ՄԵԶ ԳՐՈՒՄ ԵՆ
Այն ազգը, որ իր սուրբ մեռելներին պաշտել չգիտե, ապրելու իրավունք չունի:
Գարեգին Նժդեհ
«Լեռնային Հայաստան». ճարտարապետական եզակի մի շինություն, որ իր վեհ թեւերով կարծես ձուլվել է լեռանն ու նրան փարված անտառին:
Այս վեհ շինությունը հոգատար ծնողի պես հյուրընկալում է հազարավոր մարդկանց՝ ազատամարտի հերոսներին, նրանց ծնողներին, այրիներին ու զավակներին, վիրավոր ազատամարտիկներին:
Հայաստանի գողտրիկ ու գեղատեսիլ վայրերից մեկում՝ Դիլիջանում գտնվող այս առողջարանը ամիսը երկու անգամ իր գիրկն է ընդունում մեր հերոսների հարազատներին: Այս անգամ էլ մեզ էր հյուրընկալել: Այստեղի՝ հոգին ու մարմինը կազդուրող մթնոլորտը ուժ տվեց մեզ: Դիլիջանցին էլ իր բնության պես հոգատար ու մեղմ վարմունքով սփոփեց սրտում խոր վիշտ պահած հանգստացողներիս: Կարճ ժամանակում այստեղ հանգստացողներս դարձանք հարազատ ու յուրային:
Շնորհակալ ենք մեր պետությունից այս հնարավորությունն ընձեռելու համար: Սա, իրոք, ժողովրդի նկատմամբ հոգատարության դրսեւորում է:
Շնորհակալություն ենք հայտնում «Լեռնային Հայաստան»-ի տնօրինությանը՝ մեզ սրտաբաց ընդունելու, բուժանձնակազմին՝ մեր առողջությունը վերականգնելու, ճաշարանի անձնակազմին` հոգատար վերաբերմունքի համար… Շնորհակալություն նույնիսկ այն շարքային զինվորին, որ օր ու գիշեր հսկում էր առողջարանի մուտքը և սիրով ժպտում էր մեզ…
Ռամինա Հարությունյան՝ զոհված ազատամարտիկ
Սուրեն Մնացականյանի այրի