Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ԲԱԶԵՆԵՐԻ ՈԳԵՂԵՆ ԹՌԻՉՔԸ



1988թ. փետրվարին բռնկվեց արցախահայության ազգային-ազատագրական պայքարը: Լցվել էր համբերության բաժակը, այլեւս անհնար էր դիմանալ բացահայտ անարդարությանը եւ հայ ազգաբնակչության նկատմամբ կիրառվող վայրագություններին:
Ժողովուրդը ոտքի կանգնեց` պաշտպանելու իր իրավունքները, իր ինքնությունը, ազատվելու 70-ամյա ադրբեջանական գերությունից, միավորվելու մայր ժողովրդի հետ, փրկվելու բնաջնջման վերահաս վտանգից, որ տարիներ շարունակ կախված էր նրա գլխին, վտանգ, որ սպառնում էր ոչ միայն արցախահայությանը, այլեւ ողջ հայ ժողովրդին: Ադրբեջանական կառավարությունը սկսեց գործի դնել տարիների ընթացքում մշակած իր ծրագիրը` հայաթափել Արցախը` չխորշելով ոչ մի միջոցից` բռնություն, թալան, սպանություն: Ի պաշտպանություն Արցախի` ոտքի կանգնեց ողջ հայ ժողովուրդը:
Այդ գոյապայքարին անմասն չմնացին քաղաքացիական ավիացիայի օդաչուները: Պատերազմի ընթացքում աչքի ընկան «ՄԻ-8» ուղղաթիռները եւ «Ան-2» ու «Յակ-40» օդանավերը, որոնք շարժման սկզբից մինչեւ զինադադարը եւ զինադադարից հետո էլ փառահեղ ուղի անցան` փայլուն էջեր գրելով Արցախյան ազատագրական պայքարի պատմության մեջ:
Շրջափակված Արցախին օգնություն հասցնելուց, ծերերին ու երեխաներին վտանգավոր գոտուց դուրս բերելուց բացի, նրանք հաճախ թշնամու թիրախ էին դառնում: Օրվա մեջ 10-12 անգամ նրանք դեմ առ դեմ հանդիպում էին մահվան: Դա խենթություն էր, հերոսություն: Օդաչուները բոլոր հանձնարարությունները կատարում էին անտրտունջ, առանց հանգստանալու, չէին նայում եղանակին, հաճախ գիշերով էին թռչում թշնամու տարածքով եւ վայրէջք կատարում պատահական, դրա համար հարմարություններ չունեցող վայրերում, հաճախ էլ սահմանվածից կրկնակի ավելի բեռ էին տեղափոխում: Նրանք այդ ամենը կատարում էին գիտակցաբար, անշահախնդիր` վտանգելով իրենց կյանքը: Շրջապատման մեջ գտնվող արցախցիները այդ չվերթների շնորհիվ իրենց ապահով ու պաշտպանված էին զգում` հասկանալով, որ իրենց թիկունքում մայր հայրենիքն է, որն իրենց երբեւէ մենակ չի թողնի, կպաշտպանի ադրբեջանական հրոսակների հարձակումներից:
Մինչեւ Լաչինի ազատագրումը, օդային դժվարին փոխադրումները հիմնականում կատարվում էին «Էրեբունի» օդանավակայանի ուղղաթիռների միջոցով: Նրանք օրական տասնյակ թռիչքներ էին կատարում, Հայաստան էին տեղափոխում Ադրբեջանի տարբեր շրջաններից արտաքսված հայ ազգաբնակչությանը՝ ետ՝ դեպի Արցախ տեղափոխելով հումանիտար օգնություն, դեղորայք: Յուրաքանչյուր թռիչքից առաջ օդաչուներից ոչ ոք վստահ չէր, թե ողջ կվերադառնա, բայց ոչ ոք երբեք չդժգոհեց, չտրտնջաց՝ հաղթահարելով բոլոր մահացու, հնարավոր ու անհնարին դժվարությունները:
Նրանց արծվային թռիչքը լույս էր խավարում, որ ապրելու հույս տվեց լքյալին, որ կյանք պարգեւեց շատերին…

ԱՆՏՈՆՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՍՄԲԱՏԻ

Ծնվել է 1958թ. մարտի 7-ին Երեւանում` բանվորի ընտանիքում: 1975թ. գերազանց առաջադիմությամբ ավարտելով դպրոցը՝ մեկնում է խորհրդային բանակ: 1978թ. ընդունվում է ուկրաինական ԽԱՀ Կրեմենչուգի քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը:
1981թ.` ուսումնարանն ավարտելուց հետո, վերադառնում է Հայաստան եւ աշխատանքի անցնում «Էրեբունի» օդանավակայանում` որպես «Մի-8» ուղղաթիռի երկրորդ օդաչու: 1988թ. նշանակվել է «Մի-8» ուղղաթիռի հրամանատար: Զոհվել է 1991թ. հունիսի 14-ին կենդանաբանական այգու մոտ տեղի ունեցած վթարից` Շահումյան տեղափոխելու համար անհրաժեշտ բեռներ վերցնելու ճանապարհին: Աճյունն ամփոփված է Եռաբլուրում: ԼՂՀ-ի նախագահի հրամանով հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:
Ծանոթները, բարեկամները, ընկերները նրա մասին պատմելիս սկսում են այսպես.«Մուշեղ Անտոնյան` մարդ, Մուշեղ Անտոնյան` հայրենասեր, Մուշեղ Անտոնյան` աս օդաչու…»:
1988թ.` որպես ուղղաթիռի հրամանատար, սկսել է ինքնուրույն թռիչքներ կատարել Լեռնային Ղարաբաղ: Մուշեղի համար Շահումյանը դարձել էր իր երկրորդ հայրենիքը, իր տունը: Նա ամբողջ հոգով ապրում էր այնտեղ կատարվող իրադարձություններով եւ տառապում նրանց ցավով: Նա մոտենում էր մարդկանց, հետաքրքրվում նրանց հոգսերով, առաջարկում իր օգնությունը: Առանձնակի սիրով էր վերաբերվում երեխաներին, որոնց համար դարձել էր կենդանի լեգենդ: Շահումյան թռչելիս նա շատ դեպքերում այնքան ցածր էր թռչում թշնամու տարածքներով, որ ձեռքը պատուհանից դուրս հանելով, ողջունում էր հակառակորդի դաշտերում աշխատող գյուղացիներին, որոնք էլ կարծելով, թե իրենց օդաչուներից է, ուրախ աղաղակներով ողջունում էին նրան:
Վարդենիսի տարածքով թռչելիս մի նեղ լեռնանցք էր հայտնաբերել, որտեղով միայն մեկ ուղղաթիռ կարող էր անցնել: Հետագայում այդ օդային ճանապարհը շատ պետք եկավ տղաներին, երբ թշնամին ամեն մի բարձունքում գնդացիր էր տեղադրել եւ դարանամուտ սպասում էր ուղղաթիռների երեւալուն, նրանք կարողանում էին աննկատ անցնել այդ լեռնանցքով: Մուշեղի զոհվելուց հետո տղաներն այն անվանեցին «Մուշեղի լեռնանցք»: Մուշեղի յուրաքանչյուր թռիչքը մի հերոսական պատմություն էր…

Շարունակելի

ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #17 (882) 4.05.2011 – 11.05.2011, Ճակատագրեր, Պատմության էջերից


12/05/2011