ԻՄԱՍՏԱԼԻ ՈՒ ԲԱՐԵՀՈՒՆՉ
Զրույց լեզվաբան, թարգմանիչ Սարգիս Մարգարյանի հետ
-Պարոն Մարգարյան, անվիճարկելի է, որ ազգային բանակում պիտի իշխի մայրենի լեզուն, սկսած տարրական գրագրությունից մինչև դասագրքեր, բանավոր խոսքից մինչև տերմիններ: Հայկական բանակի կազմավորման առաջին օրվանից խնդիր առաջացավ խորհրդային բանակի ավանդույթները` այդ թվում և ռուսերենը ժառանգած ազգային բանակի լեզուն դարձնել հայերեն: Եվ այդ գործի ակունքներում կանգնած լեզվաբաններից մեկն էլ Դուք եք եղել: Հետաքրքիր է` ինչի՞ց եք սկսել, դժվա՞ր էր գտնել զինվորական բառապաշարի ու տերմինների հայերեն համարժեքները:
-Երբ ինձ հրավիրեցին ծառայել ազգային բանակում, ամեն ինչ դեռևս նախնական վիճակում էր, և պետք էր ամեն ինչ սկսել զրոյից` թարգմանել համազորային կանոնադրությունները, դասագրքերը, ուսումնական և մեթոդական ձեռնարկները, ծրագրերը և այլն: Մենք թարգմանեցինք և հրատարակեցինք 25 անուն գրականություն:
-Ձեր թարգմանած գրքերը մտնու՞մ են այդ քսանհինգի մեջ:
-Այո՛, ինը գիրք անձամբ ես եմ թարգմանել:
-Ես ծանոթ եմ Ձեր «Ռազմական տերմինների համառոտ բացատրական բառարանին»: Գիրքը շատ կարևոր է և ուսանելի, այն սովորեցնում է ռազմական տերմինների իմաստը և ճիշտ գործածության կարգը:
-Կարծում եմ` բառարանը անհրաժեշտ է բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են զինվորական ոլորտով, նաև դպրոցականներին, որոնք զորակոչվելու են բանակ և ամեն քայլափոխի շփվելու են զինվորական տերմինների հետ:
-Տերմինների թարգմանությունը շատ բարդ ու պատասխանատու գործ է, որովհետև յուրաքանչյուր վրիպում կարող է աղավաղել լեզուն, փոխել բառի նախնական իմաստը: Հետո արդեն դժվար կլինի ազատվելը այն բառից, որը գործածության մեջ է դրվել: Ի՞նչ սկզբունքով եք ընտրում համարժեքները:
-Անշուշտ, շատ կարևոր է ընտրել թարգմանվող տերմինի ճիշտ համարժեքը, որը կարտացոլի բառի ամբողջ և իսկական իմաստը: Ռազմական գրականություն թարգմանելիս թարգմանիչը պետք է շատ լավ տիրապետի ոչ միայն երկու լեզուներին, այլև զինվորական բառապաշարին: Տերմինները պետք է չունենան հոմանիշներ և զուգահեռներ: Եվ պետք է հավատարիմ լինեն բառի ռազմական բովանդակությանը:
-Ես հայերեն զինվորական տերմինաբանության մեջ հանդիպել եմ մի շարք բառերի, որոնք ակնհայտորեն թարգմանության հեղինակն է ստեղծել:
-Դրանք պետք է չլինեն անհարթ, շինծու և անբարեհունչ, պետք է արտացոլեն բառի բուն իմաստը: Ես շատ նախանձախնդիր եմ այդ հարցում: Ինքս նույնպես ստեղծել եմ մի շարք նոր բառեր, օրինակ` консервация բառը պահածոյացում թարգմանելիս` բառը զուգորդվելու էր պահածոյի հետ, մինչդեռ խոսքը ռազմական տեխնիկայի մասին է, ուստի մենք օգտագործեցինք «պահածում» տերմինը: «Колонна»-ն սյունն է, բայց ակնհայտորեն որպես ռազմական տերմին պետք է օգտագործել շարասյունը, «упреждение» բառը նախապես թարգմանվել էր կանխում, բայց նրա զինվորական գործառույթը առաջնանշանառումն է:
-Իսկ պե՞տք է, որ բոլոր տերմինները թարգմանվեն: Կան բառեր, որոնք ամուր նստած են մեր բառապաշարում և շատ բարեհունչ են, թեև հայերեն չեն:
