Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՏԱՂ



Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան արարողություններից մեկը մատաղն է։
Տակավին նախաքրիստոնեական շրջանում շատ ժողովուրդներ իրենց կուռքերին ու չաստվածներին գոհություն ու փառք մատուցելու նպատակով բազմապիսի զոհաբերումներ էին կատարում։ Նրանց թվում էր նաեւ հայ ժողովուրդը։ Սակայն փրկչական 301 թվականին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո, Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը, ժողովրդի մեջ արմատացած հեթանոսական զոհաբերությունների վերաիմաստավորման միջոցով ողորմածություն եւ կարոտյալներին օգնություն ցուցաբերելու հնարավորություն տեսնելով, դրանք քրիստոնեականացրեց. «Ժողովրդին հրամայեց, որ մեռելոտի կուռքերի նվերների փոխարեն, որ նախկինում մատուցում էին, միակ Աստծուն նվիրեն նվերներ անբան կենդանիներից՝ օրհնության (այսինքն՝ օրհնված) աղ խառնելով»։
Ըստ Ստ. Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանի», «մատաղ» նշանակում է ջահել կենդանի, որը կրոնական արարողությամբ իբրեւ զոհ մորթվում եւ եփվելուց հետո բաժանվում է աղքատներին։ Իսկ Ս. Գրիգոր Տաթեւացին «մատաղ» բառն ստուգաբանում է «մատուցիր աղ»։ Ըստ Տաթեւացու՝ մատաղը «նախ՝ ընծա(ներ) է (են) Աստծուն։ Երկրորդ՝ փրկության հույս է…։ Երրորդ՝ աղքատասիրություն եւ ողորմություն է։ Չորրորդ՝ ննջեցյալների հիշատակ»։
Սկսած Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի ժամանակներից՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում ընդունված սովորություն է՝ Տերունական եւ նշանավոր սրբերի տոներին, Սբ. Սեղան հաստատելու առթիվ, կիրակի օրերին եւ այլ պատեհ առիթներով Սբ. Պատարագից հետո մատաղ անելը, որպեսզի հավատացյալները Սբ. Պատարագի ժամանակ Տիրոջ պատվական ու կենարար մարմինն ու արյունը ճաշակելուց հետո անմիջապես անսուրբ կերակուր չընդունեն, այլ նախ մատաղի օրհնված միս ուտեն եւ ապա այլ կերակուրներ։ Նշենք, որ մատաղ էր արվում նաեւ ննջեցյալների հիշատակին եւ իբրեւ հոգեհաց բաժանվում աղքատներին ու կարոտյալներին։ Ի տարբերություն անցյալի, այսօր մատաղ է արվում ուխտի, ուխտագնացությունների, որեւէ փորձանքից ազատվելու կամ հաջողության հասնելու համար՝ Աստծուն գոհություն եւ փառք մատուցելու նպատակով։
Մատաղի նյութերն են կենդանին եւ աղը։
Ընդունված կարգի համաձայն՝ մատաղի կենդանին կարող է լինել արջառ, ոչխար, գառ, աքաղաղ եւ աղավնի։ Թեեւ այսօր ընդունված է մատաղ անել միայն արու կենդանիների, բայց հնում ընդունված է եղել նաեւ էգի զոհաբերումը. «Թէ որձ է եւ թէ էգ, ոչ է խոտելի»։
