ԲԺՇԿԱԿԱՆ ԷԹԻԿԱՆ ՆՈՒՅՆՔԱՆ ԿԱՐԵՒՈՐ Է, ՈՐՔԱՆ ԲԺՇԿԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆԸ…
Զրույց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ ԱՐԱՄ ԱՍԱՏՈՒՐՅԱՆԻ հետ
-Պարոն Ասատուրյան, երբ Դուք նշանակվեցիք ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, ես, սովորականի պես, փորձեցի հասկանալ կատարված կադրային փոփոխության տրամաբանությունը: Բայց Ձեր կենսագրությունը երկար ուսումնասիրելու կարիք չեղավ, որովհետև Ձեր համբավը Ձեզնից շուտ հասավ Երևան: Ասում են, որ հենց Ձեր անվան հետ է կապվում Մեխակավանի հոսպիտալի վերածնունդը:
-Մեխակավանի հոսպիտալը, իրոք, անմխիթար վիճակում էր…
-Երբ հեռացաք Մեխակավանի հոսպիտալից և ծառայության անցաք Երևանի Կենտրոնական հոսպիտալում, Ձեր անձնակազմը խոսում էր վարդապատ տարածքի, բարեկարգ շենքի ու այլ հարմարությունների մասին:
-Հոսպիտալը սպասարկում էր մի քանի պաշտպանական շրջան: Ուստի մեր գերխնդիրն էր հոսպիտալը ծառայեցնել իր նպատակին:
-ՊՆ կենտրոնական հոսպիտալում խնդիրները մի փոքր այլ են: Որո՞նք էին թիրախային ուղղությունները, ի՞նչը կարևորեցիք, ինչի՞ց սկսեցիք նոր պաշտոնում նշանակվելուց հետո:
-Երբ պաշտպանության նախարարը հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ մտադրություն ունի ինձ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ նշանակելու, ես խնդրեցի ժամանակ տալ, որպեսզի հասկանամ աշխատանքի ծավալները, առկա խնդիրների բարդությունը և դրանք համադրեմ իմ հնարավորությունների հետ:
-… Հիմա քչերն են կասկածում իրենց հնարավորություններին և երկմտում պաշտոնի նշանակվելիս:
-Գիտեք, ես մեծ ջանքերի գնով էի վաստակել իմ բարի անունը ու բնակչության վստահությունն իմ հանդեպ ու չէի կարող խաչ քաշել այդ ամենի վրա՝ ձախողվելով նոր պաշտոնում: Այն մարդիկ, ովքեր ոչինչ չեն ստեղծել, կարող են անհաջող էքսպերիմենտներ անել… ովքեր չունեն պատասխանատվության, պարտքի զգացում: Ես շատ բան ունեի կորցնելու: Երեք օր, երեք գիշեր չեմ քնել…
-Ինչի՞ հետ էր կապված մտավախությունը:
-Բանակի գլխավոր հոսպիտալը պիտի հավակնի շատ բարձր չափանիշների, աշխատանքի ծավալները շատ մեծ են: Այստեղ առանձնացրինք գործունեության մի քանի կարևոր ուղղություն: Առաջինը՝ բժշկական. զինվորական կոլեկտիվում ճիշտ փոխհարաբերություններ ստեղծելն էր: Մենք ամրագրեցինք փոխգործակցության, փոխօգնության և «մենք»-ի գաղափարը: Պարզ ասեմ՝ եթե վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկների համար մեկ է, թե ինչ հաջողություններ ունեն վիրաբուժական բաժանմունքի բժիշկները, եթե նրանք իրենց հոսպիտալի վիրաբույժների հաջողությունները իրենցը չեն համարում և չեն ցավում նրանց ձախողման համար, ապա մենք էական ձեռքբերումներ չենք ունենա: Մյուս խնդիրը վերաբերում էր պետ-ենթակա փոխհարաբերություններին: Ղեկավարը իր անձնակազմի յուրաքանչյուր անդամի ընկերն է, մտերիմը և բարեկամը: Ու միայն այն ղեկավարը կարող է իր ենթակայից արդյունավետ աշխատանք պահանջել և հասնել հաջողության, որը սիրված ու հարգված է վերջինիս կողմից իր սրտացավության, մարդկայնության, արդարամտության ու հոգատարության պատճառով: Հաջորդ խնդիրը վերաբերում էր բժշկի մասնագիտական էթիկային: Ի տարբերություն մյուս մասնագիտությունների՝ կարեկցանքը, գթասրտությունը, հոգատարությունը հիվանդի հանդեպ բժշկի մասնագիտական պարտքն են: Այստեղ կան չգրված օրենքներ, որոնք նույնքան կարևոր են, որքան բժշկի մասնագիտական հմտությունները:
-Մի անգամ լսեցի Ձեր կատակը՝ «Աշխարհում ձրի բան չկա, թերևս՝ միայն թակարդում և մեր հոսպիտալում»: Իսկ չար լեզուներն ասում են, որ եթե ցանկանում ես բարձրորակ դեղերով բուժվել, ապա պետք է բերես դրսից, այլապես հոսպիտալում քեզ կտան էժանագին դեղեր:
