Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԱՄՆ ԿԱՆԶԱՍ ՆԱՀԱՆԳԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ



ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել ԱՄՆ Կանզաս նահանգի պատվիրակությունը՝ փոխնահանգապետ Ջեֆֆ Քոլյերի եւ Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ Լի Թաֆանելիի գլխավորությամբ:

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության հետ, մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում գեներալ Լի Թաֆանելին նշել է, որ հաշվի առնելով ԱՄՆ Կանզաս նահանգի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած լինելու եւ ապրիլի 24-ը Հիշատակի օր հռչակելու փաստը, Հայաստան-Կանզաս հարաբերությունների յուրահատուկ բնույթը եւ հետամուտ լինելով այդ հարաբերությունները խորացնելու գործին, Կանզասի նահանգապետ պարոն Սեմ Բրաունբեքսի հրամանագրով այս տարի ապրիլի 24-ը հռչակվել է որպես Հայոց ցեղասպանության 100-ամյակի օր:

ՀՀ պաշտպանության նախարարը իր երախտագիտությունն է հայտնել հյուրերին՝ հայ ժողովրդի կողքին կանգնելու ու բարոյական մեծ աջակցություն ցուցաբերելու համար: Սեյրան Օհանյանը կարեւորել է նաեւ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության կայուն զարգացումը եւ այդ համագործակցության շրջանակներում իրականացվող բազմաթիվ ծրագրերը:

Հանդիպման վերջում Կանզասի փոխնահանգապետը եւ Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալը ՀՀ պաշտպանության նախարարին են հանձնել նահանգապետ Սեմ Բրաունբեքսի հրամանագրի պատճենը:

Խորագիր՝ #16 (1085) 30.04.2015 – 6.05.2015, Ռազմաքաղաքական


30/04/2015