Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՈԼՍՏՈՅԸ ՑՆՑՎԱԾ ԷՐ ՍԱՍՈՒՆԻ ԴԵՊՔԵՐԻՑ



1890-ական թվականներին Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած արյունոտ իրադարձություններն անտարբեր չթողեցին ժամանակի բազմաթիվ առաջադեմ մտավորականների` նրանք խստորեն դատապարտեցին համիդյան դաժան քաղաքականությունը, իրենց մարդասիրական ձայնը բարձրացրին ի պաշտպանություն հայերի։

Հայկական ջարդերի նկատմամբ անտարբեր չի եղել նաեւ ռուս մեծ գրող Լեւ Տոլստոյը։

1893թ.-ին Տուլա քաղաքում սկսեց մոլեգնել խոլերան, եւ Մոսկվայից շտապ այնտեղ ժամանեց համաճարակի դեմ պայքարի ստվար մի խումբ։ Ղեկավարը մոսկվացի բժիշկ Մինաս Մուրադյանն էր։ Առիթը եկել էր, եւ նա մեկնեց Յասնայա Պոլյանա` հանդիպելու Լեւ Տոլստոյին։ Նպատակը մեկն էր` իմանալ մեծ գրողի վերաբերմունքը արեւմտահայերի ջարդերի նկատմամբ, խորհրդակցել, թե ինչպես եւ ինչով կարելի է օգնել նրանց։

Տեղի է ունենում անկեղծ զրույց, եւ Տոլստոյն իր հայրենակիցների ճակատագրի համար այնքան մտահոգ բժշկին ասում է. «Ես երկար եմ մտածել այդ մասին, ինձ վրա խորապես ազդում են այդ բարբարոսությունները։ Ահա դուք ինձ հարցնում եք, թե ինչ կարող եմ առաջարկել դրանց դադարեցման համար։ Պետք է ձգտել բարձրացնել ձեր հարեւանների բարոյական մակարդակը։ Դա դժվար է։ Բայց եթե երկու հարեւան ժողովուրդներ աշխատում են ընդհանուր բարօրության համար` նրանք երբեք վնաս չեն տա միմյանց»։

Ակներեւաբար` այդ ժամանակ Տոլստոյի մեջ խոսում էր «չարին մի հակառակվիր» դավանանքի գաղափարախոսը, տեսություն, որի ջատագովն էր։ Բայց հետագա իրադարձությունները, ինչպես նկատված է, ինչ-որ տեղ սասանեցին նրա այդ տեսության հիմքերը, նրա վերաբերմունքը արեւմտահայերի կոտորածների նկատմամբ դարձավ ավելի դատապարտողական, խիստ։

Մեծ գրողը ցնցված էր այդ շրջանում Սասունում տեղի ունեցած արյունոտ դեպքերից։

1898թ.-ին Մոսկվայում լույս է տեսնում Պ. Սերգեենկոյի «Ինչպես է ապրում եւ աշխատում գրաֆ Լ. Ն. Տոլստոյը» գիրքը (վերահրատարակվել է 1903թ.-ին)։ Այնտեղ կան գրառումներ, որոնք ուղղակիորեն առնչվում են վերը շարադրվածին, կարծես նրա շարունակությունը լինեն։ Ահա. «Հանկարծ լսվում են արագ, քստքստացող քայլեր, եւ ճռճռացնելով աստիճանները, շտապ-շտապ հյուրասենյակ է մտնում Լեւ Նիկոլաեւիչը մի ֆրանսերեն գրքույկ ձեռքին։ Նրա դեմքը այլայլված էր…»։

Ի՞նչ գրքույկ է եղել Տոլստոյի ձեռքին։ Անկասկած` հայկական կոտորածների մասին պատմող գրքույկ։ Այդպիսի հրատարակություններ այդ ժամանակ հրապարակի վրա կային ոչ միայն ֆրանսերեն, այլեւ եվրոպական մյուս լեզուներով։ Դա լավ երեւում է նաեւ գրողի խոսքերից, որ ասում է հյուրասենյակ մտնելով. «Այս ի՞նչ սարսափելի բաներ են կատարվում Թուրքիայում, տեր Աստված, եւ երբ են դրանք վերջ ունենալու։ Տանյա, Մաշա, այստեղ եկեք։ Լսեցեք` ինչեր են տեղի ունենում Հայաստանում,- ասում է Լեւ Նիկոլաեւիչն այնքան բարձր, որ նրան կարելի էր լսել մի քանի սենյակ այն կողմ»։

Այդ ժամանակվա ռուսական կենցաղի կանոններով հյուրասենյակում թղթախաղ էին խաղում եւ Տոլստոյի խոսքերի վրա անմիջապես դադարեցրին այն` համակ ուշադրություն դարձած։ Հյուրասենյակ են մտնում գրողի երկու ավագ դուստրերը` Տանյան եւ Մաշան, ու բոլորը նստում են սեղանի շուրջ, որի վրա լամպ էր դրված։ Լեւ Նիկոլաեւիչն սկսում է կարդալ հատվածներ իր ձեռքին եղած գրքույկից։ Դրանք հենց այն հատվածներն էին, որ վերաբերում էին Սասունի սարսափելի դեպքերին։ Նա իր ընթերցումը տեղ-տեղ ընդհատում է` հուզումնալից արտահայտություններ անելով, մատնելով իր ներքին խռովքը։

