Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՍԻՐՈ ՏՈՒՐՔ



Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում բացվեց ռազմաբժշկական թանգարան: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, ռազմաբժշկական ֆակուլտետի դասախոսներ, կուրսանտներ, Հայրենական և Արցախյան պատերազմի մասնակից բժիշկներ: Թանգարանի բացման պատիվը շնորհվեց նախարար Սեյրան Օհանյանին և 2000 թվականի հունվարի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված բժիշկ Կարո Հեբոյանի այրի Արմինե Ամյանին: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, պրոֆեսոր, բ/ծ գնդապետ Սամվել Գալստյանն իր ելությում նշեց, որ Ռազմաբժշկական թանգարանի ստեղծումը եղել է տարիների երազանք: Մի թանգարան, որը կդառնար փոքրիկ սրբավայր, իր հարկի տակ կհավաքեր Արցախյան պատերազմում հանուն հայրենիքի ազատագրության սեփական կյանքը զոհած բժիշկների մասունքները, հայ բուժաշխատողների սխրանքների մասին պատմող վավերագրեր, լուսանկարներ… Իր հույզերը, խոհերը ներկաներին փոխանցեց նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը: Ներկաներին ռազմաբժշկական թանգարանի բացման առիթով շնորհավորեց նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «2015 թվականը լի է հիշատակելի իրադարձություններով, որոնք հիշատակում էին մեր պատմությունը, անցած ճանապարհը, մեր կորուստներն ու ձեռքբերումները, մեր պատմության ողբերգական էջերը… Նաև մեր փառահեղ հաղթանակները: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակ, Շուշիի ազատագրում և ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծում: Բոլոր հաղթանակների կերտման գործում իրենց մեծ դերն են ունեցել հայ բժիշկները, ովքեր կանգնած են եղել մեր զինված ուժերի կազմավորման ակունքներում: Նրանք ոչ միայն իրենց ուսերին կրեցին պատերազմի դժվարությունները, այլև խաղաղ բանակաշինության տարիներին դարձան առողջ զինվորի եւ մարտունակ բանակի երաշխավորը: Ուստի մենք պիտի ամրագրենք մեր հիշողությունները, հանձնենք սերունդներին՝ իբրեւ փառք ու հպարտություն, և թանգարանի ստեղծումը ամենակարևոր քայլերից մեկն է այդ առումով»:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով` ՀՀ պաշտպանության նախարարության հետ երկարատև համագործակցության, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 21-րդ տարեդարձի և ռազմաբժշկական թանգարանի բացման կապակցությամբ «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվեց Հայրենական մեծ պատերազմի մասնակցին հավասարեցված անձ Սերգեյ Եղիկյանը, «Դրաստամատ Կանայան» մեդալով` ԵՊԲՀ տնտեսական աշխատանքների գծով վարչության պետ, Արցախյան ազատամարտի մասնակից Սամվել Բարոյանը, ԵՊԲՀ հյուսվածքաբանության ամբիոնի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Արտաշես Ազնավուրյանը, ԵՊԲՀ ռազմաբժկական ֆակուլտետի ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս, բ/ծ մայոր Սուրեն Լաբոյանը, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ուսումնական մասի պետ, ավագ լեյտենանտ Գայանե Հովհաննիսյանը: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի հոբելյանական մեդալով` Հայրենական մեծ պատերազմի մասնակից, փիլիսոփայության ամբիոնի նախկին վարիչ Վլադիմիր Դարբինյանը: Ռազմաբժշկական ֆակուլտետի 2 կուրսանտներ պարգևատրվեցին արժեքավոր նվերներով: Նախարար Սեյրան Օհանյանը ՊՆ խորհրդանշական նվեր հանձնեց թանգարանին:

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #18 (1087) 14.05.2015 – 20.05.2015, Բանակ և հասարակություն


14/05/2015