ՍԱԿՐԱՎՈՐՆԵՐԸ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ
Դժվարին է սակրավորի մասնագիտությունը: Նրանք իրենց ծառայությունը հիմնականում իրականացնում են սահմանից այն կողմ, գրեթե հակառակորդի քթի տակ, ինչու չէ, եթե հարկ լինի, նաև նրա թիկունքում: Հերթական գործուղման ժամանակ զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Մանվել Գրիգորյանի հետ ուսումնական վարժարանում ներկա էինք ինժեներասակրավորային վաշտի մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնական պարապմունքին, որ անցկացնում էին ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Արման Սահրադյանն ու դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հովսեփ Կիրակոսյանը:
-Անցած ուսումնական տարում մեր սակրավորները լավ կատարեցին մարտական պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները: Հերթական ուումնական տարվա ձմեռային փուլն էլ հաջող ենք մեկնարկել, և հուսով ենք, որ արդյունքները կլինեն ավելի բարձր,- մեզ հետ զրույցում հույս հայտնեց հրամանատարի տեղակալը:
♦♦♦
Վաշտի հրամանատարի կողմից տրվեց առաջադրանքը, այն է` ականապատել պայմանական հակառակորդի հետ շփման գծի մի որոշակի տարածք, իսկ դասակի հրամանատարին հանձնարարվեց հսկել դրա կատարման ընթացքը: Նախ ավագ լեյտենանտ Հովսեփ Կիրակոսյանը առաջադրանքի կատարման մեջ ընդգրկված ջոկի զինվորներին ներկայացրեց առաջադրանքի էությունը, հստակեցնելով նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը, որից հետո միայն տրվեց կատարման մեկնարկը:
-Ջո՛կ, հավսա՛ր, զգա՛ստ: Լսի՛ր մարտական հրամանը:
Մենք գտնվում ենք հյուսիս – արևելք 40 աստիճանի անկյան տակ: Մեր հետևում 500 մետր հեռավորության վրա բլուրն է: Մեր դիմացից հակառակորդը ներթափանցել է մեր պաշտպանության շրջան և ամրացել ճանապարհի ոլորանի և գրոհաշինության աջ անկյունում: Մենք ստացել ենք խնդիր՝ կասեցնել հակառակորդի առաջխաղացումը` ականներ տեղադրելով: Կրակային միջոցներն են՝ 1-ին դասակի գնդացիրն ու դիպուկահարները:
-Ջոկի հրամանատա՛ր, անցնե՛լ ականադաշտի տեղադրմանը:
Ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գարիկ Անդրոյանը միակողմանի լապտերն ձախ ձեռքում, իսկ միջականային հեռավորությունը նշող լարն՝ աջում, սողեսող շարժվեց առաջ՝ ծնոտով փոքրիկ ակոս բացելով հողի վրա… Տեսնել էր պետք, թե ինչ զգուշորեն ու աչալրջորեն էր կրտսեր սերժանտը շարժվում առաջ, կարծես դիմացը ոչ թե պայմանական հակառակորդն էր, այլ իսկական… Երբ մինչև 60 մետր հեռավորություն ունեցող ականաքողը բացվեց, ջոկի հրամանատարը նշված միջոցներով ազդանշան տվեց երկրորդ հաշվարկին, որի առաջին համարը` շարքային Հարություն Համբարձումյանը, նկատելով ազդանշանը, զգուշավորությամբ շարժվեց առաջ: Հասնելով տեղ՝ մեր սակրավորները սկսեցին ականապատման գործողությունը: Նախ սակրավորի բահով հողը զգուշորեն կտրեցին ճիմը` շուռ տալով դեպի հակառակորդը, որից հետո այն խորացրին: Հակատանկային ականը տեղադրելուց առաջ հանեցին մարտական ապահովիչը, սեղմեցին մարտական կոճակը` պայթուցիչը բերելով մարտական վիճակի:
Ի դեպ, կրտսեր սերժանտ Մուրազ Մուրազյանի հրամանատարությամբ գործող երկրորդ ջոկն էլ առաջադրանքը կատարեց ճշգրտորեն ու սահմանված ժամկետում:
-Սակրավորը երբ գնում է ական տեղադրելու, նրան էլ ոչինչ չի հետաքրքրում. ինքն է ու ականը, ինքն է ու առաջադրանքի կատարումը,- մեզ հետ զրույցում ասաց ջոկի հրամանատար կրտսեր սերժանտը:
Անկախ եղանակային պայմաններից` ձյուն, անձրև, քամի, միևնույն է, սակրավորն իր գործը պետք է կատարի, կատարի վայրկյանի ճշգրտությամբ՝ գործադրելով ջանք ու ճիգ: Սակրավորի մասնագիտությունը, ինչպես ասում են, ամեն մարդու բան չէ: Ով գեթ մեկ անգամ ուսն առած սակրավորի պարկը քայլելով լեռներ բարձրանա, արգելքներ հաղթահարի, նոր կհասկանա, թե սակրավորը հոգեբանական պատրաստվածությունից բացի, ֆիզիկական ուժի ու կոփվածության ինչպիսի ահռելի պաշար պետք է ունենա: Իսկ այդ ամենին սակրավորները հասնում են ամենօրյա մասնագիտական պարապմունքների, քրտնաջան ու դժվարին վարժանքների շնորհիվ:
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր