Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ԴԻՎԻԶԻԱՆ



Պատերազմի առաջին օրերին կազմավորվեցին ազգային դիվիզիաները: 1936թ. ռազմաճակատ մեկնեց նաև Մյասնիկյանի նախաձեռնությամբ կազմավորված 11-րդ բանակի առաջին հայկական 67-րդ դիվիզիան: Հետագայում իրար հետևից կազմավորվեցին հայկական 390, 261, 408-րդ դիվիզիաները:

1941թ. օգոստոսին Լենինականում կազմավորվում է մեր` 409-րդ դիվիզիան, և ապա՝ 1942 թ. վերանվանվում հայկական:

Դիվիզիայի հրամանատար նշանակվեց գնդապետ Արտաշես Վասիլյանը, կոմիսար` Արշալույս Հայրապետյանը, հրամանատարի տեղակալներ` գնդապետ Իվան Պրոկոպենկոն, գնդապետ Ստեփան Ստեփանյանը, քաղբյուրոյի պետ Լիպարիտ Վարդանյանը: Դիվիզիայի կազմում էր 15 000 զինվոր ու սպա: 1942թ. նոյեմբերին Անդրկովկասյան ռազմաճակատի հրամանատարության հրամանով դիվիզիան, առանց կանգառի, Լենինականից մեկնում է Գրոզնի-Մոզդոկ հատվածի ռազմաճակատ և առանց նախապատրաստվելու անցնում մարտի:

1942թ. ամռանը 89-րդ հայկական դիվիզիան ռազմաճակատում հայտնվում է նեղ վիճակում՝ կրելով մեծ կորուստներ, որի համար էլ շտապ Արտաշես Վասիլյանին տեղափոխում են 89-րդ դիվիզիա՝ որպես հմուտ ու փորձառու հրամանատար: Այդ օրերին ծանր մարտեր էին մղվում նաեւ Գրոզնիի ուղղությամբ, որտեղ էլ հերոսաբար զոհվում է Վասիլյանը: Նրան փոխարինում են Սարգսյանը, ապա` Սաֆարյանը:

409-րդ դիվիզիայի հրամանատար է նշանակվում Գլադկովը, որին փոխարինում են Դոբրոլյուբովը, Ստորաստինը և վերջապես՝ Գրեչանինը՝ 1944թ. փետրվարից մինչև Հաղթանակ:

Գերակշիռ ուժ ունեցող թշնամու հարձակման ժամանակ առաջին իսկ օրերին անփորձ ու անվարժ մեր զորամասերը տվեցին մեծ կորուստներ: Սակայն չընկճվեցին և անցան հարձակման: Այնուհետև 44, 58, 37 և 9-րդ բանակների հետ միասին ազատագրեցին Մինվոդի, Սուվորով, Ստավրոպոլ, Արմավիր, Սերգիեւսկ քաղաքներն ու շրջակա բնակավայրերը: Այնուհետև ազատագրեցին Չեչենո-Ինգուշեթիան ու Կրասնոդարի երկրամասը: Մեր դիվիզիան ընդհուպ մոտեցավ Թամանյան թերակղզուն:

Թշնամին նահանջի ժամանակ քանդում էր ամեն ինչ` երկաթուղիները, կայարանները, կամուրջները, շենքերն ու շինությունները: Այդ ընթացքում մերոնց հաջողվեց հասնել Ռոստովի մարզի Միլորովոյի ռազմաճակատ: Այդ օրերին միաժամանակ տեղի էր ունենում Օրյոլ-Կուրսկ-Բելգորոդ ճակատամարտը. Գերմանիան մարտի էր նետել 30 դիվիզիա, այդ թվում` 7 տանկային:

409-րդ դիվիզիան 46-րդ բանակի կազմում 1943թ. հուլիսի 12-ին շարժվեց Միլերովոյի ուղղությամբ, ապա Հյուսիսային Դոնի ափերով անցավ Ստարոբելսկ, Բորովոյե, Իզյում և այլ քաղաքներով՝ գիշերով հաղթահարելով հարյուրավոր կիլոմետրեր եւ ազատագրելով Բեսպոլովկա, Պասիկի, Կլենովկա քաղաքները:

