ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ տարբեր երկրներում տեղի ունեցան ոգեկոչման միջոցառումներ, հանրահավաքներ ու քայլարշավներ: Կանադայում ապրող հայերը նույնպես հավաքվել էին Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու:
Միջոցառումներն սկսվեցին Տորոնտոյի կենտրոնական փողոցներով անցնող քայլարշավով, որին մասնակցում էին նաև այլազգիներ: Քայլարշավի սկիզբը դրվեց Տորոնտոյի Քուինս այգում՝ Կառավարական շենքի մոտ, որտեղ ելույթ ունեցան և իրենց հարգանքի խոսքն ասացին Օնտարիո նահանգի վարչապետ Կեթլին Ուինը, Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, Կանադայի կառավարության հայտնի քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, Կանադայում հայկական եկեղեցիների եպիսկոպոսներ, քահանաներ և այլք:
Հաջորդ օրը Մոնրեալի սուրբ Հովսեփ եկեղեցում մատուցվեց պատարագ՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյակին, որն ավարտվեց մոմավառությամբ՝ ի հիշատակ թուրքական յաթաղանի զոհը դարձած 1.5 միլիոն անմեղ նահատակների:
Ապրիլի 24-ին Կանադայի ամբողջ հայությունը հավաքվեց մայրաքաղաք Օտտավայում: Լայնածավալ միջոցառումներն սկսվեցին Օտտավայի Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ հայ ժողովուրդն իր երախտիքի խոսքն ու շնորհակալությունը հայտնեց Կանադայի իշխանությանը՝ արդարացի որոշում ընդունելու և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Ազգային ժողովի շենքի դիմացից մարդկանց բազմահազարանոց երթը շարժվեց դեպի Թուրքիայի դեսպանատուն, որտեղ էլ տեղի ունեցավ հանրահավաք: Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքվել էին թուրքեր, ադրբեջանցիներ եւ Ցեղասպանությունը ժխտող կոչերով էին հանդես գալիս:
Այդ նույն օրը Կանադայի խորհրդարանը ապրիլի 24-ը Կանադայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարեց:
Գայանե ԻՍՊԻՐՅԱՆ
Կանադա, Տորոնտո