Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՍԿՎԱՆ ՊԵԿԻՆԻՆ ԿՎԱՃԱՌԻ C-400 ՀԱՄԱԿԱՐԳԵՐ



Ռուսաստանը Չինաստանին կվաճառի իր նոր հզոր զենքը՝ հակահրթիռային պաշտպանության նորագույն C-400 համակարգը:

Զենքն արտադրող ռուսական ընկերության պնդմամբ՝ այն կարող է խոցել միաժամանակ 36 նպատակակետ և կիրառվել ռադարների վրա լավ չերևացող ստելս-ինքնաթիռների և բալիստիկ հրթիռների դեմ:

Չինաստանն առաջին երկիրն է, ուր կարտահանվի C-400-ը:

Բանն այն է, որ Չինաստանն արդեն մի քանի տարի պնդում է այս սպառազինությունը ներկրելու հարցը, սակայն Ռուսաստանը մտավախություն ունի, որ Չինաստանը զենքը կպատճենի (ինչպես արդեն արել է ռուսական ինքնաթիռների հետ):

Անցյալ տարի ռուսական «Վեդոմոստի» թերթը գրել էր, որ Չինաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են վաճառքի մասին: Իսկ այս տարվա ապրիլի 13-ին սպառազինությունների արտահանման հարցերով ռուսական պետական ընկերության ղեկավարը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հաստատել է, որ երկու երկրները պայմանագիր են կնքել C-400-ի վաճառքի մասին: Այս որոշումն առայժմ չի հրապարակվում:

Չինական բանակում C-400-ի առկայությունը ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի վրա:

Հիշեցնենք, որ Չինաստանն արդեն գնում է ռուսական արտադրության C-300 համակարգը, որի հեռահարությունը 300 կմ է, այնպես որ՝ նրա շառավղի մեջ է մտնում միայն Թայվան կղզու օդային տարածության մի մասը: Ինչպես գրում է ամերիկյան Defense News թերթը, C-400-ի տեղադրումը (հեռահարությունը 400 կմ) թույլ կտա ոչ միայն տարբեր նպատակակետեր խոցել Թայվանի երկնքում, այլև կընդլայնի հեռահարությունը մինչև Նյու Դելի, Հանոյ և Սեուլ:

Այս գործարքով խիստ անհանգստացած է նաև Ճապոնիան, որը Չինաստանի հետ վիճարկում է Արևելաչինական ծովում գտնվող Սենկակու արշիպելագի պատկանելության հարցը:

Պատրաստեց Նաիրա ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #16 (1085) 30.04.2015 – 6.05.2015, Ռազմական


30/04/2015