ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Ես հայոց բանակի սպա եմ: 2002 թվականին ավարտել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Արմատներով տավուշից եմ: Զինծառայությանս առաջին տարիները անցկացրել եմ ծննդավայրիս սահմանամերձ զորամասերից մեկում:
Ապրիլի 24-ին կնշվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այսօր հայ զինծառայողի համար շատ դժվար է մտածել, որ իր ազգին ինչպիսի դաժանությամբ են սրի եւ հրի քաշել, մի ամբողջ ազգի տեղահանել հայրենի հողից:
Եթե մենք այն ժամանակ ունենայինք այնպիսի հզոր բանակ, ինչպիսին ունենք այսօր, չէր լինի ցեղասպանություն, մեր հայրենակիցները չէին ապրի եղեռնի զարհուրելի սարսափը, ցավն ու ողբերգությունը:
Այսօր մենք հպարտ ենք մեր հզոր բանակով:
Այսօր կարող ենք ոչ միայն պաշտպանել մեր երկրի սահմանները, այլեւ ըստ արժանվույն հակահարված տալ թշնամու յուրաքանչյուր ոտնձգությանը:
Այլեւս չփորձեք հատել մեր սահմանը, ներխուժել մի երկիր, որը ձերը չէ, այլապես կպատժվեք, ինչպես պետք է: Մենք` զինվորներս, խոստանում ենք ձեզ…
մայոր Ա. Հովսեփյան
♦♦♦
Եսարեւմտահայի թոռ եմ: Պապս ու տատս գաղթել են Խոյի Սալմաստ գավառից: Այդ տարածաշրջանից ներգաղթածների մի ճյուղը հասել է Գանձակի մոտակա մի ամայի տարածք եւ հիմնել հայկական Խոյլար (այսինքն` խոյեցիներ) գյուղը: Տեղի ադրբեջանցիները նրանց այնտեղից էլ են տեղահանել թուր-թվանքով: Խոյեցիները, այս անգամ էլ թողնելով իրենց բնօրրանը, նորից են փախել՝ հասնելով Խանլարի շրջանի (նախկինում` Ելիզավետպոլ) մոտակա Սուլուք գյուղ, որտեղ ծնվել եմ ես:
Իրավամբ ինձ համարում եմ խոյեցի, որքան էլ տարիներ անց տեղափոխվեցինք Կիրովաբադ: 1988թ.-ին մեզ այդտեղից տարհանեցին, ու մենք նորից դարձանք փախստական:
Շուրջ 27 տարի է, ինչ բնակվում եմ Հայաստանում: Տարիներ առաջ հրաժարվել եմ փախստականի կարգավիճակից, համարվում եմ Հայաստանի լիիրավ քաղաքացի, ապահովված եմ աշխատանքով, բնակարանով, ունեմ ընտանիք, զավակներ: Սակայն սրտիս մեջ մնացել է մի կարոտ: Դա հարազատ ծննդավայրի, հայրական օջախի հանդեպ ունեցածս կարոտն է:
Վալինա Առաքելյան
♦♦♦
Գարնանային արեւոտ ու պայծառ օրերին Նեկտար տատը նստում է տան դարպասների մոտ: Կկոցած ու ծերացած, թախծոտ աչքերով կարծես աշխարհին իր հոգու ցավն է պատմում… Այս ու այն կողմ է նայում՝ ասես շարունակ իրեն հասկացող մեկին փնտրելով…
Նեկտար Ալադուզյանը Մուսալեռան ինքնապաշտպանության հերոս, հայդուկապետ Թովմաս Աբդունուրյանի դուստրն է, որը պատահականությամբ կամ հրաշքով փրկվել է օսմանցիների յաթաղանից: Մեկ դար ապրած Նեկտար տատիկը Մուսալեռի Խդրբեկ գյուղից է: Արհավիրքի օրերից քիչ բան է մտաբերում` միայն հորն է հիշում ու մեկ էլ ֆրանսիական «Դյուշեն» նավը, որով հասել են Եգիպտոս` Պորդ Սայիդ: Նեկտար տատը պատմում է, որ ֆրանսիացիներն են իրենց փրկել: Քսանականներին վերադարձել են հայրենի Խդրբեկ: Ձերբակալվել է հայրը` հայդուկապետ Թովմասը, եւ ընտանիքի ողջ ծանրությունը` հինգ եղբայրների դաստիարակության դժվարին գործն ընկել է Նեկտար տատի ուսերին: Թուրքական հետապնդումներից խուսափելով՝ ստիպված են լինում կրկին թողնել հայրենի գյուղն ու այս անգամ փախչել Բեյրութ: Հենց այստեղ էլ ընտանիք է կազմում Նեկտար տատը: Ամուսինը Ֆրանսիական բանակի սպա Տիգրան Ալադուզյանն էր, կրկին մուսալեռցի:
Հայրենադարձվում է 1939 թվականին:
Հինգ զավակների մայր Նեկտարն այժմ թոռներից Արմանի տանն է ապրում: 12 թոռ ունի, 33 ծոռ եւ 8 կոռ: Իրեն երջանիկ մայր է համարում Նեկտար տատը. «Թուրքը քանդեց տունս, բայց ես նորից ոտքի ելա…»:
Հայկ Մագոյան
Խորագիր՝ #15 (1084) 23.04.2015 – 29.04.2015, Ճակատագրեր