ՄԵՐ ՎՐԻԺԱՌՈՒ ՁԱԽ ԲԱԶՈՒԿԸ
Ասում են` երբ մարդու ձեռքն անդամահատում են, նա դեռ երկար ժամանակ զգում է նրա կարծեցյալ գոյությունը: Կորցնելով Արեւմտյան Հայաստանը, անդամահատել են մեր աջ բազուկը, եւ մենք ընդմիշտ զգալու ենք այդ անվերադարձ կորստի ցավը…
Նոր բազուկ չի աճի, բայց մենք սովորեցինք կռվել ձախ բազկով նույնքան վարպետորեն, կատաղի, վրիժառու սրտի ամբողջ ավյունով: Մենք չենք մոռանա, չենք ների, չենք խոնարհվի, մենք կմարզենք մեր կամքը, ցավից կկծենք շուրթներս ու կորստի անթեղված կրակից կվառենք մեր հավերժ փառքի խարույկը: Յուրաքանչյուրս քառասնակի ավելի խիզախ կլինի, քառասնակի արդարացի, քառասնակի ավելի կսիրի հայրենիքը, քառասնակի ավելի կփայփայի նրան, քառասնակի երջանիկ կլինի…
Պարտավոր ենք բոլոր չապրած մեր քույրերի, եղբայրների, մանուկների հիշատակի առաջ:
Միգուցե այդժամ նրանց հոգիները ժպտան մեզ:
Դավիթ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
շարքային