Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՊԻՍ ԲԵՂԵՐԸ



Հատված «ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ԿԱՅԻՆ ԱՐԵՎԻ ՄԵՋ» անտիպ վեպից

Նվիրվում է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին

Երեխաների ներկայությամբ այդ մասին խոսում էին ասես վախվխելով: Ամեն ինչից զգացվում էր, որ իրենք խորհրդավոր ու սարսափելի ինչ-որ բան գիտեին և չէին ցանկանում, որ երեխաները հաղորդակից լինեն դրան: Այդպես են վարվում, երբ տանը հանգուցյալ կա, և չեն ցանկանում, որ դեռևս մահվան սարսափին ու խորհրդին անտեղյակ երեխաներն իմանան այդ մասին:

Մեծերը խոսում էին իրար հետ, ինչ-որ բան պատմում, հետո ձայները ցածրացնում էին՝ իբր երեխաները չլսեն, չհաղորդակցվեն այդ սարսափելի, այդ անցանկալի, փշոտ ու տխուր բանին:

-Փախեփա՛խ էր…

Չկար «Եղեռն» բառը, «Ցեղասպանություն» եզրը չկար: Մեր տանը, մեծերի բերանում կար «Փախեփախ», որի ժամանակ տեղի ունեցած դեպքերի պատառիկներն իմ ականջին մի քիչ սարսափելի, մի քիչ տխուր հեքիաթի նման էին հնչում: Հեքիաթ կամ անիրական ինչ-որ պատմություն, որ կատարվել էր հեռու-հեռավոր ժամանակներում, ինձ անծանոթ մարդկանց հետ, ով գիտե որ երկրում:

Միայն պապիս մեծ ու մազմզոտ ականջների կտրված բլթակներն էին, որ այդ տխուր, այդ մշուշոտ հեքիաթի մեջ մի քիչ իրական, մի քիչ ցավալի երանգներ էին ավելացնում:

Մեծերն այդ տխուր բաների մասին բացահայտ չէին խոսում՝ մեր մանկական փափուկ սրտերը չխոցելու համար: Չէին ցանկանում մեր չամրացած ուսերին պատմության ու իրենց ճակատագրի բեռը դնել: Աշխարհի խժալուր ձայներից դեռևս չբթացած մեր լսելիքը թող ցավի շավառը չճաշակեր, թող ապրեինք երջանկության մեր բաժինը, իրենցն էլ հետը, թող… բայց ինչ էլ որ անեին, պատմության մի պատառիկ, խոսքի մի փերթ, երգի մի ձայնանիշ կամ ինչ-որ ժամանակվա ցավի հիշողության մի տրոփյուն հասնում էր մեզ, մեր դալար երևակայության մեջ ձև էր առնում և որպես վիրավորանք դաջվում էր մեր հիշողության պատին:

-Փախեփախի ժամանակ…

-Ականջներիդ կեսը ո՞ւր է,- ես հարց եմ տալիս պապիս, և հարցս սահմռկած կախվում է հացատան մրոտ օճորքից: Տատս, մայրս, մերոնք սարսափած նայում են պապին: Գիտեն` այդ թեման մեր տանն անարծարծելի է, գիտեն՝ պապը զայրանում ու ինքն իրեն կորցնում է, երբ որևէ մեկը նրան հիշեցնում է թուրքից ստացած վերքն ու վիրավորանքը: Չնայած տասնամյակներ են անցել, բայց ամեն անգամ այդ հիշողությունը պատառ-պատառ է անում նրա էությունը:

Պապը տնքում ու փստացնում է «Սովետական Հայաստան» թերթի պատառի մեջ փաթաթած թութունը: Ասես չի լսել, ասես ականջների բլթակների հետ թուրքը նաև նրա լսողությունն է հատել: Իսկ ես՝ մի մատ երեխա, նստել եմ քուրսու վրա, ոտքերս կախել պապի գրկի մեջ ու մատս ականջներին դրած, հարցնում եմ.

-Ո՞ւր են:

Այդ դեպքը ես չեմ հիշում: Մայրս է պատմել հետագայում:

-Երեք տարեկան էիր,- ասում էր,- բայց չէիր խոսում: Նայում էիր շուրջդ, աշխարհը քո մեջ էիր քաշում սպունգի նման, ամեն ինչ հասկանում էիր, բայց չէիր խոսում: Իսկ այդ օրը ձեռքերդ դրել էիր պապի ականջներին և անընդհատ կրկնում էիր.

