ԱՅՍՏԵՂ ՆՐԱՆՔ ՏԱՆՆ ԵՆ…
«Բարի գալուստ մեր ընտանիք». ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի մատույցներում փոքրիկ հողաթմբի վրա այս գրությունը միանգամից կենդանություն, ջերմություն է հաղորդում ինձ շրջապատող ամայությանը: Զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Լալա Բաղդասարյանը պատմում է, որ մարտական դիրքը վտանգավորներից է, օր չկա, ավելի ճիշտ՝ ժամ չկա, որ հակառակորդը չխախտի հրադադարի ռեժիմը, հետո էլ թվարկում է, թե քանի անգամ են հակառակորդի հետախուզական խմբերը այս ուղղությամբ ներթափանցման փորձեր արել եւ ամեն անգամ ձախողել.
-Եվ գիտեք՝ ինչո՞ւ,- հարցնում է Բաղդասարյանը` մատնացույց անելով գրությունը,- երբ հարազատություն կա, թշնամու հաջողության հասնելու հավանականությունը դառնում է զրոյական:
Դեռ չեմ ծանոթացել զինվորների հետ, դեռ ոտք չեմ դրել դիրք, բայց ես արդեն ներշնչված եմ սպասվող հանդիպումից: Եվ ահա մեզ ընդառաջ է գալիս դիրքի ավագը: Նա զեկուցում է հերթապահության ընթացքի եւ սահմանում տիրող իրավիճակի մասին: Նրա դեմքը հանգիստ է, ձայնը` ինքնավստահ:
-Սերժանտ Գեւորգ Հայրապետյանն է` մեր լավագույն ավագներից մեկը: Հրամանատար է. նա իր գիտելիքներով, պատրաստակամությամբ չի զիջում ռազմական կրթություն ստացած սպաներին: Նվիրված է ծառայությանը, իր պաշտպանած դիրքին, ինչպես սեփական տանը,- ներկայացնում է փոխգնդապետը:
-Զենքը քեզ ընտելացնում է բանակային կյանքին ու օրենքներին: Զենքը չափավորում է քայլերդ, բացահայտում է քո ներքին կարգապահությունը, եւ դու պարզապես քեզ թույլ չես տալիս ավելորդություն,- փոքր-ինչ շիկնելով` ասում է Գեւորգը:
Նա ուղեկցում է մեզ ընկերների մոտ, որ գետնատնակի մոտ խմբված սպասում են: Ես հեռվից զննում եմ նրանց, ու բոլորը ծանոթ են թվում… Երբ տարածությունը կրճատվում է, նկատում եմ զինվորների մտերմիկ ժպիտներն ու հայացքները: Ձեռքս վստահ մեկնում եմ, եւ Գեւորգը ծանոթացնում է իր «ընտանիքի» անդամներին.
-Ավագ հրաձիգ, «Քաջարի մարտիկ» կրծքանշանակիր Հարություն Թովմասյանն է: Անգլերենի ապագա ուսուցիչ է, Արցախի պետական համալսարանի ուսանող: Աչքի է ընկել հակառակորդին մի լավ դաս տալով:
-…Օգոստոսյան լարվածության ժամանակ դարանի մեջ էի մյուս տղաների հետ: Ետ ենք շպրտել ներթափանցման փորձ ձեռնարկած հակառակորդի հատուկջոկատայիններին,-համեստորեն մեկնաբանում է Հարությունը:
-Վահագն Աբրահամյանը նռնականետորդի օգնականն է, նաեւ մեր առողջության պատասխանատուն: 25 տարեկան է, մասնագիտությամբ` բժիշկ: Փորձիր հիվանդանալ, միանգամից կբուժի,- կատակում է դիրքի ավագը:
-Ամառային լարվածության ժամանակ բոլորս բաշխված էինք ըստ դիրքերի, գիշերը Վահագնի հետ նույն խրամաբջիջում դիտարկում էինք իրականացնում: Այդ օրը նա դարձավ իմ մարտական ընկերը: Այստեղ տարիքը, պաշտոնը պայմանականություններ են, որ չեն խանգարում ընկերություն անել,- ասում է ԱՀՏԱ գծով տեղակալը, հետո ափսոսանքով նշում, որ Վահագնը շուտով զորացրվելու է:
-Կարծում եմ` դիրք պահող բոլոր տղաները հանգիստ սրտով են տուն գնում, որովհետեւ գիտեն` երկրի համար մի օգտակար գործ արդեն արել են,- վստահ արտաբերում է բժիշկը:
