ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՎԱՏԻ ՈՒ ԿԱՐՈՏԻ
Զինվորական նամակները, որ ստացվել են ռազմաճակատից, Հայրենական մեծ պատերազմի տարեգրության մի մասն են։ Դրանցում մահվան դեմ հանդիման կանգնած մարտիկի ապրումներն են, նրա հավատը հաղթանակի նկատմամբ, հարազատների, հայրենի եզերքի կարոտը։ Յուրօրինակ վավերագրեր լինելով՝ դրանք խնամքով պահվում են ազգային արխիվներում, թանգարաններում, ընտանեկան պահոցներում, հրատարակվում եւ ճանաչողական ու դաստիարակչական մեծ դեր են խաղում հատկապես երիտասարդ սերունդների կյանքում։
Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ մի քանի նամակներից, որոնք ռազմաճակատից հարազատներին են ուղարկել Ղարաբաղից բանակ զորակոչված Վարդան Տոնյանը, Մուշեղ Հովհաննիսյանը եւ Բաբա Գրիգորյանը։
«ՉԵՄ ԱՄԱՉՈՒՄ ԴԵՄՔԻՍ ՍՊԻՆԵՐԻՑ»
Այս տողերը վերցված են Վարդան Տոնյանի նամակից՝ ուղղված հորը։ Նա Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Տող գյուղից էր, 1942-ի հունվարին ռազմաճակատ է մեկնել Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքից, ուր հանգամանքների բերումով տեղափոխվել էր ընտանիքը։ Մարտերում աչքի է ընկել հերոսությամբ, պարգեւատրվել Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով, մեդալներով։ Անթվակիր նամակում հորը գրում է. «Այսօր քեզնից ստացա մի բացիկ, շատ ուրախացա։ Ինչո՞ւ ես այդքան քիչ գրում. չէ՞ որ ես միայն ձեր նամակներով եմ ապրում։ Մեր բաժանումից հետո ես շատ եմ առնականացել, մի քանի անգամ այրվել եմ, վիրավորվել։ Դեմքիս սպիներից ես չեմ ամաչում, դրանցով կհպարտանա իմ հայրենիքը»։
Վարդանի նամակից երեւում է, թե ինչքան է կարոտել հորը, ինչքան է մտահոգ նրա վիճակով։ Եվ ինչպես տղամարդը՝ տղամարդուն, նրա առջեւ բացում է թանկ ու նվիրական մի գաղտնիք։ «Ես Սամարղանդում թողել եմ մի աղջկա, ես նրան իմ հարսնացուն եմ համարում։ Ներիր, որ դրա մասին շուտ չեմ գրել,- հեռվից հեռու խոստովանում է հորը,- վատ աղջիկ չէ, խելոք է, դաստիարակված, լավ է սովորում։ Հասարակ, լուրջ, պարկեշտ է նա։ Ավելի մոտիկից ծանոթացեք նրա հետ։ Նա իր նամակներում շատ է գրում ձեր մասին։ Երբեմն, շատ հազվադեպ, լինում է ձեզ մոտ։ Դուք կտեսնեք, որ ես չեմ սխալվում իմ ընտրության մեջ»։
Այնուհետեւ Վարդանը հորը խնդրում է հարազատի աչքով նայել աղջկան եւ իր հարաբերությունները նրա հետ տգեղ չհամարել։ Վարդանն այդ ժամանակ դեռեւս չգիտեր, որ այլեւս չի տեսնելու իր սիրած էակին, եւ այստեղ է նաեւ պատերազմի դաժան դեմքը։
Սրտառուչ է մորն ուղղված նամակը. «Ես հեռու եմ քեզնից, բայց իմ բոլոր մտքերը քեզ հետ են։ Վաղը չէ մյուս օրը իմ ծննդյան օրն է։ Քսանմեկ տարեկան եմ։ Այդ օրը՝ իմ ծննդյան օրը, ես հատուկ սիրով եմ հիշում քեզ… Հիշում եմ, թե ինչպես դու աշխատում էիր մեզ լավ հագցնել, ուտեցնել… Չարչարվելով մեզ համար՝ դու մոռանում էիր հոգնածությունդ։ Իսկ ես, երբ փոքր էի, կարծում էի, թե մայրերը հոգնել չգիտեն»։
Վարդանը մորը պատմում է մի տխուր դրվագ. մարտի դաշտից մեծ չարչարանքով դուրս է հանում մի վիրավոր զինվորի, որը մահանում է հենց իր ձեռքերի վրա։ Վերջին պահին վիրավորը հիշել է իր երեխաներին, կնոջը եւ մորն է կանչել…
Ոչ ոք չգիտե Վարդանի մահվան հանգամանքները, բայց անկասկած է, որ նա էլ մեռնելիս հիշել է իր սիրած աղջկան, հորը, մորը եւ հավիտյան փակել աչքերը…
«ԸՆԴՈՒՆԵՑԵՔ ՄԱՐՏԱԿԱՆ ԲԱՐԵՒՆԵՐՍ»
