Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԻՊՈՒԿ ԿՐԱԿՈՑ



ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասում ենք: Հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Լալա Բաղդասարյանի աշխատասենյակում փոքրիկ իրարանցում է. «Քաջարի մարտիկ» կրծքանշանով է պարգեւատրվում Հարություն Մելոյանը:

Մարտի 12-ին ժամկետային զինծառայողը դիտարկում իրականացնելիս հայտնաբերել է հակառակորդի` առաջադրանքի կատարմանը նախապատրաստվող դիպուկահարին եւ խոցել նրան: Պարզվել է` վերջինս հետախուզական վաշտի հրամանատար էր: Մարտի 13-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ հայկական կողմը «խախտել է հրադադարի ռեժիմը» եւ սպանել Ադրբեջանի բանակի զինծառայողին: Հակառակորդը վերջինիս ներկայացրել էր որպես «հայկական ագրեսիայի զոհ»: Իսկ թե ինչ է եղել իրականում, պատմում է շարքային Մելոյանը:

Առաջին օրը ո՛չ դեմքը երեւաց, ո՛չ հասակը, ո՛չ էլ զենքը: Բայց նա դիրքում էր` ընդամենը 100 մետր այն կողմ: Նրա ներկայությունը թշնամու հենակետում ոգեւորություն էր առաջացրել. բարձր ծիծաղում էին, հայհոյում մեզ: Հավանաբար վստահ էին` շուտով իրենց հյուրը մեկիս հախից կգա: Ադրբեջանցի զինվորների շարժն աշխուժացել էր` արագ-արագ մի կողմից մյուսն էին քայլում, ձեռք էին վեր պարզում` թաքնված մնալով խրամատում: Այս ամենը չէր վրիպել մեր դասակի հրամանատարի` լեյտենանտ Մանուկ Բաղդասարյանի աչքից: «Սրանից լավ հոտ չի գալիս,- հանգիստ ասաց նա, ապա հրամայեց,- հանկարծ չկրակե՛ք, սադրանք է»: Պարզ էր` նրանց հյուրը դիպուկահար էր, որ եկել էր առաջադրանք կատարելու: Բախտը դեռ չէր բերել. մեզնից եւ ոչ մեկը չէր խախտել անվտանգության կանոնները: Ես կանգնել էի խրամաբջիջում` նրան տեսնելու, նկատելու, րոպե առաջ հայտնաբերելու միտումով: Որքան հողը ոտքերիս տակ պինդ, նույնքան էլ երերուն էր. մտածում էի` «Բայց ես նույնիսկ ճանճ սպանած չկամ, հիմա արդյոք պատրա՞ստ եմ…»: Մի քիչ շփոթված էի:

Ես հետախուզական դասակի դիպուկահար եմ: Կրակային առաջին պարապմունքի ժամանակ վաշտի հրամանատարն ասել էր` «Դիպուկ ես, համբերատար, աչքերդ էլ մեծ են (սա, իհարկե, կատակով), հետախուզական դասակում կծառայես»: Մի անասելի հպարտություն զգացի այդ պահին. չէ՞ որ հայրս` Աղասին էլ Արցախյան պատերազմին մասնակցել էր որպես դիպուկահար: Առաջին հերթափոխի ժամանակ սրտումս ե՛ւ վախ կար, ե՛ւ հուզմունք, ե՛ւ լարվածությունն էր մեծ: Հետո մարտական հերթապահությունը սովորական դարձավ. նույն սաղավարտը, նույն զրահաբաճկոնը, նույն զենքը եւ նույն հակառակորդը, որի ուղղությամբ կրակելու առիթ չէի ունեցել: Եվ ահա առաջին անգամ պիտի գործի դնեի զենքս, դիպուկահարի ունակությունս: Սպասում էի: Մի կերպ գիշերը լուսացավ, իսկ նա այդպես էլ չէր «հայտնվում»: Մարտի 12-ն էր: Տղաները վստահ էին` «Հաստատ հիասթափվել է, հավաքել ունեցած-չունեցածը և հեռացել»: Իսկ ես հակառակը` զգում էի, որ դեռ այնտեղ է եւ կմնա այնքան, մինչեւ կրակի…

Կանգնել էի խրամաբջիջում եւ ասես հետապնդում էի մեկին, որը ե՛ւ կար, ե՛ւ ոչ: Մեկ-մեկ թվում էր` ճարպկորեն անհետանում է իմ տեսադաշտից… Երեք ժամ կանգնելուց հետո արդեն հույսս կտրել էի, երբ հանկարծ հայտնաբերեցի նրա սեւ գլխարկը: Այն «շարժվում էր» դեպի մոտակա ավերակ տունը, որ խրամատը բաժանում է երկու հավասար մասի: Նա կրակային դիրք զբաղեցրեց: Ես էլ: Հասկանում էի` ընդամենը մեկ կրակոցի հնարավորություն ունեմ. եթե վրիպեմ, հաջորդ պահին նա կխոցի ինձ:

Սխալվելու վախ կար, պարզապես փորձեցի չմտածել այդ մասին… Եվ երբ երեւաց նրա գլուխը, սեղմեցի ձգանը… Նրա սեւ գլխարկն ընկավ, հետո էլ ինքը տապալվեց… Ես ոչ թե մարդ էի սպանել, այլ չեզոքացրել էի մահացու վտանգը: Երբ իջա գետնատնակ, տղաները, մեկը մյուսին հերթ չտալով, ամուր փաթաթվեցին ինձ: Իսկ ես մտածում էի` այսօր ես փրկեցի նրանցից մեկի կյանքը…

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
կապիտան

Խորագիր՝ #15 (1084) 23.04.2015 – 29.04.2015, Ազգային բանակ


22/04/2015