Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՈՒՏԻՆ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԱՐՃ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԱՎԱՐՏԵԼ ՇՔԵՐԹՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԱԾ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԲՈԼՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ



Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր է առաջադրել՝ ամենակարճ ժամկետում ավարտել շքերթում ցուցադրված ցամաքային ուժերի համար նախատեսված տեխնիկայի բոլոր փորձարկումները: Այս մասին նա ասել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զարգացման հարցերով հանդիպման ժամանակ:

«Մենք պետք է հնարավորինս արագ ավարտենք բոլոր փորձարկումները և անցնենք զանգվածային արտադրության», – ընդգծել է Պուտինը:

Պետության ղեկավարը հատուկ ուշադրություն է հատկացրել ցամաքային զորքերի վերազինմանն ու արդեն իսկ առկա սպառազինութան և ռազմական տեխնիկայի արդիականացմանը: «Այս տեխնիկայի մի մասը առաջին անգամ ցուցադրվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթի ժամանակ: Նոր տեխնիկան իր մարտավարական ու տեխնիկական բնութագրերով էապես գերազանցում է արտասահմանյան նմանօրինակ տեխնիկային և ընդհանուր առմամբ արժանացել է ռազմական մասնագետների բարձր գնահատականին»,- ասել է նա:

Նախագահն ընդգծել է, որ միևնույն ժամանակ պետք է օգտագործել նաև ռազմական տեխնիկայի նախկինում ունեցած բոլոր հնարավորությունները. «Դրանց ներուժը չի սպառվել, պետք է մտածել արդիականացման մասին»:

Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթի ժամանակ մասնավորապես ցուցադրվել են տանկեր և հետևակային մարտական մեքենաներ «Արմատա» հարթակի վրա, զրահամեքենաներ «Բումերանգ» և «Կուրգանեց-25» հարթակների վրա, ինչպես նաեւ «ԽՏՈսՌՓՌÿ-հԹ» նորագույն ինքնագնաց հրետանային սարքավորումը:

Նախագահ Պուտինը նշել է, որ առաջիկա հանդիպման ժամանակ մանրամասնորեն կքննարկվի Ավիատիեզերական պաշտպանության զորքերը և ռազմավարական միջուկային ուժերը սարքավորումների պետական պաշտպանական պատվերի շրջանակներում համալրելու հարցը, քանի որ դրանք հատուկ նշանակություն ունեն պետության անվտանգության ապահովման և միջազգային կայունության պահպանման համար: Ռուսաստանի նախագահը նշել է, որ այդ ուժերը պետք է պատրաստ լինեն իրենց առջև դրված խնդիրների անհապաղ լուծմանը:

Պետության ղեկավարը նշել է, որ աշխատանքներ են տարվում առաջատար հակահրթիռային համակարգերի ստեղծման ուղղությամբ, որոնք ունեն մեծ հնարավորություն գերազանցելու գոյություն ունեցող հակահրթիռային համակարգերը: Նախագահը նշել է նաև, որ ընդլայնվում է տիեզերական սարքավորումների ուղեծրային խումբը, կատարելագործվում է վերգետնյա տիեզերական ենթակառուցվածքը:

Պատրաստեց Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Խորագիր՝ #19 (1088) 21.05.2015 – 27.05.2015, Ռազմական


21/05/2015