Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԳԱՀԱՎԱՔԻ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԸ



Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մեր պայքարի ավարտը չէ: Եվ պատմական արդարության հաղթանակին հասնելու համար նախ պետք է հզորացնել Հայրենիքը և մեր աշխարհասփյուռ զավակներին համախմբել նրա շուրջը: Ապրելու և հարատևելու այս բանաձևն են մեզ պատգամել ցեղասպանությունը վերապրած և օտար ափերում հանգրվանած հայ մտավորականները:

«…Մենք սփիւռք մը ունենալու համար չէ, որ աշխարհի ամէն կողմը ցրուած ենք, այլ՝ բռնութիւնից ու հալածանքից ստիպուած… Այժմ ունինք մեր Հայրենիքը… Պէտք է գործի լծուինք բոլորս ալ մէկ գաղափարի շուրջ, որ է՝ Հայրենիքի օժանդակութեան գործը, մէկ մտասեւեռում ունենալով՝ Հայրենիքի վերականգնման գործը, եւ մէկ կարգախօս մեր բոլորին շրթունքներուն ծայրը՝ Դէպի Հայրենիք»,- այս խոսքերը պատկանում են եգիպտահայ հայրենադարձ գրող, հրապարակախոս, ծաղրանկարիչ, գծանկարիչ և հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանին: Նրա խոսքն ու գործը այսօր էլ արդիական են: Իսկ ազգահավաքի և հայրենադարձության կազմակերպման գործում նրա ավանդն անգնահատելի է: Նա սփյուռքի առջև ծառացած թիվ մեկ մարտահրավերը համարում էր ձուլման և այլասերման ահագնացող վտանգը և հայության փրկությունը տեսնում էր Հայաստան ներգաղթի՝ ազգահավաքի ու հայրենաշինության մեջ. «Ներգաղթել և մասնակցել Հայրենիքի վերաշինության սուրբ գործին»:

Ծնունդով կեսարացի Գառնիկ Սվազլյանը 1915թ.-ի ցեղասպանությանը ականատես եղավ մանուկ հասակում, որից հետո ծնողների հետ ապաստան գտավ Զմյուռնիայում: 1922 թ. նա վերապրեց նաև Զմյուռնիայի աղետը, երբ թուրքերը քաղաքի հայկական և հունական թաղամասերը այրեցին կրակի բոցերում, իսկ քրիստոնյաներին քշեցին ծովեզերք: 18-ամյա պատանին, արհամարհելով մահվան վտանգը, նետվել է ծովը և լողալով հասել հեռվում խարիսխ գցած մի եվրոպական նավի, մագլցելով թաքնվել է ծխնելույզի մեջ և այդպես հասել Հունաստան: Հետո փոխադրվել է Եգիպտոս՝ բնակություն հաստատելով Ալեքսանդրիայում, որտեղ էլ ընտանիք է կազմել և ծավալել ազգանպաստ գործունեություն: Նա եղել է ՀՕԿ-ի (նախագահ՝ Հովհաննես Թումանյան) եգիպտահայ մասնաճյուղի հիմնադիրներից և փոխնախագահը: Իր գաղափարների համար բազմիցս ձերբակալվել և բանտարկվել է: 1943 թ. նա Ալեքսանդրիայում հիմնել է «Սևան» մշակութային միությունը և մեծապես նպաստել ցեղասպանությունից փրկված սերունդների գաղափարաքաղաքական մակարդակի բարձրացմանը: Գ. Սվազլյանը 1945 թ. ընտրվել է Եգիպտահայ Ազգային խորհրդի կազմում՝ աջակցելով եգիպտահայերի ներգաղթի կազմակերպմանը: Իր «Ներգաղթը» թատերգության վաճառքից և բեմադրությունից ստացված հասույթը նա տրամադրել է Հայաստանում հայրենադարձների համար բնակելի շենքերի և շինությունների կառուցման, ինչպես նաև՝ ներգաղթի ֆոնդերին: Բացի այդ, Գ. Սվազլյանը Երկրորդ աշխարհամարտի ընթացքում նյութական մեծ օժանդակություն է ցուցաբերել «Սասունցի Դավիթ» տանկային շարասյանը: Իսկ 1947թ.-ին ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան:

Նշենք, որ «Ներգաղթը» թատերգությունը Գառնիկ Սվազլյանի միակ գործը չէր. նա հայրենասիրության և հայրենադարձության գաղափարն էր սերմանում նաև իր հրապարակախոսական հոդվածներով, երգիծանկարներով և գծանկարներով:

Գառնիկ Սվազլյանը կյանքից հեռացել է ընդամենը 44 տարեկան հասակում՝ «Հայրենի՜քս, զավակնե՜րս…» շշնջալով: Նա իր երկրային կարճատև կյանքի ընթացքում հասցրեց դառնալ ազգահավաքի և հայրենաշինության գաղափարախոսը, որի սկզբունքն էր՝ «Հայրենասիրութիւնը՝ արժանապատւութեան խնդիր է»:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #16 (1085) 30.04.2015 – 6.05.2015, Հոգևոր-մշակութային


30/04/2015