Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԵՐԱԾՆՈՒՆԴՆ Է



Հատված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովում ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ելույթից

…100 տարի առաջ հայ ժողովուրդը վերապրեց իր պատմության ամենամութ և դաժան էջը: Արհավիրքը, որ բաժին ընկավ մեր նախնիներին, իրոք աննախադեպ էր իր մասշտաբներով, սակայն այսօր, 100 տարի անց, ոգեկոչելով իր զոհերին՝ հայ ժողովուրդը համայն աշխարհին ներկայանում է անկախ պետությամբ, ազատ Արցախով, հայապահպանության և հանուն Հայաստանի զարգացման արժեքներով ապրող կենսունակ սփյուռքով՝ համամարդկային քաղաքակրթության զարգացման մեջ նոր ներդրումներ ունենալու ձգտումով:

Այս ամենի հիմքը հայ ժողովրդի վերածնունդն է: Թերևս հենց այստեղ դրսևորվեց մեր ժողովրդի ամենագլխավոր հատկությունը՝ չնայած բոլոր դժվարություններին և դժբախտություններին, համամարդկային արժեքների հանդեպ հավատը պահպանելու, իր մեջ կառուցելու և արարելու ուժ գտնելու ունակությունը: Արդեն 1918թ. վերականգնվեց դարեր առաջ կորսված հայկական պետականությունը: Այնուհետև, խորհրդային ժամանակներում հայ ժողովուրդը ստեղծեց հոգևոր և նյութական բազում արժեքներ՝ մասնակցելով համաշխարհային գիտական և մշակութային շտեմարանի հարստացմանը: Հայ ժողովրդի վերածննդի գագաթնակետը 1991 թվականի համազգային զարթոնքն էր, Հայաստանի նորանկախ Հանրապետության անդամակցությունը ինքնիշխան պետությունների համաշխարհային ընտանիքին:

Հայ ժողովուրդը վերածնունդ ապրեց ոչ միայն իր հայրենիքում, այլև Սփյուռքում: Հայոց ցեղասպանության հետևանքով աշխարհի տարբեր երկրներում ապաստան գտած հայորդիները հաջողությամբ ինտեգրվեցին իրենց ընդունած հասարակություններում՝ միևնույն ժամանակ պահպանելով հայկական ինքնությունը և Հայաստանի հետ խոր կապի գիտակցումը:

Ուստի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մենք բաց ճակատով ենք և վստահաբար հայտարարում ենք, որ այն, ինչին ցանկանում էին հասնել Հայոց ցեղասպանության կազմակերպիչները, չի հաջողվել: Ավելին, հայ ժողովրդին ոչնչացնելու փորձին մեր պատասխանը պետականության կառուցումն է, մեր վերածնունդն է, որն այսօր այլևս անշրջելի է:

Խորագիր՝ #15 (1084) 23.04.2015 – 29.04.2015, Պատմության էջերից


22/04/2015