-Ո՞ւր են:

Ուրիշ երեխաների պես չեմ բլբլացրել, միավանկ բառեր չեմ արտասանել: Լռել, լռել, լռել, իսկ հետո խոսել եմ միանգամից ու հանկարծակի: Եվ առաջին խոսքս եղել է մեծավարի, պապիցս հաշիվ պահանջելու պես:

Պապը փստացրել է ծխախոտը: Ծխից մի տեսակ քաղցր մգլահոտ է եկել: Տանեցիները շշմել, մնացել են: Ոչ այն է՝ լռեցնեն ինձ, ոչ այն է՝ ուրախանան, որ համր լեզուս բացվել է:

Ես մի մատ երեխա՝ ի՞նչ իմանամ, որ պապս՝ Բասենցի Լևոն, թուրքի հետ կռիվ տված, թուրքին իր ականջի բլթակները տված Լևոն, սեփական բեղի վրա երդվել է, թե.

-Ով իմ ականջների պատմությունը հիշեցնի, կսպանեմ,- հետո իր երդումը մի քիչ մեղմացրել է,- թե չսպանեմ, բեղերս կխուզեմ:

Իսկ ես պապի ցավին ու երդումին անտեղյակ՝ հարցրել եմ ու չեմ հասկացել, որ պապս կյանքում իր երդումը չի դրժել, որ պապս իր ժեռ երդումի հետևում կանգնած՝ սահմռկել է: Այն ժամանակ ո՞ւմ մտքով կանցներ, որ ինքը թոռ կունենա, որ ինքը այդքան շատ կսիրի թոռանը, ու հենց նա՝ իր անդրանիկ Լևոն թոռը, կհիշեցնի իր ցավի ու հպարտության մասին.

-Ականջներդ…

Ու մինչ սարսափած մայրս ափով փակել է բերանս ու պապի գրկից վերցնելով՝ հեռացրել է ինձ, ես ճղավոցս գլուխս եմ գցել: Ինձ համար պապի գրկից հաճելի տեղ չի եղել, ու ձայնս գլուխս գցած՝ քանդել եմ տան օճորքը:

Իմ լացից բնի մեջ արթնացել է ծիծեռնակի հիշողությունը: Ձմեռ է եղել, ծիծեռնակը՝ չված, բայց բույնը կենդանի է եղել, բնի մեջ կենդանի է եղել տիրոջ հիշողությունը, և ծիծեռնակի երազը, հույսը, սերը փաթաթվել են ամեն մի շյուղին, կավի յուրաքանչյուր գնդիկին, որ չլինի թե իմ անզուսպ ճղավոցից բնի կապերը թուլանան ու…

-Հա՛րս, ետ բեր էրեխին,- ձայն է տվել պապը,- բե՛ր:

Ու մայրս՝ պապի երդումի սարսափն աչքերում, իր չխոսկան հարսնությունն առաջն արած, ինձ նորից նստեցրել է քուրսու վրա: Պապն իր մեծ ու տաք ձեռքերով շոյել է գլուխս, ձեռքերը դեմքիս է քսել՝ ասես չի տեսնում, ասես կույր է: Շոշափել է անշտապ: Ես նրա ձեռքերի տաքությունը սիրում եմ, նրա ծխախոտի ծուխը սիրում եմ, սիրում եմ նրա երկար ու ոլոր բեղերը, որ պաչելիս միշտ խուտուտ են տալիս դեմքս:

-Ձա՛գ ջան,- տնքացել է պապը,- ձագ ջան, իմ ականջները շունն է տարել, ու էդ շան անունը թուրք է:

Ասել ու տնքացել է ամեն խոսքի հետ: Ես երես տված, նոր լեզու առած երեխա՝ չեմ գիտակցել պապի երդման ծանրությունն ու թաթիկներս նրա կոշտ բեղերին եմ քսել, իսկ հաջորդ օրը պապիս չեմ ճանաչել: Լևոն, Բասենցի ապառաժ Լևոն երդման թեթև մասն է ընտրել ու խուզել է բեղերը: Եվ որպեսզի վերևի շրթունքը լրիվ դատարկ ու ավերակ չմնա, փոքրիկ ընչացք է թողել:

