Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՁՈՆԵՐԳ ԳԵՂԵՑԻԿԻՆ ՈԻ ԿՅԱՆՔԻՆ



Եղեռն վերապրած հայ արվեստագետների ստեղծագործություններում մահվան դուռը հասած մարդու հոգում զարթնող կյանքի և բարության հաղթանակի հավատն է:

Այդպիսին է, օրինակ, ընտանիքի տասնմեկ անդամներից միակ ողջ մնացած ԶԱՐԵՀ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ վրձնած «Դիակներ» պատկերաշարը: Նրա մանկության օրերի սիմվոլիկ, բանաստեղծական արտահայտությունն է «Լքված նավակը»:

Փարիզի «Ռեվյու մոդեռն» ամսագիրը (1937, N10) Պ.ԿՈՆՏՐԱՋՅԱՆԻ մասին գրել է. «Նա կարողանում է լրիվ թարգմանել, վերարտադրել այն հույզը, որ ապրում է նատուրայի առջեւ…»:

Ոճային ինքնատիպությամբ Իտալիայում ճանաչում է գտել ԺԵՐԱՐԴՈ (ԺԻՐԱՅՐ) ՕՐԱԳՅԱՆԻ արվեստը: Միմյանց փարված աղքատ մարդկանց ու որբեր ներկայացնող նրա գործերում առինքնում է գեղանկարային լռակյաց մթնոլորտը ջերմացնող բարեսրտության ոգին: Նույն ոգով է առաջնորդվել Օրագյանի հռոմյան տարիների դասընկերը՝ Եգիպտոսում ապրած Բյուզանդ Կոջամանյանը:

Դառը հիշողությունների գերազդեցիկ արձագանք է ՔԵՐՈ ԱՆԹՈՅԱՆԻ վարար գետի նմանող «Գաղթը»:

Ուշագրավ է, որ նույն ժամանակաշրջանում ի հայտ եկած սյուրռեալիզմ ուղղությունը պարարտ հող գտավ հայ արվեստագետների բեկված հոգիներում: Եվ այն, ինչը կարող էր երեւակայության ծնունդ լինել, հայ նկարչի համար կենդանի պատկեր էր, անմոռաց ցավ: Այլաբանականի ու իրականի միահյուսումը նրանց արվեստը տոգորեց գերզգացմունքայնությամբ ու արտահայտչական լեզվի խիստ ինքնուրույնությամբ: Կտրված ձեռք, ճեղքված ուղեղ, կախաղանի պարան, մարդկային դեմք հիշեցնող սարսափահար ծառ, այս ամենը, օրինակ, ԼԵՎՈՆ ԹՅՈՒԹՈՒՆՋՅԱՆԻ կտավներում բացահայտում էր ապրված մղձավանջներ:

«Հայու սարսափելի ճակատագիրը իմս է եղած նաև առաջին իսկ օրերուն, երբ կկորսնցնեի հայրս ու կտեսնեի հազարավոր անտունիներ, որոնք կքշվեին Դեր Զոր…» , – գրել է ԳԱՌԶՈՒՆ:

«Ցեղասպանություն» պատկերաշարը, որում պատմական ճշմարտության վարագույրը բացել է մինչեւ վերջ: Չորս տասնյակի հասնող նկարների այս շարքը ԺԱՆՍԵՄԸ ցուցադրել է Փարիզում, ապա նվիրաբերել Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
Ֆրանսիացի տեսաբան Ք. Բլանը Ժանսեմի մասին գրել է. «Կորուսյալ հոգիներն իրենց ապաստանն են գտել բանաստեղծ-նկարչի մոտ: Նա կտավին է հանձնել այն, ինչը աշխարհը չկարողացավ տեսնել: Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են»:

Արմիս. «Ընտանիք»

Գառզու. «Սև արև»

Օննիկ Ավետիսյան. «Անտիկ ողբասացներ»

Բյուզանդ Կոջոմանյան. «Մայրը»

Ժիրայր Օրագյան. «Աղոթողներ»

Ժանսեմ. «Որբ տղան»

Ժանսեմ. «Խաչելություն»

Խորագիր՝ #15 (1084) 23.04.2015 – 29.04.2015, Հոգևոր-մշակութային


22/04/2015