-Ես կարծում եմ` ո՛չ: Կան տերմիններ, որոնք այնքան ամուր են նստած մեր գիտակցության մեջ և այնքան են հայացել, որ ցանկացած թարգմանություն կլինի շինծու և արհեստական: Օրինակ՝ պետք չէր շրջանառության մեջ դնել տանկ բառի հրասայլ թարգմանությունը:
-Եվ տանկիստին ասել հրասայլիստ:
-Այդ թարգմանությունը չաշխատեց: Այսօր կրկին գործածվում է տանկը: «Պրապորշչիկ» տերմինը կարելի էր թարգմանել «վառատար», ինչպես եղել է գրաբարում, «ենթասպա» կամ ինչպես, ասենք՝ «լեյտենանտը» չենք թարգմանել: Վառ հին հայերենում նշանակել է դրոշակ, վառատար նշանակում է դրոշակ տանող, ինչը այսօր չի համապատասխանում ենթասպայի ծառայողական պարտականություններին: Ու քանի որ ենթասպա բառը և՛ հայերեն է, և՛ բարեհունչ է, և չկա իմաստային շեղում, մենք «պրապորշչիկը» փոխարինեցինք ենթասպայով:
Կան լեզվաբաններ, որոնք կողմ են յուրաքանչյուր բառ, տերմին թարգմանելուն, ավելի ճիշտ` նոր սարքված բառերով փոխարինելուն, ու հաճախ պարզապես ծայրահեղության և զավեշտի ենք հասնում: Ինքներդ էլ լսած կլինեք նման բազմաթիվ բառեր:
– Խնդրում եմ, խոսեք նաև հանրակրթական դպրոցներում դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 4 դասագրքերի մասին, որոնք այսօր լրամշակվում և հրատարակվում են: Դուք խմբագիրն եք, խմբի ղեկավարը գնդապետ Վարդգես Օհանյանն է, ռազմական խորհրդատվությունը կատարել է գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը:
-Նախնական զինվորական պատրաստության դասագիրքը տալիս է նախնական ռազմական գիտելիքներ, սովորեցնում է արտակարգ իրավիճակներում գործելու, ինչպես նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելու ձևերը: Դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակությունը «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ամենակարևոր խնդիրն է:
-Ի՞նչ բաժիններից է բաղկացած ՆԶՊ առարկայի դասագիրքը:
-Բաղկացած է հետևյալ բաժիններից` ռազմարվեստի պատմություն, ԶՈՒ համազորային կանոնագրքեր, մարտավարության հիմունքներ, կրակային պատրաստություն, շարային պատրաստություն, ռազմական տեղագրություն, միջազգային մարդասիրական իրավունք, անվտանգ կենսագործունեություն, առաջին բուժօգնության հիմունքներ: Բոլոր դասագրքերում ներկայացված են ազգային հերոսները, Արցախի հերոսները, ռազմական տերմինների համառոտ բառացանկը: Կազմի վրա Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ պետական օրհներգերն են զետեղված: Ներկայացվում են հայոց հաղթական ճակատամարտերը, ռազմական ոլորտի մեծերը` սկսած ամենավաղ ժամանակներից: Այնուհետև 20-րդ դարասկզբի կամավորական շարժումը, Արցախյան շարժումը և այլն:
