Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԵՏԱՐԱՆԻ ԼՈՒՅՍՈՎ



ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանի խոսքը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առիթով

Կանգնած լինելով հայոց ողբի հարյուրամյա տարելիցի շեմին՝ մեր պարտքն ենք համարում հետադարձ հայացքով և ինքնաքննմամբ գտնել այն արատի հիմքերը, որոնք հանգեցրին դարի առաջին ցեղասպանությանը: Սակայն ո՛չ պատմական փաստերը, ո՛չ էլ մարդկային ամենավառ բանականությունն ի զորու չեն հիմավորել այնպիսի դաժանություն, որն իրեն թույլ տվեց մի «ազգ», մի «ժողովուրդ», որի ամբողջ պատմությունը ողողված է արդար արյան հեղման և մշակին իր բնօրրանից կտրելու անգթությամբ: Սկսելով 1894 թվականից և իր գագաթնակետին հասնելով 1915-ին՝ հայոց ցեղասպանությունը, թուրք մոլեռանդ գլուխներում, առ այսօր իր ավարտին չի հասել: Ահա այս տեսական և տեղ-տեղ գործնական վայրագությունը փաստելու են գալիս այն հոխորտումները, որ երբեմնի Մեծ Հայքի տեղում պիտի հառնի Մեծ Թուրանը: Վերջինիս դրսևորումներին այսօր էլ ենք ականատես լինում` հանձինս տարբեր տեսակի սադրիչ գործողությունների, որոնք խրախուսվում, ծրագրվում և հովանավորվում են «մեծ թյուրքի» կողմից և իրականացվում վերջինիս «կրտսեր եղբոր» արնակարոտ ձեռքով: Մեզ համար անգամ մեկ հայ զինվորի կյանքը խլելն այն նույն պատմական ոճրագործության շարունակությունն է, որի հետ չի ցանկանում առերեսվել ներկայիս Թուրքիան, որը բաց չի թողնում հնարավորությունը՝ եվրոպական բարձր ամբիոններից ստահոդի բղավելու, որ թուրքը հետայսու քաղաքակիրթ, մարդկային նոր որակներով օժտված և եվրոպական արժեքներով ապրող մեկն է, որն իր և իր երկրի ապագան տեսնում է եվրոպական ընտանիքի կազմում: Վերջին հարյուր տարվա ընթացքում Թուրքիայի կողմից տարբեր փորձեր կատարվեցին` խուսափելու ցեղասպանության պատասխանատվությունից: Ակամա մտաբերում ենք Ղուկասի Ավետարանի այն հատվածը, ուր Հիսուս ասում է. «Վա՜յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ օրենսգետներիդ եւ փարիսեցիներիդ, որ մարգարեների շիրիմներն եք շինում եւ արդարների գերեզմաններն եք զարդարում ու ասում եք. եթե մենք մեր հայրերի օրոք լինեինք, մարգարեների սպանութեանը մասնակից չէինք լինի։ Ապա ուրեմն դուք ինքներդ ձեր մասին վկայում եք, թէ որդիներն էք նրանց, որոնք կոտորում էին մարգարեներին։ Ուրեմն դուք էլ լրացրէ՛ք ձեր հայրերի արածը»:

Որպես զինված ուժերի հոգևոր առաջնորդ՝ մենք մեր պարտքն ենք համարում հայ զինվորին և հայ սպային սնելու Հիսուս Քրիստոսի Ավետարանի լույսով, պատմական արդարության վերականգնման տեսլականով և գիտակցության այնպիսի բարձր մակարդակով, որը մեզ ավելի միասնական և ավելի ուժեղ պիտի դարձնի: Հայոց բանակի բացակայությունը և հայի՝ օտար բանակի կազմում կռվելը, իր բացասական շոշափելիությունը ունեցավ այդ ողբերգական օրերին: Ուստի, այսօր կարևորելով Հայ Առաքելական Եկեղեցու և Հայոց Բանակի միասնությունը՝ զինված ուժերում ծառայող յուրաքանչյուր հոգևորականի համար հոգևորից զատ կարևորվում է նաև ազգայինի սերմանումը՝ հավատարիմ մնալով մեր եկեղեցու ամբողջական անվանը՝ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի», որը դասվում է ազգային եկեղեցիների շարքին:

