Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿԱԹԵ ՆԺՈՒՅԳԸ ՍԱՆՁՈՂՆԵՐԸ



-Անցած ուսումնական տարվա ամառային փուլում մեր տանկիստները գերազանց կատարեցին մարտական պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները: Հերթական ուսումնական տարվա ձմեռային փուլն էլ հաջող ենք մեկնարկել եւ հուսով ենք, որ արդյունքները նույնպես կլինեն գերազանց,- վստահեցրեց զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Մանվել Գրիգորյանը:

Տանկային հավաքակայանի եռուզեռը ամենևին էլ չէր խոսում ծառայողական օրվա ավարտի մասին: Փողերը թշնամուն ուղղած այդ երկաթե հսկաները, ասես մարտից առաջ, «մեկ մարդու նման» շարվել էին ողջույնի: Մեղվի փեթակ հիշեցնող եռուզեռի մեջ ամենուր նկատելի ու տեսանելի էր հոգածության «ձեռքի» առկայությունը: Տանկիստները զբաղված էին իրենց ամրակցված տեխնիկայի սպասարկումով:

Մոտենում եմ մեխանիկ-վարորդներից մեկին, որը մի քանի անգամ դանդաղ, ինչ-որ բան հայտնաբերելու ակնհայտ վճռականությամբ պտտվում էր տանկի չորս բոլորը, մերթընդմերթ կռանում էր, ուղղվում: Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ա. Առաքելյանը ներկայացնում է շարքային Տիգրան Վարդանյանին: Նախ տանկիստից հետաքրքրվում եմ, թե այդ ի՞նչ խորհրդավոր պտույտներ էր տանկի շուրջն անում: Զինվորը ժպտալով պատասխանում է, որ դրանք մեխանիկ-վարորդի «սուրբ» պարտականությունն են. առաջին հերթին ինքը պարտավոր է տանկը զննել ու քննել դրսից, պետք է ստուգի` թրթուրները մաքո՞ւր են, սարքի՞ն, դիզվառելիքի կաթոցներ չկա՞ն, տաքացուցիչի կափարիչը բա՞ց է, թե փա՞կ և այլն: Հետո մեխանիկ-վարորդը կրկին անցնում է իր գործին` չափում է դիզվառելիքը, ստուգում է շարժիչի յուղը: Մինչ Տիգրանը տարված էր գործով, տանկի հրամանատար Անդրանիկ Սափերյանն ու նշանառու-օպերատոր, շարքային Սանասար Ծառուկյանը, որն, ի դեպ, «Տանկային բիաթլոնի» մասնակիցներից է և լավագույն նշանառուն, տանկի կառանը արագորեն տեղափոխեցին և ամրացրին ետնամասին: Այս ամենից հետո հնչեց վաշտի հրամանատար, կապիտան Էդուարդ Գրիգորյանի «Տեղերո՛ւմ» հրամանը և հաշված վայրկյաններում տանկիստները տեղավորվեցին իրենց հաստիքային տեղերում` կատարելու ստուգողական զննման մեջ մտնող ստուգիչ գործողություններ:

-Առավոտը բացվում է՝ տանկի հետ ենք, մութն ընկնում է՝ նրա հետ ենք: Սրանք ամենևին էլ ինչ-որ լիրիկական զեղումներ չեն, այլ իրողություն, որ կրկնվում է ամեն օր,- ասաց տանկի հրամանատարը:

-Շուտով կզորացրվեմ: Բայց, երբ մտածում եմ, որ էլ չեմ տեսնելու տանկս, չենք տեսնելու իրար, իրար չենք բարևելու, հոգիս տակնուվրա է լինում,- մեր զրույցին է միանում «Տանկային բիաթլոնի» լավագույն նշանառու, շարքային Սանասար Ծառուկյանը:

Իմ այն հարցին, թե նորմացույցով ինչքան ժամանակ է հարկավոր, որպեսզի տանկը պատրաստ լինի երթի, վաշտի հրամանատար, կապիտան Գրիգորյանը ասաց, որ գարնանային եղանակին, ազդանշանը ստանալուն պես, կես ժամ հետո, տանկը պետք է պատրաստ լինի երթի: Եվ որպես իր ասածի գործնական հաստատում, կապիտանը տվեց համապատասխան հրամանը: Անմիջապես գործի անցավ սերժանտ Տարոն Ստեփանյանի հրամանատարությամբ գործող անձնակազմը` մեխանիկ-վարորդ, շարքային Անդրանիկ Սարդարյան և նշանառու-օպերատոր, շարքային Նարեկ Զարոյան: Տանկիստները վարժ ու արագ, հմտորեն կատարեցին իրենց պարտականությունները և, կես ժամ էլ չլրացած, արդեն իրենց հաստիքային տեղերում էին` պատրաստ երթի:

Մոտենում եմ առաջադրանքը գերազանց կատարած տանկիստներին, շնորհավորում եմ, շնորհակալություն եմ հայտնում ու հետաքրքրվում` քանի հոգի են:

-Մեր տանկի անձնակազմը բաղկացած է չորս հոգուց` տանկի հրամանատար, մեխանիկ-վարորդ, նշանառու-օպերատոր և տանկը,- պատասխանում է տանկի հրամանատար, սերժանտ Տարոն Ստեփանյանը:- Տանկը մեր չորրորդ ընկերն է: Այո՛, նա մեր անդավաճան ընկերն է: Այս երկու տարիների ընթացքում նա ոչ մի անգամ մեզ հուսախաբ չի արել, ոչ մի անգամ ճանապարհին չի թողել: Որովհետև հասկանում է, որ իրեն սիրում ենք, փայփայում, երկաթից է, բայց հասկանում է: Տանկիստը պետք է սիրի իր տանկը, եթե չսիրեց, ուրեմն նա տանկիստ չէ: Մենք հավատում ու վստահում ենք իրար:

Եվ ինչպես չհավատաս, որ այս տղաների վարած տանկը թշնամին ի զորու չէ հաստատ կանգնեցնելու եւ չի էլ լինելու…

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #14 (1083) 16.04.2015 – 22.04.2015, Ազգային բանակ


16/04/2015