Մուշեղ Հովհաննիսյանը Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Առաքյուլ գյուղից էր, մասնագիտությամբ՝ մանկավարժ։ Նոր էր անցնելու իր սիրած գործին, երբ սկսվեց պատերազմը։ Զորակոչվեց բանակ, ավարտեց Թբիլիսիի հրետանային ուսումնարանը եւ որպես հակատանկային մարտկոցի հրամանատար մեկնեց ռազմաճակատ։ Տուն ուղարկած նամակներում երեւում է կռվող զինվորի դժվար կյանքը, միաժամանակ հավատը հաղթանակի նկատմամբ։ Եղբորը հասցեագրած նամակում, որը թվագրված է 1943թ. ապրիլի 10, գրում է. «Պատերազմ է՝ դաժան ու արյունալի, բայց կռվում ենք միայն հաղթանակի համար»։ Մեկ այլ նամակում՝ «Մենք պատրաստվում ենք վճռական մարտի, կաշխատեմ ինձ արդարացնել»։ Հենց այդ մարտից հետո էլ գրել է հաջորդ նամակը. «Ընդունեցեք մարտական բարեւներս։ Երկար պայքարից հետո իմ գումարտակը առաջինը մտավ Միրգորոդ քաղաքը։ Մեր մարտական շարքերի վրա հարձակում գործեցին ութ ֆաշիստական տանկեր։ Կարճատեւ մարտում, առանց կորստի, ոչնչացրինք դրանցից վեցը եւ առաջ շարժվեցինք մոտ 20 կիլոմետր։ Առավոտյան նորից երեւացին թշնամու 12 տանկեր եւ անցան հակահարձակման։ Համերաշխ կոլեկտիվս ընդունեց անհավասար մարտը եւ ոչնչացրեց երեք տանկ։ Այդ պահին մեզ օգնության հասան մեր տանկային ուժերը, եւ թշնամին ստիպված եղավ նահանջել… Այսօր նորից հարձակման ենք անցնում»։
Ռազմաճակատային կյանքի մասին շատ բան են ասում Մուշեղի նամակներից մեկի հետեւյալ տողերը. «Անմոռանալի եղբայր, նամակիդ պատասխանը ձգձգվեց, քանի որ գտնվում էի առաջավոր գծում։ Նկար չկարողացա ուղարկել, մինչեւ հիմա հնարավորություն չեմ ունեցել նկարվելու»։ Մեկ այլ նամակում՝ «Ուզում էի նամակս շարունակել, բայց ահա նորից տագնապ է, շարժվում ենք»։
Այսպիսին էր ռազմաճակատային կյանքը…
«ԿԱՐՈՏՈՒՄ ԵՆՔ ՄԵՐՈՆՑ, ՄԵՐ ԳՅՈՒՂԸ, ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
Ծնողների հանդեպ որդիական սիրով են համակված Բաբա Գրիգորյանի ռազմաճակատային նամակները։ Նա բանակ էր զորակոչվել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղից, որտեղ աշխատում էր որպես կինոմեխանիկ։ Քսան տարեկան էր, երբ դիմեց զինկոմիսարիատ՝ կամավոր մեկնելու ռազմաճակատ։ Ավարտեց ռազմական ուսումնարանը եւ կրտսեր լեյտենանտի կոչումով գնաց կռվելու։ «Մայր ջան, ինձ համար մտածելու ոչինչ չկա,- գրում է նամակներից մեկում,- ես ինձ լավ եմ զգում, հրամանատար եմ, այն էլ՝ գերազանցիկ, իմ պետի տված առաջադրանքը կատարում եմ միայն եւ միայն գերազանց»։
1942թ. ապրիլի 29-ի նամակից երեւում է, որ բանակ պետք է զորակոչվեր նաեւ Բաբայի հայրը։ «Երբ բանակ մեկնես, հաղորդիր հասցեն, որպեսզի կապ պաշտպանենք։ Ով է իմանում, գուցե լինենք մի զորամասում»,- գրում էր հորը։
Ինչպես բոլոր զինվորներին, Բաբային նույնպես տանջել է հայրենի տան կարոտը։ Մի նամակում գրում է. «Էլի եմ խնդրում, գյուղից նորություններ հաղորդեք. ինչպե՞ս են մարդիկ, հո տխուր չե՞ն, շա՞տ են աշխատում, թե՞ կան նաեւ գլուխ պահողներ։ Հիմա ժամանակն է, որ բոլորս աշխատենք, կավարտվի պատերազմը՝ կհանգստանանք»։
Նամակից երեւում է, որ Բաբայի հետ նույն զորամասում եղել են մարտակերտցի այլ տղաներ։ «Կարոտում ենք մերոնց, մեր գյուղը, մեր ժողովրդին»,- ծնողներին գրում է Բաբան։
Ավա՜ղ, նրան եւս բախտ չվիճակվեց նորից լինել հայրենի գյուղում՝ զոհվեց հերոսաբար։
Ռազմաճակատային զինվորների նամակները լի են հայրենիքի նկատմամբ սիրով եւ թշնամու հանդեպ ատելությամբ։ Դրանք ապրեցրել են զինվորին, ոգեւորել, ուժ տվել նրան։ Հավատի եւ կարոտի վավերագրեր են դրանք։
Պատրաստեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
Խորագիր՝ #17 (882) 4.05.2011 – 11.05.2011, Բանակ և հասարակություն