Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՇԱԹԱՂԻՆ ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԹՆԱՑՈՒՄ Է ՊԵՏՔ



…Քաշաթաղի խնդիրները հաշվել չի լինի. շատ են… Բայց ավելի անհանգստացնում է մշակութային կյանքի պասիվությունը կամ դրա բացակայությունը…

…Թշնամու աչքը այսօր էլ Քաշաթաղի վրա է: Պետք է նաեւ մշակույթով մարդկանց կապել հողին, որ այն ամրանա…

Պատառիկներ Անիի եւ Աննայի զրույցներից

Անիի եւ Աննայի հետ ծանոթացել եմ ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: Նրանք պարբերաբար հանդես են գալիս նախաձեռնություններով, ձմռանը առաջարկում են Ձմեռ պապ դառնալ Քաշաթաղի փոքրիկների համար, գարնանը, ամռանը` շինանյութով օգնել բնակարանը բարելավելու կարիք ունեցողներին եւ այլն: Հիմա էլ նախատեսում են մայիսի 16-ին եւ 17-ին Բերձորի ազատագրմանն ընդառաջ կազմակերպել ազգային երգ ու պարի, ազգային խաղերի ուսուցում, ֆիլմերի դիտումներ… Նոր ծրագրեր` ինչքան ասեք… Ասում են` գուցե աննշան, շատ փոքր բաներ են իրենց արածները, բայց խիստ անհրաժեշտ են քաշաթաղցուն:

-Մարդիկ ուղղակի երազում են, որ մեկը հյուրընկալի իրենց, զրուցի, միջոցառում կազմակերպի: Միշտ ասում են` ախր միայն հեռուստացույցով ենք երգ լսում, այդպես ո՞նց կլինի… Մենք որոշել ենք ոչ միայն միջոցառումների շարք նախաձեռնել, այլեւ ուսուցում կազմակերպել: Մեզ իրենց անշահախնդիր օգնությունն ու աջակցությունն են առաջարկել «Կայթ» ավանդական երգի-պարի համույթը, ազգային երգի կատարողներ Հակոբ Հակոբյանը, Սիրարփի Օհանյանը, Գոհար Մարտիրոսյանը, Տարոն Գրիգորյանը, «Աշխարհազոր» հասարակական կազմակերպության նախագահ Րաֆֆի Գեւորգյանը, ինչպես նաեւ Street Workout Armenia ֆեդերացիան, որը կսովորեցնի ճիշտ մարզվել: Վարչակազմը կհոգա կեցության հարցերը, իսկ պաշտպանության նախարարության տրամադրած ավտոբուսը բոլորին կհասցնի Քաշաթաղ: Հուսով եմ, որ կկարողանանք մի քիչ մշակույթ ներարկել սոցիալական խնդիրներով ապրող մարդկանց կյանք, տրամադրություն փոխել…,- ասում է 1996 թվականից Քաշաթաղի Աղավնատուն համայնքում բնակություն հաստատած Անին, ապա ավելացնում, որ շրջանի մշակութային մեկուսացումը ամենավտանգավոր մարտահրավերն է այսօր:

Իսկ ընկերուհին` Աննան, համոզված է` Քաշաթաղին հոգեւոր-մշակութային արթնացում է պետք: Հետո էլ ինձ պատմում է Քաշաթաղ իր առաջին այցելության, տեղի բնության, աշխատող, արարող ու բարի մարդկանց մասին, անհավանական մեծ աստղերով երկնքի մասին…

-Այնտեղ ամեն քար խաչքար է, որ վկայում է հողի հայկական լինելը: Աղավնատուն համայնքում, օրինակ, 17-րդ դարի եկեղեցի ունենք, բայց վերացման եզրին է: Պատերազմի ժամանակ է վնասվել, մի պատն է միայն կանգուն… Երեւանում ամեն օր մի նոր եկեղեցու հիմք են գցում, փոխանակ հինը, ավերվողը փրկեն… Ազատագրված գյուղերի բնակիչները աղոթելու տեղ չունեն, պատարագ լսելու հնարավորություն չունեն, էլ չեմ խոսում թատրոնի կամ թանգարանի մասին… Հոգեւոր-մշակութային պահանջմունքների բավարարումը կենսական անհրաժեշտություն է Քաշաթաղում. չէ՞ որ մարդը միայն հացով չի ապրում:

Ես լսում եմ քսանը հազիվ բոլորած աղջիկներին, և ինձ հպարտության զգացում է համակում. նրանք անտարբեր չեն իրենց երկրի հոգսերին կամ, ավելի շուտ, երկրի հոգսը իրենցն են համարում… Նրանք համոզված են, որ շատ խնդիրներ կարելի է նույնիսկ փոքր միջոցներով ու քիչ հնարավորություններով լուծել, միայն թե ցանկություն լինի, նվիրում լինի…

Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #18 (1087) 14.05.2015 – 20.05.2015, Բանակ և հասարակություն


14/05/2015