Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ



Մի քանի օրից կնշենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը։ Պատերազմում հաղթանակեց խորհրդային ամբողջ ժողովուրդը, այդ թվում նաեւ մենք՝ հայերս։

Հայրենական մեծ պատերազմին նվիրված ահռելի քանակությամբ գրականություն կա։ Բայց գոյություն ունի մի թեմա, որի մասին համեմատաբար քիչ է խոսվում ու գրվում. պատերազմի ֆինանսական կողմը։ Օգտագործելով Ա.Վոլինեցի հետազոտությունը, մենք կպատմենք ընթերցողներին հենց այդ մասին։

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԵՐԵՔ ԲԱՆ

«Պատերազմի համար պետք է երեք բան. փող, փող եւ կրկին փող»։ Պատմաբանները ներկայումս էլ վիճում են այս իմաստուն արտահայտության իսկական հեղինակի մասին. գուցե Նապոլեոնն է, իսկ գուցեեւ իտալացի մոռացված կոնդոտյեր եւ ֆրանսիական մարշալ Տրիվուլցիոն կամ Եվրոպայի ռազմական բուռն անցյալի այլ գործիչ։ Անվիճելի է միայն ասույթի իմաստը։

Պատահական չէ, որ պատերազմի ավարտից շատ չանցած՝ ԽՍՀՄ զինված ուժերի մինիստր դարձավ ոչ թե մարշալներից որեւէ մեկը, այլ Խորհրդային Միության գլխավոր ֆինանսիստը։ Այն ժամանակ ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնում գեներալիսիմուս Ստալինին փոխարինեց գեներալ-գնդապետ Նիկոլայ Բուլգանինը, որը մինչեւ 1945 թվականի մայիսը ղեկավարում էր ԽՍՀՄ Պետական բանկը։

Հայրենական մեծ պատերազմի պայմաններում խորհրդային Պետբանկի ղեկավարը (Բուլգանինը գլխավորում էր այն 1938 թվականի վերջից) դարձավ պաշտպանության ժողկոմի տեղակալ եւ ընդգրկված էր Գերագույն հրամանատարության շտաբի կազմում։

Մի խոսքով, նույնիսկ ստալինյան ԽՍՀՄ առաջնորդները, որոնք տեսականորեն ձգտում էին կառուցել առանց փողի հասարակություն եւ տնտեսություն, հասկանում էին, որ ռուբլին պատերազմում նույնպիսի զենք է, ինչպես տանկերն ու ռումբերը։

ՌՈՒԲԼՈՒ ՆԱՀԱՆՋԸ

Պատերազմը միշտ հարված է ֆինանսական համակարգին։ 1941 թվականի հունիսի 22-ից սկսած՝ գերմանացիների գրոհը հարվածեց ֆինանսներին նաեւ ուղղակի իմաստով. պատերազմի առաջին կես տարվա ընթացքում զավթվեց կամ ոչնչացվեց երկրի բանկային բոլոր բաժանմունքների եւ մասնաճյուղերի մեկ քառորդը։

Ռուբլին նույնպես մարտական կորուստներ էր կրում։ Միայն 1941 թվականի ամռանը խորհրդային 16 ռազմաճակատներից 8-ը, ոչ ամբողջական տվյալներով, նահանջելիս նացիստների զավթած տարածքում թողեցին 44 մլն ռուբլի, եւս 45 միլիոն էլ այրվեց, թաղվեց հողի մեջ, զավթվեց հակառակորդի կողմից կամ կորսվեց։

Եվ դա միայն զորամասերի հաշվին գրանցված կանխիկ ռուբլիների կորուստներն էին։ Օկուպացված տարածքում մնացած կանխիկ ռուբլու ընդհանուր կորուստներն անհամեմատ մեծ էին։

1941 թվականի հոկտեմբերի 7-ին զորքերում կանխիկ փողերի կորուստը հատուկ հրամանով հավասարեցվեց մարտական զենքը կորցնելուն։ Այդպես ռուբլին պաշտոնապես նույն շարքում կանգնեց հրացանների եւ թնդանոթների հետ։