Մենք, բոլորով հանդերձ ջանք ու եռանդ չպետք է խնայենք, որպեսզի այսօրվա քաղաքակիրթ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որը մեզ համար ոչ թե ինքնանպատակ պայքար է, այլ մեր նախնիների և մեր հետագա սերունդների առաջ ունեցած պատասխանատվության բարձր գիտակցում: Այս պայքարի հաղթանակն է, որ քրիստոնյայի արժանի պատասխանը կլինի վայրագ թուրքին: Այս պայքարի հաղթանակն է, որը խնկի նման պիտի բարձրանա առ Աստված, որպես աղոթք միլիոնուկես հայորդիների հոգու խաղաղության համար, որոնք իրենց հանգիստը պիտի գտնեն միայն ու միայն արդար հաղթանակից հետո: Այս պայքարի հաղթանակն է, որ Հայոց տան հետագա սերունդներին պիտի փոխանցվի՝ որպես հուսալիության երաշխիք, որ նրանք երբեք չեն տեսնելու այն ջարդն ու գաղթը, որ տեսան իրենց նախնիները: Այդ կոտորածը արնահորդ մի ճանապարհորդություն էր, որը մեր նախնիներին խլեց մեզանից, խլեց երկրային զինվորյալ եկեղեցուց, սակայն հաղթանակած քաղաքացին դարձրեց երկնային այն Երուսաղեմի, որտեղ արդար հատուցմանն են սպասում Քրիստոսի բոլոր ծառաները, որոնք ընկան վասն հավատո և վասն հայրենյաց: Պատահական չէ, որ առաքելական Մայր Եկեղեցին, կաթողիկոսանիստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ գլխավորությամբ Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը` գլխավորությամբ Արամ Ա-ի, ինչպես նաև աղոթակից հոգևորականաց ողջ դասի ու հավատացյալ հայ ժողովրդի՝ սույն թվականի ապրիլի 23-ին նախընթաց պիտի խախտեն դարավոր լռությունը և նորից Միածնաէջ Մայր Աթոռից ազդարարեն սրբոց նոր ու հզոր աստղաբույլի ծնունդը: Միլիոն ու կես նահատակ հայորդիներ պիտի հռչակվեն որպես լուսեպսակավոր սրբեր, որոնց բարեխոսությունը և զորավիգությունը պիտի սփռվի հայոց զինվորյալ տաճարի կամարներից ներս՝ ի բարօրություն արարող հայի և ի հարատևություն առ Քրիստոսն ունեցած ճերմակաթույր հավատքի: Մարդկությունը դարերի ընթացքում բոլոր գանձերն ու հարստությունները փնտրել է ընդերքում, շահագործել հանքեր, պեղել թանկարժեք գտածոներ և փորձել օգտակար հանածոների շնորհիվ հարստացնել իր պետությունը՝ իր ազգի համար կերտելով լուսաշող ապագա: Սակայն հայը գիտակցության այն որակի կրողն է, որը թույլ է տալիս հոգևոր հարստությունը վեր դասել նյութական հարստությունից և հայացք հառել ոչ թե ընդերքին, այլ երկնին, որի գանձերն ավելի անգին են, ավելի արդար և ավելի ազնիվ` համաձայն Տիրոջ խոսքի. «Ձեզ համար հարստություն մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը փչացնում են, կամ գողերը, ձեր պատը քանդելով, ներս են մտնում և գողանում այն: Այլ ձեր հարստությունը երկնքում դիզեցեք, որտեղ ցեցն ու ժանգը չեն կարող փչացնել այն, և ոչ էլ գողերը կարող են ձեր պատը քանդելով ներս մտնել և գողանալ. Որովհետև որտեղ ձեր հարստությունն է, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը» (Մատթ. 6:19-21):

Մեր իղձն ու բաղձանքն է, որպեսզի հայոց Մեծ եղեռնի հարյուրերորդ գարնանը բացվի արդարության ծաղիկը, որը հարյուր տարի կսկիծը սրտում ապրած հայ ժողովրդի համար կլինի բուժիչ բալասան և արդարության հաղթանակ: Թո՛ղ Աստված իր լուսավոր կամարների տակ պահի Հայոց ցեղասպանության զոհ մեկևկեսմիլիոն հայորդիների հոգիները և օրհնի ու հաղթանակով պսակի մեր հարյուրամյա պայքարը:

Ամեն։

Խորագիր՝ #15 (1084) 23.04.2015 – 29.04.2015, Հոգևոր-մշակութային, Պատմության էջերից


22/04/2015