Քանի որ մատաղն Աստծուն մատուցվող ընծա է, ապա մատաղացու կենդանին պետք է արդար վաստակի արդյունք լինի (եւ ոչ թե, ինչպես այսօր է տարածված, մուրացիկությամբ ձեռք բերված վաստակի), ընտիր եւ գեր, որովհետեւ «ընտիրը մեր աչքին սիրելի է, ինչպես Իսահակը՝ Աբրահամի», եւ որպեսզի մատաղն Աստծուն «հաճելի լինի, ինչպես Աբելինը եւ ոչ [անհաճո], ինչպես Կայենինը»։ Խեղանդամված ու արատավոր կենդանուն չի կարելի մատաղ անել, «որովհետեւ Աստծո բաժինը պետք է ընտիր լինի եւ ոչ թե անարգ»։
Ի դեպ, մատաղացու կենդանուն եկեղեցի մտցնելն արգելվում է։ Եկեղեցի միայն աղն են տանում օրհնելու համար։
Մատաղի երկրորդ նյութը, ինչպես վերը նշեցինք, աղն է։ Ըստ Ս. Ներսես Շնորհալու եւ Ս. Գր. Տաթեւացու, նախ պետք է օրհնել մատաղի աղը, որից հետո այն պետք է տալ մատաղացու կենդանուն «ի կերակուր», այնուհետեւ միայն կարելի է մորթել։
Աղի օրհնությունը կատարվում է, որպեսզի մատաղացու կենդանին Աստծո անեծքից մաքրվի եւ տարբերակվի «կուռքերի(ն) [մատուցվող] զոհերից եւ հասարակ զենումներից»։
Ս. Բարսեղ Կեսարացու սահմանած կանոնի համաձայն, մատաղի միսը չի կարելի պահել տանն իբրեւ ուտելիք, այլ նույն օրը պետք է «սրտի մտաւք» բաշխել աղքատներին։
Սակայն միեւնույն ժամանակ Տերունական պատգամը պետք է զգուշորեն կատարել. «…Ձեր ողորմությունը մարդկանց առաջ չանեք, որպես թե այն լինի ի ցույց նրանց. այլապես վարձ չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է։ Այլ երբ ողորմություն անես, փող մի հնչեցրու քո առջեւ, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից…։ Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես»։
Մատաղի կենդանուն, ըստ Ս. Գրիգոր Տաթեւացու, պետք է մորթի «արու՝ աշխարհական եւ հաւատացեալ»։ Կենդանուն պետք է մորթեն երկաթե սուր դանակով։ Կինը, մանուկն ու քահանայական դասին պատկանող որեւէ մեկը, ըստ Ս. Գր. Տաթեւացու, չպետք է մորթեն մատաղի կենդանուն։
ՄԱՏԱՂԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՁԵՒԸ։ Համաձայն Ս. Գր. Տաթեւացու վկայության, հնում մատաղացու կենդանուն ողջակիզել են. «Նախ՝ օրհնեալ աղ տամք կենդանւոյն։ Երկրորդ, ի հուր խորովեալ ողջակիզեմք»։ Սակայն այսօր, ի տարբերություն հնում նվիրագործված սովորության, ոչ թե ողջակիզվում է, այլ ջրով եւ քահանայի կողմից օրհնված աղով խաշվում։ Այնուհետեւ ողջ միսը բաժանվում է մանր կտորների, եւ հացի (ցանկալի է, որ լավաշ լինի) մեջ դրվելով բաշխվում է մանր կտորների, եւ հացի (ցանկալի է, որ լավաշ լինի) մեջ դրվելով բաշխվում միայն ու միայն աղքատներին ու կարոտյալներին։ Կարեւոր ենք համարում նշել, որ մատաղացու կենդանու փորոտիքը, գլուխը եւ մյուս մնացորդները պետք է թաղվեն, որպեսզի շների ու կատուների կեր չդառնան։
Հայոց մատաղի արարողությունը ոչ թե հրեական մեղքի պատարագն է, այլ սնոտիապատիր կուռքերին՝ դեւերին մատուցվող ընծաների (այսինքն՝ կենդանիների զոհաբերությունների) փոխակերպում հանուն Ճշմարիտ Աստծո։

ՍԱՄՎԵԼ սարկավագ ԶԱՔԱՐՅԱՆ
զորամասի հոգեւոր սպասավոր

Խորագիր՝ #17 (882) 4.05.2011 – 11.05.2011, Հոգևոր-մշակութային


12/05/2011