«ՓԱՌՔԻ ՇՔԱՆՇԱՆԻ» ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ԱՍՊԵՏԸ
Հայրենական Մեծ պատերազմի բովով անցած Գուրգեն պապը` Գուրգեն Ճուղուրյանը, պատրաստվում է Մոսկվա մեկնել` Հաղթանակի 70-ամյակի հոբելյանական տոնակատարություններին մասնակցելու…
Թեև, կարելի է ասել, Մեծ հայրենականից մի ամբողջ հավերժություն` յոթանասուն տարի է անցել, բայց Գուրգեն պապի հիշողությունները դեռ թարմ են, դեռ սրտում պահում է դժվարին ու ծանր գնով ձեռք բերված հաղթանակի բերկրանքն ու հպարտությունը: Շատ բան տեսած Գուրգեն պապի կարծիքով՝ «Պատերազմը մարդկային ողբերգություններից ամենասարսափելին է. անկախ նրանից, թե դու որ կողմում ես` հաղթողների, թե պարտվածների»:
Գուրգեն պապի աչքերը լցվում են Հայրենական պատերազմի մասին խոսելիս, և վստահ չէ, թե Մոսկվայում կկարողանա իրեն «տղամարդու պես» պահել` չհուզվել: «Եթե աչքերս թրջվեն` ուրախությունից ու հպարտությունից կլինի»,- ասես ուզում է արդարանալ վետերանը:
-1939 թվականն էր-, փորձում է «թեման» փոխել 55 տարվա մանկավարժ-վետերանը:- Պատերազմի բոթը տարածվեց աշխարհով մեկ: Ստալինյան ժամանակաշրջանն էր, և զորակոչվում էին անխտիր բոլորը: Ես էլ շատ շատերի նման թողնելով դպրոցը, մեկնեցի սահման` կյանքի և մահվան կռիվ տալու հայրենիքիս համար: Ծառայության անցա Չոնգարսկայա դիվիզիայի 33-րդ գնդում՝ որպես հակատանկային թնդանոթի նշանառու: Հատկապես հիշում եմ Կախովկայի արյունալի մարտը` Բուկ գետի ափին: Թշնամին համառ էր, մենք՝ նույնպես: Հակահարված հասցնելը գնալով բարդանում էր: Բայց դա ամենևին չէր ընկճում կռվող և ոչ մի զինվորի: Մարտն այնքան էր սաստկացել, որ նույնիսկ հրամանատարն էր կանգնել մեր կողքին և քաջալերում էր՝ ամեն ինչ անել թշնամուն ետ շպրտելու համար: Հրամանը հրաման է անկախ իրավիճակից: Որպես լավ և դիպուկ նշանառու՝ կրակում էի, բայց մեր սպառազինությունը շատ սակավ էր: Մեկը մյուսի հետևից զոհվում էին կողքիս կանգնած ընկերներս: Կորուստ էր կրում նաև թշնամին: Հանկարծ կրակոցները ավելի ուժգին և հաճախակի դարձան: Թշնամին գազանացած հարձակվում էր: Մի պահ ոտքս տաքացավ: Տեսա` արյունը շիթով հոսում է: Կորցրել էի վախի զգացողությունը: Կարծես գերբնական զորություն էր մտել իմ մեջ: Կրակում էի` չիմանալով, որ երեք փամփուշտ է մխրճվել ոտքիս մեջ: Ինձ օգնեցին ռուս ընկերներս: Ինձ տեղափոխեցին նախևառաջ դաշտային հոսպիտալ, ապա գյուղական մի դպրոց, որտեղ հարյուրավոր վիրավորներ կային: Վերքերս ինձ մոտավորապես 8 ամիս գամեցին անկողնուն: Տեղաշարժվելն անհնարին էր: Զինվորական բժիշկները որոշեցին, որ ես այլևս չեմ կարող շարունակել կռիվը: Ինձ մի բան էր մնում` վերադառնալ հայրենիք: Չնայած առանց ձեռնափայտի քայլել հնարավոր չէր, բայց ես երջանիկ էի, որ վերադառնում էի հայրենի տուն` ինձ սպասող հազարավոր մանուկների մոտ, որոնց շարունակելու էի ռուսաց լեզու և գրականություն դասավանդել: Իսկ այդ չարաբաստիկ գնդակները հիմա էլ դեռ այնտեղ են` ոտքիս մեջ և յոթանասուն տարի շարունակ ինձ ամեն օր հիշեցնում են պատերազմի մասին:
1945թ.-ին Գուրգեն Ճուղուրյանն արդեն Երևանում էր: Եվ տուն վերադառնալով՝ «առաջին լուրջ գործը», որ անում է, ինչպես կատակում է հարյուրամյա ծերունին, ընտանիք կազմելն է լինում: Հետո… «մնացածը արդեն այնքան էլ հետաքրքիր չէ», դարձյալ կատակում է Գուրգեն պապը:
Պատերազմի վետերան Գուրգեն Ճուղուրյանը բազմաթիվ պետական պարգևների է արժանացել: Նա Աստծո տված ամենամեծ պարգևը կյանքն է համարում, իսկ իր կյանքի ամենամեծ գնահատականը՝ «Փառքի շքանշանը»:
Հայկ ՄԱԳՈՅԱՆ
Խորագիր՝ #17 (1086) 7.05.2015 – 13.05.2015, Ճակատագրեր, Պատմության էջերից