Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ՄԵՆՔ ԵՆՔ



Հայոց Մեծ եղեռնից անցել է 100 տարի, սակայն այսօր էլ Թուրքիան չի ընդունում իր մեղքը: Եվ չի ընդունելու: Ինչո՞ւ: Որովհետեւ մարդկային այդ ցեղին խորթ են արդարամտությունը, ապաշխարանքն ու կարեկցելու ունակությունը: Նրանք այդ կանեն միայն աշխարհի ուժեղների պարտադրանքով: Հենց նրանց մեղսակցությամբ հնարավոր եղավ իրագործել ազգակործան այդ արհավիրքը: Ամեն ինչ սկսվեց 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակներից: Հենց այդ ժամանակներից ի հայտ եկավ Հայկական հարցը: Առաջին համաշխարհային պատերազմը միայն առիթ էր իրագործելու իրենց հայաջինջ մտադրությունը: Այդ հրեշավոր գաղափարի իրագործմանը օգնեց եւ անմիջական մասնակցություն ունեցավ Գերմանիան: Իսկ Անգլիան, ԱՄՆ-ը եւ մյուսները լուռ դիտորդի դերում էին եւ անտարբեր մասնակիցը այդ ամենի: Ինչ վերաբերում է Ցարական Ռուսաստանին, ապա նա էլ այդ մեղսագործության անմիջական մասնակիցն էր` իր անգործությամբ եւ իր դաշնակցին տեր չկանգնելու անկարողությամբ:

Սիրելի՛ հայ զինվոր, այսօր եւս դրված է մեր ազգի լինել-չլինելու հարցը, այսօր էլ աշխարհի ուժեղները զբաղված են իրենց ազգային շահերով, եւ մեր միակ հույսը մնում ես ԴՈՒ՝ մեր խելքն ու խելամտությունը: Այնտեղ, որտեղ կռվել է հայը, եթե անգամ չի հաղթել, ապա գոնե փրկվել է: Այդպես է եղել 100 տարի առաջ, այդպես է Արցախյան շարունակվող պատերազմում, այդպես է լինելու հետայսու:

Սիրելի՛ հայ զինվոր, դու պարտադրված ես լինել ուժեղ, խիզախ, անձնազոհ եւ անողոք թշնամու հանդեպ: Հիշի՛ր, որ քեզ հետ եւ քո կողքին է Հայաստանում ապրող յուրաքանչյուր հայ, իսկ մեր թիկունքին կանգնած են աշխարհասփյուռ 10 մլն հայեր:

Եղի՛ր առողջ, ուժեղ, խիզախ եւ թշնամու հանդեպ անողոք:

Քեզ միշտ սիրող եւ քեզնով հպարտացող երկու զինվորների հայր,

Արցախյան պատերազմի
մասնակից, բժիշկ
Վիկտոր ԲԱԲԱՍՅԱՆ

Խորագիր՝ #14 (1083) 16.04.2015 – 22.04.2015, Հոգևոր-մշակութային, Պատմության էջերից


16/04/2015