկով Արցախյան հաղթանակի հիշարժան պահերը անմահացրել է սերունդների համար: Նրա օբյեկտիվը ֆիքսել է հաղթանակի խորհրդանիշներին` Պետոյին, Բեկորին, Շահեն Մեղրյանին, Դուշման Վարդանին և շատ ուրիշների: Եվ այդ սև ու սպիտակ լուսանկարները, որոնք վաղուց արդեն ճանաչելի են յուրաքանչյուրին, ձեռք են բերել, այսպես ասած, պաշտոնականի համարում:

Հակոբը հիշում է, թե ինչպես առաջին անգամ գործուղվեց Արցախ:

-1990թ. հունվարին, երբ Երասխավանի բախումների ժամանակ զոհվեց Մովսես Գորգիսյանը, մենք մեկնեցինք Արցախ,- հիշում է Հակոբ Բերբերյանը: -Այդ ժամանակ աշխատում էի «Կոմունիստ» օրաթերթում: Բնականաբար կոմունիստական թերթերը չէին կարող շարժումը գովաբանել, բայց թշնամի էլ չէին, ամեն ինչ շատ լավ հասկանում էին, գիտեին, որ չպայքարող, չպատերազմող ժողովուրդը դատապարտված է կործանման:

Մայրս չգիտեր, որ ես Արցախում եմ, իսկ հայրս` պատերազմ անցած օդաչու, երբ իմացավ, որ Շուշի եմ գնացել, շատ վախեցավ: Ասացի` դու պատվով ես կռվել քո բաժին կռիվը, իսկ հիմա իմ հերթն է: Ծանոթներիցս շատերն ասում էին` մի՛ գնա, քեզ պետք չէ հազար տարի, պատասխանում էի` հազար տարի պետք չէ, բայց մոտակա 50 տարին անհրաժեշտություն է:

Պատերազմը վավերագրող լուսանկարիչը, այնուհանդերձ, ցավով է արձանագրում, որ կատարված աշխատանքը քիչ է, որ ավելին կարելի էր անել: Պատճառներից մեկը նա համարում է այն, որ Ղարաբաղում գտնվող շատ լրագրողներ պատերազմական իրադարձություններ նկարելու փորձ չունեին:

-Անձամբ ես շատ աշխույժ եմ եղել, շատ եմ շրջել, բայց մյուս կողմից էլ մեզ չէին թույլատրում շատ բաներ լուսաբանել, ի տարբերություն արտասահմանցի լրագրողների: Շատ նյութեր ստացել եմ ընկերներիս շնորհիվ, ովքեր ինձ իրենց հետ տանում էին մարտական հենակետեր: Այդպիսի մի օր Պետոյի վաշտին հանդիպեցի: Աղդամում էինք, ինձ խնդրեց, որ իրեն նկարեմ, ես շատ զարմացա, քանի որ նկարվել չէր սիրում, իր զոհվելուց 1-2 ամիս առաջ էր…

Պատերազմը մարդու կյանքում անջնջելի հետք է թողնում: Եվ միայն քչերին է հաջողվում իրենց արյունալի փորձն ու հոգու տառապանքը ոչ միայն հասանելի, այլև ուսանելի դարձնել սերունդների համար` իբրև Համազգային Զարթոնքի` Արցախյան գոյապայքարի գեղարվեստական վավերագրություններ, որպիսիք Հակոբ Բերբերյանի` 20-րդ դարավերջի ազգային-ազատագրական պայքարի հերոսական ակնթարթներն ու մեր Մեծ Հաղթանակի նվիրյալներին պատկերող բարձրարժեք լուսանկարներն են, որոնք այն լուռ, բայց և բացառիկ խոսուն վկայություններն են համընդհանուր-ժողովրդական ընդվզումի, որին իրենց անուրանալի մասնակցությունն են ունեցել նաև ռազմաճակատային ֆոտոլրագրության առաջամարտիկները: Հակոբ Բերբերյանն այսօր էլ մասնագիտական իմացության և արված գործի նշանակությունն ու արժեքը գնահատելով է հիշատակում իր այն «զինակից» ընկերների անունները (Մաքս Սիվասլյան, Ռուբեն Մանգասարյան, Հակոբ Պողոսյան, Գագիկ Հարությունյան, Զավեն Խաչիկյան, Մարտին Շահբազյան, Գերման Ավագյան…), որոնց լուսանկարչական խիզախումներում, ինչպես ինքն է արտահայտվում՝ «Մենք ենք, մեր բաղձալի Հաղթանակը, որի մասին այդքան երազել էինք: Առանց որի դժվար կլիներ պատկերացնել մեր վաղվա օրը…»:

Սոսե ՄՈՒՐԱԴՅԱՆ

Խորագիր՝ #14 (1083) 16.04.2015 – 22.04.2015, Հոգևոր-մշակութային


16/04/2015