ՌՈՒԲԼԻՆ ԽՐԱՄԱՏՆԵՐՈՒՄ

Պատերազմի միայն առաջին շաբաթվա ընթացքում ռազմաճակատ հավաքագրվեց ԽՍՀՄ 5 մլն քաղաքացի, իսկ բանակի թվաքանակը գերազանցեց 10 միլիոնը։ Նրանց բոլորին անհրաժեշտ էր մատակարարել ոչ միայն փամփուշտներ ու արկեր, այլեւ փող։ Պատերազմի առաջին ամսվա ընթացքում Գլխավոր շտաբի եւ Պետբանկի մասնագետները մշակեցին գործող բանակում ֆինանսական հաշվարկների համակարգ։

Օգոստոսին ռազմաճակատում արդեն հայտնվել էր Պետբանկի «դաշտային բաժանմունքների» եւ «դաշտային դրամարկղերի» ցանց։ 1941 թվականի վերջին այդպիսի ռազմական բանկերն արդեն 598-ն էին։

Նշենք, որ պատերազմի տարիներին մարտերում հաջողության համար զինվորներն ստանում էին ոչ միայն շքանշաններ ու մեդալներ, այլեւ պարգեւատրումներ, որոնց հանձնումը կանոնակարգված էր հրամանների մի ամբողջ համակարգով։ Պատերազմական տարիների փաստաթղթերում նման վճարումները կոչվում էին «պարգեւատրումներ՝ մարտական աշխատանքի արդյունքներով»։

1941 թվականից սկսած՝ Բեռլինի ռմբակոծման յուրաքանչյուր թռիչքի համար ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամներին վճարում էին 2000-ական ռուբլի պարգեւատրում։ Կործանիչ-օդաչուն խփած թշնամական ինքնաթիռի համար ստանում էր 1000 ռուբլի պարգեւատրում։

Օդադեսանտային զորամասերի զինվորը մարտական պայմաններում պարաշյուտով յուրաքանչյուր թռիչքի համար ստանում էր իր կոչմանը համապատասխան ամսական դրույքի չափով պարգեւատրում։

Իսկ Կուրսկի ճակատամարտի նախօրեին արձակվեց պաշտպանության ժողկոմիսարիատի «Հակառակորդի տանկերի ոչնչացման ուղղությամբ մարտական աշխատանքի համար զինվորներին եւ հրամանատարներին խրախուսելու մասին» թիվ 0387 առանձին հրամանը՝ թշնամական տեխնիկայի ոչնչացման համար հասնող 200-ից մինչեւ 1500 ռուբլի ամենատարբեր պարգեւատրումների մանրամասն դրամաչափերով։

Պակաս հայտնի փաստ է, որ պատերազմի տարիներին գումարներ էին վճարվում աշխարհազորայիններին եւ նույնիսկ պարտիզաններին։ 1941 թվականին աշխարհազոր անդամագրված կամավորների համար պահպանվում էր նրանց նախկին միջին աշխատավարձը, որն աշխատավայրից վճարվում էր ընտանիքներին։ Բացի դրանից, աշխարհազորայիններին ամեն ամիս հասնում էին «դաշտային փողեր». շարքայիններին՝ 20 ռուբլի, հրամանատարական կազմին՝ 30-75 ռուբլի։

Պարտիզանական ջոկատների հրամանատարների եւ կոմիսարների համար սահմանված էր 750 ռուբլուց ոչ պակաս ամենամսյա նպաստ, պարտիզանական վաշտերի հրամանատարների համար՝ 500 ռուբլի։ Շարքային պարտիզանին հասնում էր 300 ռուբլի։

Հետաքրքիր է, որ պարտիզանական «աշխատավարձերը» նույնիսկ ավելի մեծ էին, քան գործող բանակում, որտեղ շարքային զինվորը ստանում էր ամսական 30 ռուբլի, սերժանտը՝ 100, սպայական կազմը՝ 300-ից սկսած եւ ավելի։

ՊԱՏԵՐԱԶՄ ԻՆՖԼՅԱՑԻԱՅԻ ԴԵՄ

1945 թվականին ռազմական ծառայության միջով անցել էր գրեթե 35 մլն մարդ։ Եվ ռազմաճակատ մեկնող բոլորի աշխատավարձի պարտքը պետք է վճարվեր։ Բացի դրանից, նրանց տրվում էին թեկուզ փոքր, բայց մշտական վճարումներ՝ որպես զինծառայողների, եւ ամենամսյա նպաստներ՝ նրանց ընտանիքներին։

