Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏԿԱՆՉԸ ԼԱՅՆՈՐԵՆ ՏԱՐԱԾԵՑ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ



ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Հաշվի առնելով Ֆրանցիսկոս պապի անկեղծությունը՝ զարմանալի չէր, որ նա բացահայտորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին մատուցած պատարագի ժամանակ:

Միակ մարդը, որ լրիվ անտեղյակ էր Պապի իրական մտադրություններից, Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Փաչաջին էր, որը երկու շաբաթ առաջ հոխորտալով հաղորդել էր թուրքական մամուլին, թե ինքը համոզել է Հռոմի պապին՝ մերժել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ բոլոր հայկական խնդրանքները:

Թուրք դեսպանը հայտարարել էր, թե իրեն հաջողվել էր.

-Չեղյալ համարել Հռոմի պապի այցը Երևան ապրիլի 24-ին.

-Համոզել պապին ապրիլի 24-ին պատարագ չմատուցել Վատիկանում.

-Ջնջել «Հայոց ցեղասպանություն» բառերը պապի ուղերձից Վատիկանում ապրիլի 12-ին մատուցվող պատարագի ժամանակ:

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները դեսպան Փաչաջիի պնդումները ներկայացրին որպես թուրքական դիվանագիտության խոշոր հաղթանակ և ջախջախիչ պարտություն հայերի համար:

Ճշմարտությունն այն է, որ Հռոմի պապը ո՛չ նախատեսել էր այցելել Երևան ապրիլի 24-ին, ո՛չ էլ այդ օրը պատարագ մատուցել Վատիկանում: Թուրքիայի դեսպանի երրորդ պնդումը, թե պապն իր ապրիլի 12-ի ուղերձում չի օգտագործի «Հայոց ցեղասպանություն» եզրը, այլ միայն «աղոթքներ կբարձրացնի բոլոր նրանց համար, ովքեր իրենց կյանքը կորցրել են 1915թ.-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ», ևս կեղծ դուրս եկավ:

Հակառակ դեսպան Փաչաջիի իսկական և երևակայական ճնշումների՝ Հռոմի պապը բացահայտ և երկարաշունչ հիշատակում արեց Հայոց ցեղասպանությանը ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում, որը տարածվեց ամբողջ աշխարհի հեռուստատեսություններով, ռադիոյով, մամուլով և համացանցով:

Արգենտինայում որպես կարդինալ Ֆրանցիսկոս պապը բազմիցս խոսել էր Հայոց ցեղասպանության մասին և երեք հիշատակում ներառել այդ հարցով իր «Երկնքում և երկրում» (2010 թ.) գրքում: 2013 թ. հունիսի 3-ին, շատ չանցած իր ընտրությունից, Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանությունը բնութագրեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

Վատիկանը հայերի զանգվածային սպանություններին առաջին անգամ անդրադարձել էր 1915 թ. սեպտեմբերի 10-ին, երբ Բենեդիկտոս 15-րդ պապը նամակով դիմել էր սուլթան Մեհմեդ 5-րդին՝ պահանջելով դադարեցնել անմեղ հայերի ջարդերը: Երկու անգամ՝ 2000 թ. նոյեմբերի 9-ին և 2001 թ. սեպտեմբերի 27-ին, Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը և Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես եկան Հայոց ցեղասպանությունը ճանաչող համատեղ հայտարարություններով:

Զարմանալի չէր, որ Թուրքիայի կառավարությունը շատ խիստ արձագանքեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հիշատակմանը և անմիջապես հետ կանչեց իր դեսպանին Վատիկանից: Դեսպան Փաչաջին այժմ հնարավոր է ազատվի իր պաշտոնից կեղծ պնդումներ անելու համար՝ թե իբր իրեն հաջողվել էր լռեցնել Հռոմի պապին Հայոց ցեղասպանության հարցում: Մինչդեռ թուրքական կառավարության չափազանց բուռն արձագանքը և Հռոմի պապի՝ իր ուղերձի համար ներողություն խնդրելու մերժումը միջազգային խորագրեր ստեղծեցին ամբողջ աշխարհի հեռուստացանցերում, կայքերում և թերթերում:

Վաղուց ծրագրված թուրքական ջանքերը՝ խոչընդոտելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, խեղդվեցին լրատվամիջոցների մեծ ուշադրության հորձանուտում՝ պայմանավորված Քարդաշյանների առաջին այցով Հայաստան և Հռոմի պապի Հայոց ցեղասպանության խիզախ վերահաստատումով հենց Ապրիլի 24-ից առաջ:

Թարգմանությունը՝
Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #14 (1083) 16.04.2015 – 22.04.2015, Հոգևոր-մշակութային, Պատմության էջերից


16/04/2015