-Վա~յ,- պապին ճանաչելով այս անգամ ծիծաղել եմ ես, ու պապը ծիծաղել է ինձ հետ: Ծիծաղել է խռխռալու նման, բայց աչքերից գլուր-գլուր արցունք է թափվել:

-Մի մատ անհասկացող երեխա է: Ասենք թե մի բան ասաց,- հանդիմանելու պես մխիթարել է տատը,- էրեխի ասածին էդքան լրջություն չեն տա:

-Թե էրեխա չլիներ, ու էրեխեն իմը չլիներ, գիտե՞ս ինչ կանեի,- տնքացել էր պապը, հետո ավելացրել էր,- էրեխեն մեղք չունի, ես եմ երդվել, ու երդումն իմ դեմ ելավ:

Ինչ լավ է եղել, որ ես երեխա եմ եղել, ինչ լավ է եղել, որ ես պապիս երդման կշիռն ու ծանրությունը չեմ հասկացել և չեմ պատկերացրել, թե նրա նման տղամարդու համար որքան դառն ու անպատվաբեր բան է անբեղ ապրելը: Եվ լավ է եղել, որ չեմ հասկացել, թե փախեփախն ինչ է:

Այս ամենը ինձ մայրս է պատմել, բայց այնքան է պատմել, որ մեկ-մեկ թվում է, թե ամեն ինչ ես եմ հիշում:

…Հետո պատանեկությանս ժամանակ… Վերին շրթունքս սևացել էր, ու ես շտապում էի սափրվել: Սափրվեմ, տղամարդ դառնամ, ու պապս ծիծաղում էր: Ամեն անգամ ժպտում էր, թե.

-Մի քիչ էլ կեցի, ձա՛գ ջան:

Իսկ մի օր գյուղամիջից տուն եկավ, խանութից նոր առած սափրվելու սարքերը դրեց սեղանին ու մորս դիմեց.

-Հա՛րս, ջուր տաքացրու,- հետո ինձ դառավ ու,- արի՛, բեղերս տուր:

Փրփուր քսեց, իր ձեռքով երեսս սափրեց՝ հորս մոտիկ չթողնելով: Ավարտեց, երեսս չըփփոցով պաչեց, հետո իր մեծ, տաք թաթով մի ապտակ տվեց.

-Տղամարդ դարձար… Իմ բեղերը թող քեզ վրա բուսնեն, ձա՛գ ջան,- ասաց,- փախեփախի ժամանակ տեսած մեր տանջանքը թող մեր թշնամու պնչից գա:

Փախեփախ… Այդ բառը մանկուց ծանոթ է ինձ, բայց հետո, երբ երիտասարդները գյուղի ակումբում ինքնագործ խումբ էին ստեղծել, ու Լեննագան քաղաքում սովորող Ավետիսյան Գուրգենը Գևորգ Էմին էր արտասանում, փախեփախն ինձ էլի սիրուն ու մի քիչ ուրիշ տեսակի հեքիաթ էր հիշեցնում: Իսկ Գուրգենը սիրուն էր, գրագետ, քաղաքից ձևավոր պար էր սովորել, մի քիչ հյութեղ «Լ»-երով արտասանություն ու հայացքը դահլիճի առաստաղին հառած կանչում էր.

-Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին,

Ուր ծիրանն է հասնում ճյուղին…

Ես լսում էի հիացած, պապս լսում էր հիացած, գյուղի մեծ ու փոքրը լսում էին հիացած, և դահլիճը թնդացնում էին ծափերով: Աշխարհի ոչ մի հայտնի դերասան, նույնիսկ իր փառքի գագաթին, այդքան անկեղծ և ուժգին ծափեր չէր ստացել, որքան Ավետիսյան Գուրգենն իր ասմունքի համար:

Հետո երբ մեծացա և ուսանող դարձա Երևանում, Գուրգենի նման պարի ու ասմունքի չգնացի: Սկսեցի ավելի շատ կարդալ, ուսումնասիրել Հայոց պատմությունը: Ես խելացի գրքեր էի կարդում, ծանոթանում Եղեռնի պատմությանը, և սիրտս ցավով ու վիրավորանքով էր լցվում: Մանավանդ այն բանից հետո, երբ ինձ ձերբակալեցին:

ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Խորագիր՝ #18 (1087) 14.05.2015 – 20.05.2015, Հոգևոր-մշակութային


14/05/2015