Հենց միայն դա կարող էր առաջացնել ինֆլյացիայի կտրուկ աճ եւ ֆինանսական համակարգի ճգնաժամ։ Խորհրդային «բանկիրները» հաղթահարեցին այդ վտանգը կշռադատված միջոցների մի ամբողջ համակարգի օգնությամբ։ Օրինակ՝ 1941 թվականի հունիսի 23-ից մինչեւ 1944 թվականի հունվարի 1-ը ԽՍՀՄ-ում մասնավոր բանկային ավանդներից կանխիկ գումարի վճարումը սահմանափակված էր ամսական 200 ռուբլով։

Պատերազմի սկսվելուն պես վերացվեցին աշխատողների եւ ծառայողների արձակուրդները։ Բայց չօգտագործված արձակուրդի դիմաց օրենքով հասնող փողերը պետք է փոխանցվեին անկանխիկ ավանդների հաշվին, որոնք կարելի էր օգտագործել միայն պատերազմի ավարտից հետո։

Առաջին հայացքից մանր ու չնչին այդօրինակ միջոցների ամբողջ համակարգը թույլ տվեց կանխարգելելու կանխիկ փողերի միաժամանակյա «արտանետումը» եւ դրանով իսկ կրճատելու ինֆլյացիան։

XX հարյուրամյակի համաշխարհային պատերազմների ընթացքում պատերազմող բոլոր երկրները ծածկում էին պետբյուջեի դեֆիցիտը չապահովված կանխիկ փողերի թողարկմամբ։ Այդ բախտից չխուսափեց նաեւ ԽՍՀՄ-ը. Հայրենական մեծ պատերազմի տարիներին շրջանառվող կանխիկ ռուբլիների զանգվածն աճեց 4 անգամ։ Բայց խորհրդային ֆինանսիստների ձեռնարկած միջոցների շնորհիվ ռուբլին ավելի կայուն եղավ, քան հակառակորդի արժույթը։ Գերմանիայում նույն այդ ժամանակահատվածում շրջանառվող կանխիկ փողերի զանգվածն աճեց 6 անգամ, Իտալիայում՝ 10 անգամ, Ճապոնիայում՝ 11։

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԳԻՆԸ

Ռազմական ֆինանսիստների հաշվարկներով՝ Հայրենական մեծ պատերազմի մեկ օրը խորհրդային պետության վրա նստում էր 362 մլն մինչպատերազմյան ռուբլի։ Եթե մոտավոր վերահաշվարկենք դա 2015 թվականի սկզբի գների, ապա կլինի 2,5 մլրդ ժամանակակից դոլար։ Եվ դա միայն անմիջական ծախսերը։

Պատերազմը միշտ էլ եղել է հրեշավոր թանկ ձեռնարկում, իսկ զենքը՝ ամենաթանկարժեք իրերից մեկը։ 1945 թվականին Տ-34 մեկ տանկը պետբյուջեի վրա նստում էր 135 հազար ռուբլի, Իլ-4 ռմբարկու ինքնաթիռը՝ 380 հազար ռուբլի, զորքերում ամենատարածված 122-միլիմետրանոց հաուբիցը՝ 35 հազար, իսկ ՊՊՇ մեկ ավտոմատը՝ 148 ռուբլի։

1945 թվականից անմիջապես հետո խորհրդային տնտեսագետներն ու վիճակագիրները հաշվարկեցին մարտերի ընթացքում եւ օկուպանտների գործողությունների հետեւանքով ավերածությունների պատճառած անմիջական վնասը. 679 մլրդ խորհրդային ռուբլի կամ 128 մլրդ ամերիկյան դոլար՝ մինչպատերազմյան գներով։ Եթե չափազանց պարզեցված վերահաշվարկենք այդ գումարը 2015 թվականի սկզբի գների, ապա կստացվի 4,5 տրիլիոն դոլար։

Բայց դա միայն ռազմական ավերածությունների պատճառած անմիջական վնասն է։ Ռազմական ծախսերի հետ միասին (ներառյալ բանակի, զենքի ու հանդերձավորման արտադրության եւ այլ ծախսերը) այդ թիվը կաճի 3 անգամ՝ կազմելով արդեն մոտ 13 տրիլիոն ժամանակակից դոլար։

Բայց Մեծ Հաղթանակի գինը ներկայումս էլ անհնար է չափել որեւէ փողով։

ԱՐՏԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Խորագիր՝ #17 (1086) 7.05.2015 – 13.05.2015, Պատմության էջերից


07/05/2015