ԻՄ ԵԶԴԻ ՆԱԽԱՏԱՏԵՐԸ. ՆՐԱՆՔ ՏԵՍԵԼ ԷԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1915 թվական… Փրկվեցին երկու եզդի աղջնակներ: Նրանք փախան ու ազատվեցին թշնամու սրից, սովից, ծարավից, Արաքսի խելագար ալիքներից: Իրենց ազգականների ու հարևանների հետ անցնելով սահմանը՝ նրանք հաստատվեցին Արևելյան Հայաստանում, որտեղ մեծանալու, ամուսնանալու և շատ երեխաներ էին ունենալու: Իգդիրը, Սուրմալուն, հայրենի գյուղը, հարազատ դաշտերը, լեռները, աղբյուրները հավերժ մնալու էին Արաքսի մյուս ափին: Աղջնակները տարիներ անց դառնալու էին օրիորդ, կին, մայր: Նրանց երեխաները նրանց անվանելու էին ընե (եզդիերեն՝ մայր, նանի): Նոր ընտանիքի զավակներն էլ իրենց ծնողների պես տատիկներին ընե էին կանչելու: Հետո այդ տատիկներին ընե էին ասելու նաև տան հարսները, թոռները, ծոռները…
Ես այդ մեծ գերդաստանի ծոռներից մեկն եմ:
1992 թվականն է, իմ մանկության կիսամութ, կիսացուրտ տարիներից մեկը: Ընտանիքի բոլոր անդամները տեղ են գնացել, իսկ ես պապիկիս մոր՝ մեր ընեի հետ նստած եմ խոհանոցում՝ փայտով տաքացվող վառարանի մոտ: Յոթ տարեկան եմ, նոր եմ դպրոցում սովորել տառերը. մոմի լույսի տակ կարդում եմ Թումանյանի «Լոռեցի Սաքոն».
Թե ինչպես ուրախ խըմբով միասին,
Ծուռը ոտներով, գիշերվան կիսին,
Թուրքերի կանանց կերպարանք առած,
Երևում են միշտ միայնակ մարդկանց…
Իմ մանկական երևակայությունը վառվում է, ինձ թվում է՝ տան կիսախավար անկյուններից մեկում ահա կտեսնեմ Թումանյանի նկարագրած չարքերին: Չեմ ուզում շարունակել ընթերցանությունը: Նստում եմ ընեի կողքին:
– Վախենում եմ, ընե՛:
– Ի՞նչ կա վախենալու:
-Վախենում եմ չարքերից:
-Չարքեր չկան, մի՛ վախեցիր: Մեծանաս, էլ չես վախենա:
-Ընե՛, դու փոքր ժամանակ չէի՞ր վախենում:
-Վախենում էի:
-Ինչի՞ց էիր վախենում, ընե՛: Դու էլ էիր վախենո՞ւմ թուրքի տեսքով չարքերից:
-Քեզ ո՞վ է պատմել այդ մասին:
-Կարդացել եմ, ընե՛: Գրքում գրված էր:
-Հա, երբ նոր էինք գետն անցել, վախենում էի: Ես ու քույրիկս մի քանի տարեկան էինք: Երկուսս էլ երկար ժամանակ գիշերները վախեցած արթնանում էինք, բղավում, լաց լինում:
-Ինչի՞ց էիք վախենում, ընե՛:
Մի պահ ընեն լռում է ու նայում ոտքերիս.
-Չե՞ս մրսում, ա՛յ աղջիկ: Գնա մի բան հագիր,- հետո շարունակում է:- Երբ թուրքերը գիշերով հարձակվեցին մեր գյուղի վրա, գյուղացիները վախեցած սկսեցին փախչել: Ես ու քույրիկս փոքր էինք: Հայրս ու հորեղբայրս մեզ թաքցրին ավանակի փալանի մեջ: Երբեմն ես գլուխս հանում էի, դուրս էի նայում, բայց մեծերը թույլ չէին տալիս: Հորեղբայրս ու հայրս իրենց ձեռքերին էին պտտել ավանակների պոչերը, որպեսզի կենդանիները չփախչեն ու չկորչեն: Հետո հիշում եմ, որ թրջվեցի. նորից գլուխս դուրս հանեցի. տեսա, որ գետի ալիքները ներքև էին քաշում ավանակին, իսկ մի քանի տղամարդ կենդանիներին հրում էին դեպի ափ: Վերջապես ափ հասանք: Մայրս, մորաքույրս ու մյուս կանայք լաց էին լինում: Ասում էին, որ գետը տարել է մեր հորեղբոր կնոջն ու աղջկան… Այլևս չտեսանք նրանց: Սգացինք սպանվածների ու կորածների համար, բայց շարունակեցինք ապրել: Մեր ընտանիքը բնակություն հաստատեց Արարատյան դաշտի Երասխահուն գյուղում: Ժամանակն անցավ, ես մեծացա, հայրս ինձ ամուսնացրեց գյուղի եզդի տղաներից մեկի հետ, ծնվեց քո պապիկը…
Տարիներ են անցել, բայց դեռ ականջիս հնչում է պապիկիս մայրիկի՝ մեր ընեի ձայնը: Ամեն անգամ, երբ գիշերը անջատում եմ տան էլեկտրական լույսերը, և սենյակներում կիսախավար է տիրում, հիշում եմ իմ մանկության այն մութ երեկոն, երբ առաջին անգամ ընեից լսեցի կոտորածի, սպանությունների ու փախուստի մասին: Ու ամեն օր լուսաբացին նորից հիշում եմ, թե ինչպես էր ընեն ամեն առավոտ աղոթում.