-Ձեր տեղեկությունները մի քիչ հնացած են: Դրանք կհամապատասխանեին իրականությանը, եթե գոնե տարիուկես առաջ բարձրաձայնեիք: 2014թ.-ին կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ ՊՆ-ի կարիքների համար կարող ենք որոշակի քանակությամբ բրենդային դեղորայք ձեռք բերել: Այդ դեղերի արդյունավետությունը որոշ չափով զիջում էր բրենդային դեղերին: Այսօր մենք օգտագործում ենք բրենդային դեղեր, և զինծառայողները ամբողջովին ապահովված են բարձրորակ դեղորայքով:
-Պարոն Ասատուրյան, ինչի՞ հետ է կապված այն տարածված մտայնությունը, թե քաղաքացիական բուժհիմնարկները ավելի բարձր բուժսպասարկում են տրամադրում, քան պաշտպանության նախարարության հոսպիտալները:
-Անկեղծորե՞ն ասեմ…
-Իհարկե…
-Եթե դու ստիպված ես մեծ գին վճարել քեզ տրամադրվող բուժօգնության համար, ակամայից հակված ես մտածելու, որ այն ավելի բարձրորակ է, քան ձրի տրված բժշկական սպասարկումը: Սա առաջինը: Երկրորդ՝ քաղաքացիական բուժհիմնարկների շքեղ տեսքը, հիվանդասենյակների հարմարավետությունը մեր հոսպիտալի համեմատությամբ՝ ուզես-չուզես ստիպում են վերապահումով վերաբերվել մեր հոսպիտալին: Մեր հոսպիտալի զորացրված բժիշկները այսօր համալրում են հանրապետության լավագույն կլինիկաները, նրանց ձեռքից ձեռք են խլում: Մեր հոսպիտալում այսօր աշխատում են հանրապետության լավագույն բժիշկները, դոկտորներ, բժշկական գիտությունների բազմաթիվ թեկնածուներ, հանրապետությունում եզակի մասնագետներ: Ի դեպ, կայազորային հոսպիտալները շատ ավելի մրցունակ են՝ համեմատած քաղաքացիական բուժհիմնարկների հետ, և ժողովուրդը մարզերում հոսպիտալները գերադասում է քաղաքացիական բուժհիմնարկներից:
-Ինչպե՞ս եք գնահատում միջին բուժանձնակազմի աշխատանքը: Ինչպիսի՞ կրթություն են ստանում նրանք, որտե՞ղ են վերապատրաստվում, որտե՞ղ են կատարելագործում իրենց մասնագիտական գիտելիքները:
-Այ դա, իրոք, ծրագրավորված մոտեցում պահանջող խնդիր է, որովհետև հիվանդի խնամքը բուժման ընթացքի ամենակարևոր բաղադրիչն է: Մենք փորձում ենք իրավիճակային որոշումներով ու գործողություններով շտկել դրությունը, միևնույն ժամանակ, մշակվում է արմատական բարեփոխման ծրագիր, ինչը հնարավորություն կտա սահմանել միջին բուժանձնակազմին ներկայացվող պահանջները, վերապատրաստել նրանց, և համապատասխան ատեստավորմամբ ծառայությունը շարունակելու հնարավորություն ընձեռել ներկայացվող պահանջներին համապատասխանող բուժծառայողներին:
-Ձեզ ծանո՞թ է այս արտահայտությունը՝ «Գնամ, մի քիչ հոսպիտալում լռվեմ»:
-Մեր հոսպիտալում «լռված» զինվորներ չկան:
-Այսինքն՝ հասկացա՞ք արտահայտության իմաստը…
-Իհարկե: Ես չեմ բացառում, որ որոշ զինվորներ կարող են ավելի երկար մնալ հոսպիտալում իրենց գանգատների պատճառով, մինչև բոլոր կասկածները փարատվեն: Ես դեմ եմ «սաչոկ» հասկացությանը առհասարակ: Եթե զինվորը բողոքում է առողջությունից և ասում է, որ բուժման կարիք ունի, ապա… եթե խնդիրը ֆիզիկական առողջության հետ կապված չէ, հաստատ՝ հոգեբանական է: Եվ պետք է խնդիրը լուծել ու միայն դրանից հետո զինվորին ուղարկել ծառայության:
-Ի՞նչ խնդիրներ ունի հոսպիտալը, ինչպիսի՞ն են հեռանկարային ծրագրերը:
-Պաշտպանության նախարարության թիվ մեկ հոսպիտալը պիտի լինի լավագույն կլինիկան Հայաստանում և՛ շենքային պայմաններով, և՛ մատուցվող բուժծառայությունների որակով, մինչդեռ այսօր մեր շենքային պայմանները չեն համապատասխանում ժամանակի պահանջներին, և հոսպիտալը չունի պրոֆիլավորված բաժիններ՝ նեղ մասնագիտացված:
-Ինչպե՞ս է պատահում, որ նույն մենինգոկոկցեմիա ախտորոշմամբ մի հիվանդը մահանում է, մյուսը՝ ապրում: Բժիշկների գործողությունները կապ ունե՞ն հիվանդության ելքի հետ …
-Ո՛չ, հիվանդության ելքը կապված է վիրուսի ագրեսիվության հետ: Այո՛, մենք մահվան դեպք ունեցանք մենինգոկոկցեմիայից: Այստեղ բժշկությունն անզոր էր, վիրուսը շատ ագրեսիվ էր, և հիվանդությունը կայծակնային ընթացք ունեցավ: Սա վերաբերում է նաև ատիպիկ թոքաբորբին:
-Շնորհավորում եմ Ձեզ հոսպիտալի հիմնանորոգված մասնաշենքի բացման կապակցությամբ: Վստահ լինենք, որ այն իր հերթին կբարձրացնի բուժսպասարկման որակը թիվ մեկ զինվորական հոսպիտալում:
-Շնորհակալություն:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր