ՉԱՐԻՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ
Թալիշ-Մուղանյան հանրապետության նախագահ, թալիշ ժողովրդի առաջնորդ Ալաքրամ Հումմաթզոդայի (Գնդապետ Հումմաթով) ուղերձը հայ ժողովրդին Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ:
(Հեռարձակվել է Թալիշստանի ազգային հեռուստատեսությամբ)
Մենք՝ թալիշներս, ցավակցում և սգում ենք Հայ ժողովրդին պատուհասած այս մեծագույն ողբերգությունը: Թող Բարձրյալն այլևս որևէ ժողովրդի նման ծանրագույն փորձության չենթարկի:
1915 թվականի ապրիլի 24-ը սգո օր է հայ ժողովրդի օրացույցում. սակայն այդ ողբերգությունը սև օր է համայն մարդկության համար:
Պատմությունը դեռ իր գնահատականը չի տվել անմարդկային այդ գազանություններին, որոնք բնորոշվում են որպես ցեղասպանություն: Եվ ոչ մի ժողովուրդ չի կարող անհետանալ երկրի երեսից, քանզի ամեն ժողովուրդ ստեղծված է Աստծո կողմից: Մարդն ինչպե՞ս կարող է ոչնչացնել Աստծո արարչագործությունը: Աստված մարդուն ազատ է ստեղծել, և ամեն ժողովուրդ այս աշխարհում ազատ ապրելու իրավունք ունի:
Օսմանցի պանթյուրքիստները կոտորելով 1,5 միլիոն հայերի, չկարողացան այս ժողովրդին ծնկի բերել. վկան այսօրվա Հայաստանի Հանրապետությունն է, ժողովրդավարական այս երկիրը: Չարիքը չէր կարող հաղթել հերոսական և մեծ հայ ժողովրդին, որովհետև անհնարին է փակել ազատության ձգտող ժողովրդի ճանապարհը:
Անկախությունը ժողովուրդներին Աստծո կողմից տրված պարգև է:
Մենք՝ թալիշներս, ժողովրդի նկատմամբ իրագործված գազանությունների մասին լսելով չէ միայն, որ գիտենք. որովհետև մենք ինքներս երեկ և այսօր էլ դեռևս մեր իսկ հայրենիքում, որ ներկայիս Ադրբեջանի հարավային մասն է զբաղեցնում, ենթարկվում ենք անմարդկային հալածանքների ու բռնությունների:
1993 թվականին, երբ մենք փորձեցինք մեր պապենական հողերում մեր անկախ պետականությունն ստեղծել, նույն պանթյուրքիստները, բայց արդեն Ադրբեջանական Հանրապետություն կոչվող երկրում, մեզ հետ նույնպիսի դաժանությամբ վարվեցին: Մեր որդիները հազարներով կոտորվեցին ու ոչնչացվեցին, հալածվեցին ու տառապեցին Ադրբեջանի բանտերում, աքսորվեցին սեփական տնից ու հայրենիքից:
Պանթյուրքիստները միշտ էլ սատանայական հրճվանքով են ոչնչացրել հարևան ժողովուրդներին:
Թող ամենակարող Աստված հայ ժողովրդին համբերությամբ զինի. որովհետև հեռու չէ այն օրը, երբ հայ և թալիշ ժողովուրդները բարեկամության իրենց տոնը կնշեն Ադրբեջանի լծից ազատագրված Թալիշստանում՝ մեր փառապանծ մայրաքաղաքում՝ Լանքոնում (Լենքորան):
Թալիշ ժողովուրդը ձեզ հետ է, եղբայրական հա՛յ ժողովուրդ:
Մեր ճանապարհը արդարության և ազատության ճանապարհն է:
Կեցցե՛ հայ ժողովուրդը:
Կեցցե՛ Մեծ Հայաստանը:
Կեցցե՛ հայ և թալիշ ժողովուրդների բարեկամությունը:
Կեցցե՛ ազատ, անկախ Թալիշստանի Հանրապետությունը՝ մեր ժողովրդի երազանքների հայրենիքը:
Գ. ԱՍԱՏՐՅԱՆ
Խորագիր՝ #16 (1085) 30.04.2015 – 6.05.2015, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան