Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ՎԱՂՎԱ ԶԻՆՎՈՐԻՆ



Օրերս «Աշխատանք» մարզական ընկերությունում «Այկինդո» կարատեի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվեց Հայաստանի 7-րդ փակ առաջնությունը, որին մասնակցեցին տասնյակ մարզիկներ հանրապետության քաղաքներից ու մարզերից: Մրցանակային տեղեր գրավածները իրավունք ստացան մասնակցելու Հայաստանի բաց առաջնությանը, ինչպես նաև «Եվրոպա», «Եվրասիա», «Կովկաս» միջազգային մրցաշարերին:

-Այս առաջնության նպատակը նախևառաջ լավագույններով և ուժեղագույններով հավաքական կազմավորելն է,- մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի «Այկինդո» կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը:- Մեր անցած ճանապարհը հեշտ չի եղել: Բազում չարչարանքների ու քրտնաջան աշխատանքների շնորհիվ հասանք նրան, որ Հայաստանի մարզերում ու մեծ քաղաքներում բացվեն մասնաճյուղեր: Այսօր արդեն հանրապետական առաջնությանը մասնակցում են մինչև չորս հարյուր մարզիկ-մարզուհիներ:

Ֆեդերացիան իր գործունեությամբ նպաստում է նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը, մտավոր, կամային և ֆիզիկական հատկանիշների, ինչպես նաև ճիշտ աշխարհընկալման ձևավորմանը: Նրանք պատրաստում են վաղվա զինվորին, հայրենիքի վաղվա պաշտպանին,- ասաց ազատամարտիկ Աշոտ Պրազյանը:

Մարզաձևի շատ սաներ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել են գերատեսչական մեդալներով ու պատվոգրերով, արժանացել հատուկ շնորհակալագրերի:

Այս հրաշալի մարզաձեւում մեր սաներն արդեն իսկ միջազգային մրցաշարերում ասել են իրենց խոսքը` դառնալով աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ` Դավիթ Աթանեսյան, Լևոն Մինասյան և Մարտին Այվազյան:

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #18 (1087) 14.05.2015 – 20.05.2015, Բանակ և հասարակություն


14/05/2015