Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՆՈԹԱՆԱՆՔ. Ո՞Վ Է ՎՈԼՖԳԱՆԳ ԳՈՒՍՏԸ



Հարգելի պարոն Գուստ

Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մեզ համար թանկ են Ձեզ նման ազնիվ լրագրողներն ու պատմաբանները, որոնք, որպես մասնագետ և որպես քաղաքացի, ջանք ու եռանդ չեն խնայում անաչառորեն փնտրելու, գտնելու ու վեր հանելու ճշմարտությունը:

Այս տարի, երբ աշխարհասփյուռ հայությունը և ողջ առաջադեմ մարդկությունը նշելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, առանձնահատուկ երախտագիտությամբ ենք հիշում բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել ցեղասպանության ուսումնասիրության գործին:

Շնորհակալություն Ձեր կատարած ծավալուն աշխատանքի և ցուցաբերած հստակ դիրքորոշման համար:

ՀՀ նախագահ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակախոս, լրագրող, պատմաբան, գրող Վոլֆգանգ Գուստը ծնվել է 1935 թվականին Հաննովեր (Գերմանիա) քաղաքում, ուսանել է Ֆրանկֆուրտում, Բոննում, այնուհետեւ՝ Թուլուզում (Ֆրանսիա), ստացել է տնտեսագետի որակավորում:

Աշխատել է «Շպիգել» հայտնի ամսագրում՝ որպես արտասահմանյան բաժնի գլխավոր խմբագիր: 1970-1977թթ. նույն բաժինը վարել է Փարիզում: Այնտեղ եղած ժամանակ էլ ծանոթացել է Հայկական հարցին, երկար ժամանակ զբաղվել է Արցախի եւ հայերի ցեղասպանության խնդիրներով: 1993 թվականից՝ որպես ազատ հրատարակիչ եւ հեղինակ, բազմաթիվ փաստագրական աշխատություններ, հոդվածներ, նամակներ, գրքեր է հրատարակել հայերի ցեղասպանության վերաբերյալ, որոնք գրված են Հայկական հարցին վերաբերող Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվներում պահված փաստերի ու ակտերի հիման վրա:

Վ. Գուստի երկար տարիների համառ, քրտնաջան ու անհավատալի դժվար աշխատանքի արդյունքը եղավ 2005թ.-ին Մեծ եղեռնի 90- ամյակին հրատարակած «Հայերի ցեղասպանությունը» մեծածավալ փաստագրական աշխատությունը, որը մեծ նվեր էր հայ ժողովրդին ու համայն առաջադեմ մարդկությանը:

Ինչպես անձամբ խոստովանում է գերմանացի գրողը՝ հայկական հարցով զբաղվելու հետաքրքրությունը առաջացավ Փարիզում աշխատած տարիներին, երբ մի գիրք կարդացի մի երիտասարդի մասին, որը հետապնդումներից խուսափելու համար ստիպված է եղել շարունակ թաքնվել:

-Հերոսը ինձ մի հայ երիտասարդի հիշեցրեց, որի կյանքն էլ հետապնդումներով էր անցել Թուրքիայում, եւ նա ստիպված տեղափոխվել էր Եվրոպա ու կարոտախտով էր տառապում: Ես մի փոքրիկ ակնարկ գրեցի մեր ամսագրում («Շպիգել») այդ մասին: Հրատարակման հաջորդ օրը մեր գրասենյակը շրջապատեցին երկու հարյուրից ավելի թուրքեր եւ, տարբեր սպառնալիքներ բացականչելով, ակնարկի հերքում էին պահանջում: Ինձ «հերքումի» պահանջը շատ զարմացրեց, եւ ես մի քսան-քսանհինգ կամավորների հրավիրեցի իմ առանձնասենյակ զրուցելու: Պարզվեց, որ նրանցից ոչ մեկը չէր կարդացել ակնարկը ու տեղյակ էլ չէին, թե ինչի մասին է այն: Այնուհետեւ, թեյից չհրաժարվելով, խոստովանեցին, որ իրենց հրամայել են գալ այստեղ ու գոռգոռալ, թե ինչու, իրենք էլ չգիտեն: Եվ ահա նրանց ճանապարհելուց հետո որոշեցի, որ ավելի լուրջ պիտի զբաղվեմ Հայկական հարցի ուսումնասիրությամբ,- նշում է Վոլֆգանգ Գուստը:

Գերմանացի հրապարակախոսը նշանակալից մասնակցություն է ունեցել նաև 2005 թվականի մարտի 24-ից 26-ը Դյուսբուրգի (Գերմանիա) Վոլֆսբուրգ Կաթոլիկ Ակադեմիայի` հայոց Ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ կազմակերպած կոնֆերանսին, որի ժամանակ առաջին անգամ ներկայացրել է իր աշխատությունը: Իր կնոջ հետ նա ուսումնասիրել է Գերմանիայի արտգործնախարարության արխիվը և պարզել, որ Լեփսիուսի հիշատակած Հայոց ցեղասպանության զոհերի թիվը` 1,5 միլիոն, նույնիսկ քիչ է ներկայացված: Վոլֆգանգ Գուստը պնդում է, որ օսմանյան կառավարությունը հայերին ոչնչացնելու հատուկ ծրագրած նպատակ է ունեցել, և դա հաստատում են ժամանակի շատ հայտնի գերմանական դիվանագետների վկայակոչած բազմաթիվ փաստերն ու վկայագրերը:

Պատրաստեց Բ. ՄՈՎՍԻՍՅԱՆԸ

Խորագիր՝ #15 (1084) 23.04.2015 – 29.04.2015, Պատմության էջերից


22/04/2015