-Շարքային Ջիվան Գալստյանն էլ ընտանիքի սիրտն ու հոգին է, այս կոչմանն է արժանացել իր հոգատար և ջերմ վերաբերմունքի համար… Ընտանիքի մյուս անդամը Արտակ Ղազարյանն է, գնդացրորդ է, բայց նաեւ խրամաբջիջների կահավորման մասնագետ: Առանց նրա միջամտության քարը քարին չի դրվում…,- Գեւորգ Հայրապետյանը շարունակում է ծանոթացնել եղբայրների հետ:
-Ճիշտ եւ ժամանակին կահավորված դիրքը բարձրացնում է ջոկի կենսունակության աստիճանը,- վստահեցնում է Արտակը:
-Կրտսեր սերժանտ Ազատ Բունիաթյանն էլ դիրքի ավագի օգնականն է կամ, ինչպես այստեղ ենք ասում, ընտանիքի ուղեղը (ծիծաղում են). զինվորական կանոնագրքերն անգիր գիտի:
-Անցած օրը ջերմություն ունեի, բայց իմ հերթապահության ժամն էր: Ազատը, որ նոր էր իջել դիրքից, հանդերձավորվեց, զենքը վերցրեց ու ասաց, որ իմ փոխարեն կհերթափահի: Ես չհասցրի անգամ հակաճառել, գնաց,- ավելացնում է գնդացրորդ Կարեն Հակոբյանը:
-Դրա համար էլ երբ միավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Դավթյանը Կարենին հարցրեց` քանի եղբայր ունես, պատասխանեց` ինը…,- միջամտում է Լալա Բաղդասարյանը, ապա շարունակում.
-Մոտեցողն էլ վաշտի հրամանատարն է, ավագ լեյտենանտ Խաչիկ Ադամյանը: ԼՂՀ ՊՆ գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանն է ավարտել, այնուհետեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Հետախուզական դասակի հրամանատար էր, 20 օր է` ինչ ստանձնել է նոր պաշտոնը… Տեսեք` ինչ համարձակ շարժուձեւ ունի…
-Ասացիք` հյուր ունենք, մտածեցի դիմացի (հակառակորդի) դիրքից է,- կատակում է վաշտի հրամանատարը:- Որքան ժամանակ է՝ նոր դեմք չենք տեսել, բարեւ Ձեզ:
Չենք հասցնում խոսել, հակառակորդը ուժգին կրակ է բացում դիրքերի ուղղությամբ: Ինձ համար իսկական իրարանցում է, իսկ սպաներն ու զինվորները զուսպ են եւ հավասարակշռված, ասես առանձնապես ոչինչ չի կատարվում:
-Մեր պատասխանը տասնապատիկ ավելի կոշտ է լինելու, երեք օր ձեն-ձուն չեն հանելու: Այդպես է, պիտի կանոնավոր պատժես, թե չէ՝ լռությունը թուլության հետ են շփոթում,- ասում է վաշտի հրամանատարը:- Կարեւորը` իմ զինվորները ընդհանրապես չեն ընկճվում: Հենց այնպես չեմ ասում, երեկ շարժ ենք նկատել, տագնապ մարզումներ կատարել, շրջանաձեւ պաշտպանության անցել, համոզվել եմ, որ անվախ են…
Վաշտի հրամանատարն ինձ է մեկնում սաղավարտը, ապա զրահաբաճկոնը, եւ ես հետեւում եմ անվերջանալիորեն կրկնվող ոտնահետքերին, որ դրոշմվում են խրամատի ողջ երկայնքով՝ գարնանային անձրեւից թրջված հողին:
-Ահա մեր ընտանիքին վստահված գիծը, – ասում է դիրքի ավագը:
-Այստեղ խաղաղությունն ու պատերազմը հարեւանությամբ են ապրում, այստեղ հասկանում ես ` ինչ է սերը, ժամանակը, կյանքը, քաջությունը, նաեւ` վախը: Այստեղ ծայրաստիճան զգայուն ես դառնում, այստեղ հոգնում է անգամ ամենադիմացկունը, բայց չի հանձնվում- վաշտի հրամանատարի մտքերն են:
-Այստեղ արյանդ վազքը աշխուժանում է, եւ քնելդ չի գալիս անգամ գիշերվա հազարին,- քթի տակ ծիծաղելով՝ ասում է զինվորներից մեկը:
-Այստեղ քեզ զգում ես ինչպես ընտանիքում,- ասում եմ ես բարձրաձայն:
Քիչ անց հրաժեշտ եմ տալիս դիրքապահ տղաներին եւ կրկնում այստեղ ընդունված բարեմաղթանքը` «Կլոխներդ քաշ պհեցիք»:
Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
կապիտան