Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ



ՀՀ վետերանների միավորման Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Հայրենական մեծ պատերազմի, զինված ուժերի, աշխատանքի և իրավապահ մարմինների խորհուրդը գտնվում է Էրեբունու թաղապետարանի շենքում` իր բոլոր հարմարություններով: Եվ Մեծ հաղթանակի ու անկախության տոների կապակցությամբ համայնքի ղեկավարությունը հաճախակի է միջոցառումներ կազմակերպում պատերազմի մասնակիցների համար: Հաղթանակի և հիշարժան տոների առիթով թաղապետարանը պատերազմի մասնակիցներին հատկացնում է դրամական պարգևներ, իսկ Նոր տարվա առթիվ` ծանրոցներ: Կոմունալ բոլոր ծախսերը թաղապետարանը հոգում է իր միջոցներով:

Տոնական օրերին թաղապետարանը տրամադրում է նաև ավտոբուսներ, որպեսզի այցելենք քաղաքային գերեզմանոց` ծաղիկներ դնելու մեր մարտական ընկերների շիրիմներին, այնտեղից էլ` Հաղթանակի զբոսայգի:

Այս արարողակարգից հետո Վարդավառի այգում մեզ համար տրվում է համերգ և ճոխ հյուրասիրություն: Ռազմաճակատային երգերը մեզ՝ պատերազմի մասնակիցներիս հուշի թևերով տանում են այն հեռավոր օրերը, երբ երիտասարդ էինք ու կռվում էինք մեր երկրում խաղաղություն հաստատելու համար: Պատերազմական օրերից դրվագներ են հիշում Գերասիմ Հարությունյանը, Զավեն Գասպարյանը, Սուրեն Ստեփանյանը, Ազատ Գյոզալյանը, Նինա Քոչարյանը, Սուրեն Ալեքսանյանը, Նինա Խաչատրյանը… Եվ երաժշտությունը, հուշերի տաք ալիքը, մեդալների ու բաժակների զրնգոցը միախառնվում են իրար…

Ուզում եմ «Հայ զինվոր» թերթի միջոցով երախտիքի ու շնորհակալության ջերմ խոսքեր ուղղել Էրեբունու թաղապետարանի անձնակազմին` վետերաններիս հանդեպ ցուցաբերած ուշադրության համար, պատերազմի թոհուբոհն անցած հին զինվորներին ուրիշ ի՞նչ է պետք` միայն արժանի գնահատանք և ուշադրություն:

Մերուժան ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Հայրենական մեծ պատերազմի
երկրորդ կարգի հաշմանդամ

Խորագիր՝ #16 (1085) 30.04.2015 – 6.05.2015, Բանակ և հասարակություն


30/04/2015