Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԱՏԱՎՈՐԸ



1895 թվականի համիդյան սարսափելի, դաժան կոտորածներից հետո Ուրֆայի հայկական թաղամասը ավերակի էր վերածվել: Ավերակնե՜ր, աղքատությու՜ն, սո՜վ: Ինչպես մեծ ֆրանսիացի Վիկտոր Հյուգոն էր ասել. «Ամեն ինչ ավերակների և սգի մեջ է, այստեղով անցել են թուրքերը»:

Այդ օրերին Ուրֆայի որբերի թիվը շատացել էր, որոնց փրկելու, ապրեցնելու համար բացվեցին մի քանի որբանոցներ, որտեղ հավաքվել էին ծնողներ կորցրած երեխաները:

Որբանոցներ բացելու, երեխաներ հավաքելու գործում մեծ երախտիք ունի ամերիկացի միսիոներուհի միսս Շաթըգը: Նա այս գործում ծախսեց ոչ միայն իր դրամական սուղ միջոցները, այլև սեփական ձեռքերով օգնեց, դարմանեց, ոտքի կանգնեցրեց հարյուրավոր հիվանդների և տեղավորեց նորաբաց որբանոցում:

Միսս Շաթըգը ծնվել է Ամերիկայի Լուիզվիլ քաղաքում: Տասնվեց տարին բոլորած որբ աղջիկ՝ իրեն նվիրում է ուսուցչության դժվարին, բայց երախտավոր գործին: Այնուհետև ուսումը շարունակում է միսիոներական վարժարանում, երեք տարի անց գալիս է Այնթապ և դասավանդում իգական վարժարանում: Մի քանի տարի դասավանդելուց հետո նորից է վերադառնում Ուրֆա և հաստատվում այնտեղ:

Ուրֆայում միսս Շաթըգը բացում է օրիորդաց հատուկ վարժարան, ուր ուսմանը զուգահեռ երիտասարդ աղջիկներին սովորեցնում էին տնարարություն և կար ու ձև:

Տարիների դժվարին, ծանր և հոգնեցուցիչ աշխատանքը քայքայում է Շաթըգի առողջությունը: Մեկնում է Ամերիկա` բուժվելու: Բայց երկար մնալ չի կարողանում: Նրան էին կանչում Ուրֆայի որբերը: Նորից է վերադառնում Ուրֆա և ականատես լինում սոսկալի կոտորածի: Մի քանի օր անց հայկական թաղամասը նմանվում է գերեզմանոցի:

Միսս Շաթըգը ձեռքն է առնում գրիչը և գրում Ամերիկայի և Եվրոպայի հարուստ մարդկանց, կազմակերպություններին, իշխանություն և դրամ ունեցողներին՝ օգնություն խնդրելու, որ սատար լինեն, ձեռք մեկնեն անդունդի եզրին կանգնած մի ժողովրդի: Նրա դիմումները անհետևանք չեն մնում: Դեղորայք ու հանդերձանք, բավական գումար է ստացվում հողագնդի տարբեր ծայրերից: Ստացված գումարը վստահվում է միսս Շաթըգին:

Միսս Շաթըգը քաղաքում հիմնում է երկսեռ որբանոց: Նա նույնիսկ չի մոռանում քաղաքի որբևայրի կանանց. նրանց համար բացում է ձեռագործի արհեստանոց: Ինչպես որբերի, այնպես էլ որբևայրի կանանց ձեռագործ թաշկինակները, սեղանի ծածկոցները, ժանյակները, սփռոցները վաճառվում էին ոչ միայն տեղում, այլև առաքվում էին Մերձավոր Արևելքի երկրներ, Եվրոպա: Գործը այնքան է առաջադիմում ու ծավալվում, որ միսս Շաթըգը մասնաճյուղեր է բացում նաև հարևան գյուղերում` Կարմունջ, Պերճիք, Սևերեկ:

Միսս Շաթըգը որբանոցներին կից բացել էր նաև տարբեր արհեստանոցներ. կոշկակարի, դերձակի, կահույքագործի, երկաթագործի: Ամեն որբ ինքն էր ընտրում իր սիրած արհեստը: Իսկ ովքեր լավ էին սովորում և ցանկանում էին իրենց ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում, Այնթապի կամ Մարաշի ամերիկյան քոլեջներում, միսս Շաթըգը անվերապահ օժանդակում էր՝ ապահովելով նրանց կրթաթոշակը և ապրուստը:

Երբ եկավ 1908 թվականը, գահընկեց արվեց սուլթան Համիդը, երկրով մեկ տարածվեց երիտթուրքերի կարգախոսը` ազատություն, եղբայրություն, հավասարություն: Շատերը դրանից ոգևորված՝ սիրտ առան, հույսեր կապելով Թուրքիայի հետագա ճակատագրի հետ: Միսս Շաթըգը, որ արդեն տարիների փորձով լավ էր ճանաչում թուրքին, այդ օրերին ասաց իր մարգարեական խոսքը. «Կարմիր շունը ընկավ, սև շունը նստեց տեղը, հայե՛ր, զգույշ եղեք միշտ»:

Այդ խոսքը հաստատվեց, երբ սկսվեցին Ադանայի սոսկալի ջարդերը…

Միսս Շաթըգը տեսնելով, որ Թուրքիայի նման դաժան ու արնասեր երկրում հույսի ծառը միայն արցունքով է ջրվում, որոշեց մեկնել Ամերիկա՝ միջոցներ հայթայթելու, այս անգամ արդեն Ադանայի որբերի համար: Մեկնելուց առաջ, վերջին գիշերը, նա որբերին հավաքեց իր շուրջը: Շատերը թաքուն արտասվում էին: Նրանք երգեցին միսս Շաթըգի սիրած հայկական երգերը: Նա էլ երգեց հայերեն: Երբ եկավ հրաժեշտի պահը, նա` այդ երկարահասակ, անհողդողդ կինը, փշրվեց, լաց եղավ, ասելով, թե ինքը բոլորին սիրում է մոր նման, չնայած անձամբ մայրական սեր չի տեսել: Նա գիտեր, որ այս հանդիպումը վերջինն է: Այդպես էլ նա ասաց որբանոցի բժշկին. «Մեր մյուս տեսությունը երկնքում կլինի»:

Միսս Շաթըգը Ամերիկա է հասնում բոլորովին տկար, գրեթե ուժասպառ: Նրան անմիջապես տեղավորում են Բոստոնի հիվանդանոցը, որտեղ էլ նա կնքում է իր մահկանացուն: Ներկաներից մեկը պատմում է, որ միսս Շաթըգը վերջին պահին լաց է եղել և ասել, թե «մեռնում է օտարության մեջ, իր սիրելի որբերից ու ժողովրդից հեռու»:

Բորիս ԱՍԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ #18 (1087) 14.05.2015 – 20.05.2015, Պատմության էջերից


14/05/2015