1943թ.-ի ամռանը մեր 409-րդ դիվիզիան համառ մարտեր էր մղում Ուկրաինայի ազատագրման համար: Հուլիսին գերմանական զորամասերի ՍՍ կորպուսի գնդերը մեծ ուժերով հարձակման անցան Բելգորոդ-Օրյոլ-Կուրսկ ուղղությամբ: Այդ ընթացքում մեզ հաջողվեց հարձակողական հարվածով անցնել Դնեպրի աջ ափ եւ անընդհատ կատաղի մարտեր մղելով՝ 1944 թվի հունվարին մեր զորքերին հաջողվեց ազատագրել Ուկրաինայի խոշոր արդյունաբերական կենտրոն Կիրովգրադը:

Կիրովգրադի ազատագրման համար դիվիզիան վերանվանվեց 409 հայկական Կիրովգրադյան, եւ արժանացավ Բոգդան Խմելնիցկու շքանշանի:

1944 թ. փետրվարին, շարունակելով գրոհը հարավարևմտյան ուղղությամբ, դիվիզիայի զորամասերը հասան մինչև Կրիվոյ Ռոգ, ազատագրեցին ամբողջ Ուկրաինան: 1944թ. մարտին 409-րդ հայկական դիվիզիան 7-րդ և 46-րդ բանակների կազմում առաջինը դուրս եկավ Խորհրդային Միության սահմանից և կասեցրեց թշնամու մուտքը Քիշնև: Օղակի մեջ ընկան թշնամու տասնյակ դիվիզիաներ: Ազատագրեցին Ռումինիան ու Մոլդովան: Գերվեց թշնամու 2015 զինվոր ու սպա, 2 գեներալ:

1945թ. մարտի 25-ի գիշերը 409-րդ հայկական դիվիզիան, 7-րդ բանակի հետ միասին կոտրելով թշնամու դիմադրությունը, անցավ հարձակման եւ ապրիլի 4-ին ազատագրեց Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավը: 409-րդ դիվիզիան անվանակոչվեց Կիրովգրադյան-Բրատիսլավյան Բոգդան-Խմելնիցկու շքանշանակիր Հայկական դիվիզիա:

Չեխոսլովակիայի ազատագրման օրերին ծանր մարտերի ընթացքում դիվիզիան կորցրեց ավելի քան 210 զինվոր ու սպա, վիրավորվեցին 75-ը: Սկսվեց դիվիզիայի երկար ու ծանր արշավանքը` ազատագրելով եվրոպական մի շարք պետություններ ու բնակավայրեր:

89-րդ և 409-րդ հայկական դիվիզիաները միակն էին մյուս հայկական դիվիզիաներից, որ կարողացան պահպանել իրենց մարտունակությունը մինչև Հաղթանակի օրը: Նրանք իրենց մարտական ուղին սկսեցին Հյուսիսային Կովկասից և վերջացրին Պրահայում ու Բեռլինում:

409-րդ դիվիզիան կազմալուծվեց 1945թ. հուլիսին, Պրահայում: Մեծահասակները զորացրվեցին, վերադարձան հայրենիք, երիտասարդները համալրեցին 7-րդ գվարդիական բանակի զորամասերը:

Փառք ու պատիվ բոլոր զոհվածներին ու վետերաններին, որոնք հերոսաբար մասնակցեցին Հայրենական պատերազմին ու կասեցրին ահեղ թշնամու մուտքը Խորհրդային Միություն, այդ թվում` Հայաստան, և հասան ցանկալի Հաղթանակի: Նրանց սխրանքն անմահ է:

Սարիբեկ ԱՍԼԱՆՅԱՆ
409-րդ դիվիզիայի վետերան

Խորագիր՝ #16 (1085) 30.04.2015 – 6.05.2015, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


30/04/2015