ԱՅԳԵՀՈՎԻՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԵՌԼԻՆ
Մեր փոքրիկ Ջերմուկ քաղաքն էլ ունի Մեծ Հայրենականի մասնակից վետերաններ, որոնցից, ավաղ, ոչ ոք այսօր ֆիզիկապես մեզ հետ չէ: Սակայն մենք նրանց երբեք չենք մոռանում:
Չէ՞ որ նրանք մեր քաղաքի պատմությունը կերտողներն են` բանվորներ, շինարարներ, մտավորականներ:
Մեծ Հայրենականի մասնակիցներից էր նաև վաստակաշատ մանկավարժ Արամ Ամիրջանյանը: Ջերմուկում մեծից փոքր ճանաչում ու հարգում էին այդ բարի և համեստ մարդուն, իսկական մտավորականին:
Տարիներ առաջ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառում էր քաղաքի կինոդահլիճում: Մեծարում էին պատերազմի վետերաններին, որոնց մեջ էր նաև Արամ Ամիրջանյանը: Այնտեղ ես առաջին անգամ իմացա, որ նա մասնակցել է Մեծ Հայրենականին: Հետո, երբ զրուցեցինք, պատմեց, որ Իջևանի շրջանի Այգեհովիտի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո`1942 թվականին, մեկնել է ռազմաճակատ: Հաղթանակած խորհրդային բանակի հետ մտել է Բեռլին, որի համար էլ, ի թիվս այլոց, արժանացել է «Բեռլինի գրավման համար» մեդալի: Եվ դա միակը չէր նրա կյանքում: Վերջերս այս հոդվածը գրելու առիթով տեսա նրա ստացած մեդալներն ու շքանշանները և անկեղծորեն զարմացա, երբեք և ոչ մի առիթով դրանք չէր փակցրել:
Պատերազմից հետո Ա.Ամիրջանյանը 5 տարի շարունակել է ծառայել Գերմանիայում: 1950թ. վերադարձել է Հայաստան, ընդունվել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը, որը գերազանց գնահատականներով ավարտելուց հետո գործուղվել է Ջերմուկ: Այստեղ է եկել տիկնոջ` Նունուֆար Ազատյանի հետ, որը նույնպես մանկավարժ էր ու նաև իր համագյուղացին: Եկել էին ժամանակավորապես, բայց մնացին ու հիմնավորվեցին Ջերմուկում` իրենց կյանքը նվիրելով մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության դժվարին ու շնորհակալ գործին: Ունեցան 4 զավակներ, որոնցից միայն ավագը` Ալիսան, շարունակեց ծնողների գործը: Այսօր նա ապրում և աշխատում է Ջերմուկում, հայոց լեզու և գրականություն է դասավանդում ավագ դպրոցում, մարզի լավագույն ուսուցչուհիներից է: Մյուս 3 զավակները` Արան, Արթուրը և Արմինեն, տնտեսագետներ են: Բոլորն էլ ազնիվ ու աշխատասեր մարդիկ են, իրենց ծնողների արժանի հետևորդները:
Շուրջ 40 տարվա մանկավարժական գործունեության ընթացքում Արամ Ամիրջանյանը արժանացել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ լուսավորության նախարարությունների պատվոգրերի և շնորհակալագրերի, բայց ամենամեծ պարգևը իր հազարավոր աշակերտների խորին հարգանքն ու երախտագիտությունն է իրենց ուսուցչի հանդեպ, այն ջերմությունը, որով հիշում են իր գործին անմնացորդ նվիրված հրաշալի մանկավարժին, ազնիվ ու անաչառ մտավորականին: 70 տարի է անցել Մեծ Հայրենականի ահեղ օրերից, և էլի շատ տարիներ կանցնեն, բայց մեր ժողովուրդը երբեք չի մոռանա նրանց, ովքեր փրկեցին աշխարհը ֆաշիզմից:
Շնորհավոր տոնդ, ուսուցի՛չ:
Վարդգես ԽԱՆՈՅԱՆ
Խորագիր՝ #18 (1087) 14.05.2015 – 20.05.2015, Պատմության էջերից