Շարունակենք Պ. Սերգեենկոյի գրքից արվող մեջբերմամբ. «Լեւ Նիկոլաեւիչը հիանալի էր կարդում, սակայն դրամատիկական տեսարանները նրա մոտ չէին ստացվում։ Ունենալով անսովոր սուր գեղարվեստական հոտառություն` նա արդեն վաղօրոք, մի վերստ առաջ, գուշակում էր ողբերգության մոտեցող սարսափը, եւ նրա ձայնը, իր կամքին հակառակ, սպազմատիկ ձեւով ճնշվում էր։ Սասունում կատարված գազանությունների նկարագրությունը ներկաների վրա ծանր տպավորություն թողեց։ Որոշ տեսարանների ընթերցման ժամանակ Լեւ Նիկոլաեւիչը կտրվում էր գրքից եւ խռովահույզ ասում.

-Ի~նչ սարսափելի է այս ամենը։

Որոշ ժամանակ խոսակցությունը պտտվում է բացառապես Սասունում տեղի ունեցած ջարդերի շուրջ»։

Նստում են ընթրիքի։ Ներքեւից լսվում են բարձր ձայներ, եւ հյուրասենյակ են մտնում նոր հյուրեր։ Մոսկվայից էին, իրենց հետ բերել էին մի ողջ խուրձ նորություններ։ Լեւ Նիկոլաեւիչը շատ ուրախ էր նրանց գալստյամբ, բարեկամաբար զրուցում էր նրանց հետ, բայց, ինչպես հավաստում է գրողի կենսագիրը, որ զրույցի ականատեսն է եղել, նրա դեմքին, այնուամենայնիվ, տխրություն կար` նա դեռ քիչ առաջվա կարդացածի խոր տպավորության տակ էր։ Սասունի արյունոտ դեպքերը հանգիստ չէին տալիս նրան անգամ բարեկամների հետ հանդիպմանը։

Մեծ գրողն ընդհանրապես դեմ էր պատերազմին, մարդատյացությանն ու բարբարոսությանը։ Նա նաեւ մեծ մարդասեր էր, եւ Սասունի հայկական կոտորածների նկատմամբ նրա վերաբերմունքը, անշուշտ, դրա արտահայտությունն էր։ Հասկանալի է` չունենալով իրադարձությունների վրա ուղղակիորեն ազդելու հնարավորություն, նա, այնուամենայնիվ, փնտրում էր իրավիճակից դուրս գալու ինչ-ինչ ելքեր, իր դեղատոմսն առաջարկում։

Այդպես եղավ Մելիտոպոլի սբ. Ավետման հայկական եկեղեցու քահանա Սրապիոն Սամուելյանի հետ Տոլստոյի ունեցած զրույցների ժամանակ, Յասնայա Պոլյանայում։ 1898թ.-ի հոկտեմբերին նշվում էր գրողի ծննդյան 70-ամյակը, եւ այդ առիթով հայ հոգեւորականը երկու օր հյուրընկալվեց նրան։ Զրուցում էին ամենատարբեր թեմաներով, անշուշտ անդրադարձ եղավ նաեւ Սասունի դեպքերին։ Եթե 1893թ.-ին` բժիշկ Մինաս Մուրադյանի հետ հանդիպմանը գրողը՝ որպես դեղատոմս, առաջարկում էր բարոյականության չափանիշների հաստատումը, ապա հինգ տարի անց` 1898թ.-ին, հոգեւորական Սրապիոն Սամուելյանի հետ կայացած զրույցներում նա արդեն ավելի հստակ առաջարկ էր անում. «Թուրքիայում հայերի վիճակի բարելավման ամենահուսալի միջոցն այն է, որ եվրոպական պետությունները թուրքական սուլթանից պահանջեն արհեստականորեն չհրահրել իր ժողովրդի մոլեռանդությունը հայերի նկատմամբ։ Այդ բարի մտադրության մեջ մեր պետությունն էլ կարող է մեծ դեր խաղալ»։

Ժամանակի ընթացքում նոր իրողությունների ազդեցության ներքո Հայկական հարցի նկատմամբ (Սասունի կոտորածները դրա մի մասն էին) Տոլստոյի վերաբերմունքի մեջ կատարված փոփոխությունն ակնհայտ է։

1903թ.-ին Լեւ Տոլստոյը հրատարակեց իր «Ուշքի եկեք» տրակտատը, որում մեծ մտածողն ու մարդասերը մերժում էր պատերազմները (մասնավորապես` ռուս-ճապոնական պատերազմը), դատապարտում մարդու եւ մարդկության դեմ կատարված ոճիրները։ Տոլստոյի աշխարհայացքում այս շրջադարձը ձեւավորվել էր այն խոհերից ու մտորումներից, որ ծնվել էին աշխարհում կատարվող արյունոտ դեպքերի եւ իրադարձությունների տպավորության տակ։ Չի կարելի կասկածել, որ դրանց շարքում նաեւ Սասունի հայկական ջարդերն էին։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #16 (1085) 30.04.2015 – 6.05.2015, Հոգևոր-մշակութային


30/04/2015