Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ- 50



Ապրիլի 21-ին լրացավ Արցախյան ազատամարտի նվիրյալ, Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-րդ տարեդարձը: Տարեդարձի առթիվ հիշատակի և ոգեկոչման միջոցառում էր կազմակերպվել հերոսի հայրենի գյուղում, որն այժմ կրում է նրա անունը:

Թաթուլ Կրպեյանը մեկն էր այն քաջարի հայորդիներից, ովքեր Արցախյան ազատամարտի տարիներին շատերի պես զենք վերցրին և մեկնեցին ռազմաճակատ՝ պաշտպանելու հայրենիքը: Ազգային ազատագրական պայքարի նվիրյալն ու մեծ հայրենասերն իր ապրած կարճ, բայց իմաստալից կյանքով սերունդների համար իրավամբ հայրենիքին անմնացորդ նվիրվելու վառ օրինակ դարձավ:

Ավանդույթի համաձայն՝ հերոսի ծննդյան օրը նրա հայրենի գյուղը կրկին բազմամարդ էր: Բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, ուսանողներ, դպրոցականներ, պատանի երկրապահներ և, իհարկե, Թաթուլի հարազատներն ու ընկերները եկել էին մեկ անգամ ևս հարգելու հերոսի հիշատակը, արժևորելու քաջարի հայորդու սխրանքը:

Ներկաները նախ եղան հերոսի հայրական տանը, որը պաշտպանության նախարարության աջակցությամբ շուտով կվերածվի տուն-թանգարանի: Բարձրաստիճան հյուրերի հաջորդ կանգառը Թաթուլ Կրպեյանի շիրիմի մոտ էր, որտեղ ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհվեցին Ազգային հերոսի հիշատակը հավերժացնող հուշաքարին, կատարվեց հոգեհանգստի կարգ:

Հաջորդիվ տեղի ունեցած հանդիսավոր միտինգի ընթացքում ներկաներին իր օրհնությունը բերեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և այլք: Բոլորն էլ միաբերան փաստեցին, որ Թաթուլը առաջիններից մեկն էր, որ հայրենիքի համար ծանր ու բախտորոշ պահին նետվեց ազատագրական պայքարի հորձանուտը՝ կորուսյալ հայրենիքի փափագը սրտում: Եվ հենց այդ նվիրական փափագին հասնելու ճանապարհին Կրպեյանը չխնայեց ոչինչ՝ անգամ սեփական կյանքը: Եվ հատկանշական է, որ Արցախյան ազատամարտում ընդհատված նրա կենսագրության էջերը մինչ օրս էլ երիտասարդության համար ոգեշնչման ու հայրենասիրության յուրօրինակ դաս են:

Հանդիսավոր միջոցառմանը գեղարվեստականություն հաղորդեցին Թ. Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցի սաները, որոնք արտասանեցին հերոսի բանաստեղծություններից, ինչպես նաև ՊՆ «Զորական», «Սարդարապատ» համույթների սաները, մի շարք երգիչ-երգչուհիներ:

Խորագիր՝ #15 (1084) 23.04.2015 – 29.04.2015, Բանակ և հասարակություն


22/04/2015