ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՆՄԱՀՆԵՐԻՆ
Կապույտ,
Կանաչ,
Կարմիր հագեք, ո՜վ աղջիկներ.
Օրն է այսօր հաղթանակի,
Օրն է նորից զվարթության,
Հագեք գույներ արեւավոր,
Գույներ բախտի ու խնդության,
Եկեք,
Եկեք,
Գնանք ինձ հետ
Անմահներին այցելության:
Նրանք այնքան ջահել էին,
Հուր ունեին աչքերի մեջ,
Բի՜լ կարոտներ,
Հույզե՜ր ,
Լույսե՜ր ,
Սպասումնե՜ր հազարատենչ:
Գնանք ինձ հետ,
Ես ձեզ ցույց տամ
Փառքի,
Պատվի մի հուշարձան,
Ուր վառվում է երախտիքի ,
Սիրո կրակն հավերժական:
Կառուցել ենք հուշարձանն այդ
Մեր գթության բիլ ատաղձից,
Նրանց պատվին,
Ովքեր ընկան
Մեծ փորձության ճանապարհին:
Օրն է այսօր հաղթանակի,
Օր է նորից զվարթության,
Եկեք ,
Եկեք ,
Ո՜վ աղջիկներ,
Անմահներին այցելության:
Ով կապույտ է հագել, նրան՝
Երկնի կարոտ,
Ով կանաչ է հագել, նրան՝
Դաշտերի սեր,
Ով կարմիր է հագել, նրան՝
Ծաղկահամբույր:
Կապույտ,
Կանաչ,
Կարմիր հագեք , ո՜վ աղջիկներ .
Հոգիներում մեր սիրակեզ
Նրանք միշտ կան՝
Հավերժ սիրող,
Հավերժ ջահել:
ՎԱՐԴԳԵՍ ԽԱՆՈՅԱՆ
Խորագիր՝ #17 (1086) 7.05.2015 – 13.05.2015, Հոգևոր-մշակութային