-Տե՛ր Աստված, օգնությա՛ն հասիր աշխարհի բոլոր ժողովուրդներին, օգնությա՛ն հասիր ճամփորդներին, զինվորներին, օտարության մեջ գտնվողներին: Տեր Աստվա՛ծ, աշխարհին խաղաղությու՛ն տուր, թող պատերազմ չլինի: Պահպանի՛ր մեզ կրակների ու ջրերի վտանգներից…
Նայում եմ հին լուսանկարին, որտեղ պատկերված են իմ երկու նախատատերը՝ մեր գերդաստանի երկու ընեները: Նրանցից մեկին ես տեսել եմ, նրանից սովորել եմ մեր լեզուն: Մյուսին՝ տատիկիս մայրիկին, չեմ տեսել: Կուզեի նրան էլ տեսած լինեի, ընե ասեի: Նա մեզ հետ չէ, նրա հոգին վաղուց միացել է կոտորածի ժամանակ զոհված ու կորած իր հարազատների հոգիներին: Եվ ես իմ հարցերն ուղղում եմ նրա դստերը՝ տատիկիս.
-Տա՛տ, իսկ քո մայրն ու հայրը ի՞նչ են պատմել ջարդի մասին, ինչպե՞ս են թողել Իգդիրն ու Սուրմալուն և փախել:- Նայում եմ տատիկիս աչքերին ու ասում. -Տա՛տ, դու նման ես Թալան ընեին:
-Իմ ընեն փոքր է եղել, երբ կոտորածի ժամանակ նրա ընտանիքը հայ հարևանների հետ անցնում էր Արաքսը: Ազգականները նրա մորն ասել են. «Մի կերպ փրկիր տղաներիդ, իսկ աղջկան՝ Թալանին, թո՛ղ… Երեխաները շատ են, ո՞նց ես բոլորին գետն անցկացնելու»: Նրա մայրը չի համաձայնել և կյանքի գնով իր բոլոր երեխաներին անցկացրել է Արաքս գետը:
Տատս մաքրում է իր արցունքներն ու շարունակում:
-Հայրս ասում էր. «Հարևան քրդերը սկսել էին դանակներ ու հրացաններ գնել բոլորից: Մեր փախուստից մի քանի օր առաջ մեր հարևան քուրդը, որ իմ մանկության ընկերն էր, եկավ մոտս ու ասաց, որ զենք է ուզում գնել: Ես մի կոտրված հրացան ունեի, որն ուղիղ չէր կրակում: Այդ փչացած զենքը ծախեցի քրդին, իսկ վերջում կատակով հարցրի.
-Ի՞նչ ես անելու հրացանը: Որսի՞ ես գնալու….
-Սիբանդո՛, այս հրացանով վաղը գալու եմ քեզ սպանեմ, – պատասխանեց քուրդն ու հեռացավ:
Ես նայում եմ տատիկիս հուզված աչքերին ու հարցնում.
-Հետո հայրդ չէ՞ր ափսոսում, որ զենք է վաճառել թշնամուն:
-Ո՛չ, ընդհակառակը, հայրս միշտ ասում էր, որ ինքը փչացած զենք է վաճառել թշնամուն: Դա կարծես բարոյական հաղթանակ լիներ հորս համար:
Նորից եմ նայում իմ նախատատերի լուսանկարին: Փորձում եմ լուսանկարի կանանց խստաբարո դիմագծերի մեջ գտնել մի դար առաջ ցեղասպանությունից փրկված այն փոքրիկ եզդի աղջնակներին: Մտքերս ինձ նախորդ դարից քաշում բերում են մեր օրեր: Այսօր էլ Սինջարում բազմաթիվ նման եզդի աղջնակներ կան: Նրանց հայրերն սպանվում են, եղբայրներն ու քույրերը գերի են տարվում, նրանք վախենում են, փախչում… Տեսնես՝ կկարողանա՞ն հաղթել, տեսնես՝ տարիներ հետո այդ եզդի աղջնակները ընե կդառնա՞ն:
Մի դար է անցել, բայց ոչինչ չի փոխվել: Այսօր էլ մարդկությունը խուլ է: Բայց ես չեմ կարող իմ նախապապի պես կոտրված զենք վաճառել թշնամուս, որպեսզի նա չկարողանա դրանով սպանել իմ բոկոտն ու անհայրենիք ազգակիցներին:
Ես, ավա~ղ, նույնիսկ բարոյական հաղթանակ տանել չեմ կարող:
Թերեզա ԱՄՐՅԱՆ
Խորագիր՝ #15 (1084) 23.04.2015 – 29.04.2015, Ճակատագրեր