ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐԵՐԸ
Հայրենական Մեծ պատերազմում մեր հաղթանակի 70-ամյակին եւ Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձին էր նվիրված հանդիսավոր միջոցառումը, որը տեղի ունեցավ փոխգնդապետ Վանո Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Ա. Ազարյանի բացման խոսքից հետո հնչում է ՀՀ պետական օրհներգը: Գեներալ-լեյտենանտ Է. Ապրիամովը, գեներալ-մայոր Մ. Չիլինգարյանը և Հայրենական Մեծ պատերազմի վետերան Հ. Սահակյանը կտրում են հուշարձանի ժապավենը:
Բացվում է մի հուշարձան, որն ինչպես մտահղացմամբ, այնպես էլ պատվանդանի իր գրությամբ մնայուն է ու խոսուն.
Անհաղթ, անսասան հայոց բանակի քաջ մարտիկներով`
Հնչեցնելու ենք համազարկերդ խնդության պահին,
Հաղթության պահին:
-Հրանոթն անցել է պատմական ուղի` Հայրենական Մեծ պատերազմ, Արցախյան ազատամարտ, տարել է մի շարք հաղթանակներ, հակառակորդին տվել մեծ կորուստներ, բերվել է պետական սահմանին ծառայություն անցկացնող զորամասերից մեկից, վերանորոգվել է և որպես հուշարձան արդեն կկանգնի սերունդների դեմ և կպատմի մեր հայրերի, պապերի քաջագործություններից,- ասաց հրամանատար, փոխգնդապետ Վ. Հովհաննիսյանը,- մտահղացումը եղել է իմը, և իրականացմանը մասնակից է եղել զորամասի ամբողջ անձնակազմը: Եղել են նաև բարերարներ, որոնց նույնպես հայտնում եմ իմ շնորհակալությունը, որովհետև այս հուշարձանը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի և Շուշին ազատագրող հերոսներին: Այս հրանոթ-հուշարձանը իր պատվանդանին կանգնած հենց այդ է ասում, որ իրեն դիպչող ձեռքն էլ պիտի ամուր լինի, իսկ հաշվարկ անողը` խելացի: Եվ այդպես է կոփվում հաղթանակը, և այդպիսին էին մեր հերոսները,- ասաց հրամանատարը:
Զորամասի մի շարք զինծառայողներ պարգևատրվեցին ինչպես պաշտպանության նախարարության, այնպես էլ ԵԿՄ մեդալներով ու պատվոգրերով:
Միջոցառմանը իրենց կատարումներով ներկաներին գեղեցիկ պահեր պարգևեցին միջնակարգ դպրոցի սաները: Շատ բնական էին, անկեղծ փոքրիկ քույրիկների` Անգելինայի և Անուշի հայրենասիրական ոգեշունչ բանաստեղծությունները: Վերջում տեղի ունեցավ տոնական շքերթ, որին մասնակցեցին զորամասի սպայական, ենթասպայական, պայմանագրային զինծառայողները, ինչպես նաև բանվոր ծառայողներ, որոնց մեծ մասը անցել է Արցախյան ազատամարտի ուղիով:
-Շնորհավորում եմ բոլորիս Մեծ Հայրենականի հաղթանակի և Շուշիի ազատագրման կապակցությամբ: Շուշին գրավելուց եղել եմ Ջանհասանի ուղղությամբ, որի հրամանատարն էր Ս. Օհանյանը,- ասում է Ստեփան Հովսեփյանը:
-Հատուկ գնդի հիմնադիրներից եմ, որի հիման վրա էլ ստեղծվեց մեր բանակը: Պապս և հորեղբայրս էլ եղել են Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներ: Շնորհավորում եմ մեր հաղթանակների առթիվ,- ասաց Գագիկ Գրիգորյանը:
-Մասնակցել եմ Արցախի պաշտպանությանը: Եղել եմ Գուգարքի երկրապահ ջոկատի հրամանատարը: 1992թ.-ից ծառայության եմ անցել բանակում: Իմ ծննդավայրում ես հուշարձան-սրբավայր եմ կառուցել և մշտապես կազմակերպել եմ միջոցառումներ: Շնորհավորում եմ մեր ժողովրդին Մեծ Հայրենականի և Շուշիի ազատագրման առիթով։ Այս հուշարձան-հրանոթը, ի հիշողություն սերունդների, մեր պապերի ու մեր հաղթանակների վկայագիրն է,- ասաց պահեստազորի գնդապետ Սամվել Վանեսյանը:
Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #18 (1087) 14.05.2015 – 20.05.2015, Ազգային բանակ