Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՐԱՊԱՀԻ ԱՆՈՒՐԱՆԱԼԻ ՎԱՍՏԱԿԸ



Մայիսի 8-ին նշվեց Երկրապահի օրը: Տոնական միջոցառումներ տեղի ունեցան ոչ միայն Երևանում, Ստեփանակերտում, ՀՀ և Արցախի մարզերում ու համայնքներում, այլև սփյուռքում: Էջմիածնի Մայր տաճարում և Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվել է սուրբ պատարագ` ազատամարտի զոհերի հոգիների հանգստության համար:

Ազգային տոնացույցում մայիսի 8-ը արդեն քսաներկու տարի նշվում է առանձնահատուկ շուքով ու հանդիսավորությամբ։ Երկրապահի օրվան նվիրված գլխավոր միջոցառումները սկսվեցին վաղ առավոտյան` Երկրապահ կամավորականների միության վարչությունում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ: Նախարար Ս. Օհանյանը տոնի կապակցությամբ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին պարգևատրեց սրով՝ մաղթելով, որ այն ծառայի հայրենիքի պաշտպանությանը: Այնուհետեւ՝ հանդիսավորությամբ օծվեցին ԵԿՄ վարչության բակում տեղադրված 15 խաչքարերը, աղոթատեղին: Հանդիսավորությամբ բացվեցին պատանի երկրապահների ուսուցման կենտրոնը, գրադարանը, թանգարանը և մարզահրապարակը: Պուրակի բացումից հետո ներկաներն ուղևորվեցին Եռաբլուր, որտեղ ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտում զոհվածների շիրիմներին:

Իր խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծեց երկրապահ կամավորականների դերակատարությունը Արցախյան ազատամարտի տարիներին՝ հավելելով, որ այսօր էլ նրանք մեծ ներդրում ունեն պետության և բանակի կայացման գործում:

-Մեր հայկական տոնացույցում երկու ամիս կա, որը խորհրդանշական է: Սեպտեմբերը՝ անկախության ամիսը, և մայիսը՝ մեր հաղթանակների ամիսը: Մեր պապերը, մեր հայրերը տվել են մեզ այն քաջությունը, որն արտացոլվել է Արցախյան ազատամարտի ժամանակ: Եվ Հաղթանակի օրը մենք մեր ժողովրդին, մեր պապերին, մեր հայրերին նվիրել ենք եռատոն: Կարծում եմ, որ Արցախյան ազատամարտն առանձնահատուկ է կամավորական շարժմամբ: Տարիների ընթացքում երկրապահ կամավորների միությունն ապացուցել է, որ զարգացող կառույց է և այսօր մեծ գործունեություն է ծավալում մեր մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության, հասարակական տարբեր խմբերի սոցիալական խնդիրների լուծման հարցերում, – ասաց նախարարը:

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն էլ իր հերթին շնորհավորելով հայ ժողովրդին Երկրապահի օրվա կապակցությամբ, վստահեցրեց, որ հայ ժողովրդին դեռ շատ հաղթանակներ են սպասվում.

– Ես վստահում եմ մեր նոր սերնդին, պատանի երկրապահներին, որ մեզանից 10 անգամ ավելի հզոր մարդիկ են լինելու այս երկրի համար:

Կեսօրին պաշտոնական միջոցառումները տեղափոխվում են Վաղարշապատ: Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Բ-ի որոշմամբ, արդեն երկրորդ տարին Էջմիածնի Մայր տաճարում մատուցվում է սուրբ պատարագ` ազատամարտի զոհերի հոգիների հանգստյան համար: Պատարագից հետո Երկրապահի օրվա առիթով կազմակերպված հանդիսության ժամանակ ընթերցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը` Երկրապահի օրվա կապակցությամբ մի խումբ ազատամարտիկների և զինծառայողների պետական պարգևներ հանձնելու վերաբերյալ: Ազատամարտիկները և զինծառայողները պարգևատրվեցին նաև ԱԺ նախագահի, պաշտպանության նախարարության կողմից:

ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանին արժանացավ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Բ. ԱԹԱՆԵՍՅԱՆ

Խորագիր՝ #18 (1087) 14.05.2015 – 20.05.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


14/05/2015