Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՈ ՄԵՂՄ ՈՒ ԲԱՐԻ ԺՊԻՏԸ…



Մայիսի 9-ին լրացավ ամուսնուս` ազատամարտիկ Ավետիս Ալբերտի Օհանյանի ծննդյան 52-ամյակը, իսկ մայիսի 26-ին` զոհվելու 22-րդ տարելիցը: 1995թ. նա հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և 1992թ.` «Արցախի մայրերի երախտագիտություն» հուշամեդալով:

Փորձում եմ թաքցնել աչքերիս արցունքը, ուզում եմ հաշտվել այն մտքի հետ, որ կորցրածս անգին է, մի թանկարժեք ադամանդ, որն այդպես էլ չկարողացա կրել մինչև վերջ:

Սիրտս նման է փոթորկված մի ծովի: Հոգիս տակնուվրա է լինում, այս ու այն կողմ են զարնվում բազմաթիվ անկատար երազանքներս և հօդս ցնդում մշուշի պես:

Որդիներիս գուրգուրելիս կարծես ինչ-որ բան կիսատ է մնում, իսկ երբ մենակ եմ լինում` խեղդվում եմ հիշողությունների հեղեղից: Ինձ հետ են այն բոլոր քաղցր հուշերը, նրա մեղմ ու բարի ժպիտը, ջերմ քնքշանքներն ու չիրականացած երազները:

Բայց ոչինչ, իրականացավ ամենագլխավորն ու ամենաբյուրեղյան` ամուսնուս, զավակներիս, մեր բոլորի նվիրական երազանքը: Ազատագրվեց Արցախը, ապրեց Մարտակերտը, վեր հառնեց Շուշին, իսկ գիշերային մթության մեջ «Լուսե հարս» դարձավ չքնաղ Ստեփանակերտը:

Ունենք հզոր և ուժեղ հայկական բանակ, որտեղ ծառայել են մեր 3 որդիները, և ես հպարտ եմ, որ ունեմ զինվորական ընտանիք:

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ
ավագ ենթասպա

Խորագիր՝ #19 (1088) 21.05.2015 – 27.05.2015, Ճակատագրեր


21/05/2015