Ես կարծում եմ, որ «Նախնական զինվորական պատրաստության» դասագրքերը մեծապես նպաստում են առարկայի դասավանդման արդյունավետությունը բարձրացնելուն, մնում է զինղեկները սրտացավորեն ու լիարժեք կատարեն իրենց պարտականությունները, դպրոցականներին հաղորդեն այն բոլոր գիտելիքները, որոնք անհրաժեշտ են գալիք զինծառայության ժամանակ, և նրանց հոգում արթնացնեն հերոս նախնիների հետնորդը լինելու պատրաստակամությունը, այն ուժն ու հպարտությունը, որը անխախտելիորեն ծնվում է մեր ժողովրդի անցյալի հերոսական դրվագների հետ առերեսվելիս:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Մեր թերթի 1994 թ. օգոստոսի No 18 և No 20 համարներում հոդվածներ տպագրվեցին «Ռազմական տերմինաբանության մասին» վերտառության ներքո: ՀՀ նորաստեղծ զինված ուժերի համար այդ խիստ կարևոր ձեռնարկը ինչ-ինչ պատճառներով իր շարունակությունը չունեցավ:
Հաշվի առնելով, որ հաճախ շփոթում են հայերեն ռազմական տերմինների կիրառությունը, նպատակահարմար ենք գտնում շարունակել նախկինում սկսած «Ռազմական տերմինաբանության մասին» բաժինը:
Դիտարկենք ռուսերեն «Пароль», «Пропуск», « Пропуск и Отзыв» տերմինների հայերեն համարժեքները:
1. Որպես ռուսերեն « Пароль » տերմինի համարժեք, հայերենում ընդունված է Նշանաբառ տերմինը: Այս տերմինը պահակային ծառայության արարողակարգի համար սահմանված գաղտնի բառ է, որը կիրառվում է պահակախմբի փոխարինման ժամանակ: Նշանաբառը սահմանվում է (նշանակվում է) կայազորի զինվորական պարետի կողմից (իսկ ներքին պահակախմբերի համար` զորամասի շտաբի պետի կողմից) ամեն օր` յուրաքանչյուր պահակախմբի համար առանձին: Նշանաբառը, որպես խիստ գաղտնի փաստաթուղթ, պարտադիր կարգով պահպանվում է կնքված թղթապանակում: Պահակախմբերի փոխարինման ժամանակ խստիվ արգելվում է նշանաբառը հայտնել ձայնով: Նշանաբառը հարցնողին հայտնում են միայն գրությամբ, որից հետո գրությունն անհապաղ ոչնչացվում է:
2. Որպես ռուսերեն ռազմական « Пропуск Ս» տերմինի համարժեք, հայերենում ընդունված է Անցագիր ռազմական տերմինը: Անցագիրը որևէ զինծառայողի անձը հաստատող լուսանկարով փաստաթուղթ է, որը նրան իրավունք է տալիս մտնել զորամաս, պահպանվող օբյեկտ, փակ տիպի ձեռնարկություններ և հիմնարկներ: Անցագիրը, որպես կանոն, լինում է մեկանգամյա, ժամանակավոր կամ մշտական: Կան նաև ավտոմեքենաների մուտքի, իրեղեն, գույք և այլն դուրս բերելու իրավունքի անցագրեր:
3. Որպես ռուսերեն « Пропуск и Отзыв » բառերով արտահայտված տերմինների հայերեն համարժեք ընդունված են Անցաբառ և պատասխան տերմինները: Անցաբառ տերմինը գաղտնի բառ է, պատասխան բառի հետ միասին ծառայում է որպես սեփական զինծառայողներին (յուրայիններին) ճանաչելու միջոց: Անցաբառը սահմանվում է ամեն օր և հրամանատարի կողմից տեղյակ պահվում պահակային պահպանության և հետախուզության անձնակազմերին, ինչպես նաև առանձին տեղակայված ստորաբաժանումներում պահակային ծառայության կատարման ժամանակ` պարեկներին:
Որպես Անցաբառ` կիրառվում է սպառազինության, ռազմական տեխնիկայի կամ ռազմական հանդերձանքի անվանումը, օրինակ` նռնակ բառը, իսկ որպես պատասխան` նույն տառով սկսվող տեղանուն, օրինակ` Նեապոլ: Պատասխանը չիմացող անձինք ձերբակալվում են, տարվում հրամանատարի մոտ և հարցաքննվում են:
Սարգիս ՄԱՐԳԱՐՅԱՆ
Խորագիր՝ #19 (1088) 21.05.2015 – 27.05.2015, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում