ՀՈՒՇԱԿՈԹՈՂ՝ ԵԶԴԻ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հայաստանն այն երկրներից է, որտեղ ազգային փոքրամասնությունները ապրում են հավասար իրավունքով, իրենց զգում որպես երկրի լիիրավ քաղաքացիներ` Հայաստանը համարելով երկրորդ հայրենիք:
Ապրիլի 21-ին Երևանի Օղակաձեւ զբոսայգում, Հայ-Ռուսական բարեկամությունը և Ասորիների ցեղասպանությունը խորհրդանշող հուշարձաններից ոչ շատ հեռու կանգնեցվեց եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող աշխարհում առաջին հուշարձան-կոթողը: Նախաձեռնողը «Մեդիա Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության խորհուրդն է: Այն կյանքի է կոչվել եզդի բարերար Ռաշիդ Շամոյանի ֆինանսական աջակցությամբ:
ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանը, որը նաև հեղինակել է Լեոնիդ Ենգիբարյանի, Հովհաննես Շիրազի, Զորավար Անդրանիկի արձանները, հուշարձան-կոթողն ստեղծելիս գործածել է եզդի ժողովրդի ազգային սիմվոլները: Կոթողի վերևում եզդիների պաշտամունք արևն է, քիչ ներքևում Մալաքե Թաուսն է (ամենատես հրեշտակ սիրամարգը), եռանկյունին էլ խորհրդանշում է Լալիշա Նուրանին` եզդիների հոգևոր սրբատեղին: Հուշակոթողի կողքին տեղադրվել է հուշաղբյուր՝ նվիրված Իրաքի Շանգալ եզդիաբնակ տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ֆիզիկական ոչնչացման, գերության եւ ստրկության ենթարկված եզդիներին:
«Մեդիա Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Եզդի ժողովուրդը իր հազարամյա պատմության ընթացքում 74 ֆարմայի (ցեղասպանություն) է ենթարկվել` իր հավատը, ինքնությունը անաղարտ պահելու պատճառով: 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի կողքին հազարավոր եզդիներ ևս կիսեցին նույն ճակատագիրը` կոտորած, բռնագաղթ, հալածանք…
Այսօր էլ ցեղասպանությունները շարունակվում են ազգային, կրոնական հողի վրա, և եթե ժամանակին դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, արդեն մեր օրերում տեղի չէր ունենա Շանգալի ցեղասպանությունը»:
Մայրաքաղաքի սրտում վեր խոյացավ ցեղասպանությունը խորհրդանշող եւս մի հուշարձան-կոթող, որը հիշեցնում եւ պարտավորեցնում է՝ այլեւս թույլ չտալ որեւէ ժողովուրդ դառնա բռնության թիրախ, ցեղասպանության զոհ:
Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #15 (1084) 23.04.2015 – 29.04.2015, Բանակ և հասարակություն