ՇԵՆԳԱՎԻԹ – ԱՐՑԱԽ
Երևանի Շենգավիթ համայնքի թիվ 126 մանկապարտեզի սան, երեքամյա Յուրա Խահրամյանը մոր ձեռքը համառորեն քաշքշում էր՝ իմանալու, թե ինչ են դնում սպիտակ ծրարների մեջ և ում են տալու… Մեջը ո՛չ քաղցրավենիք կար, ո՛չ էլ՝ խաղալիք… Դե՛, երեքամյա երեխայի հետաքրքրասիրությունը սահմաններ չունի. պիտի մի հեքիաթ հորինես, որ հանգստանա։
-Գուցե բացատրենք, որ հանգստանա,- տեղի տվեց հայրը:
Եվ ամուսիններով սկսեցին բացատրել, որ Արցախում ծառայող շենգավիթցի զինվորին նամակ են գրում, որ զինվորը այն մարդն է, ով պաշտպանում է իրեն ու իր մայրիկին, որ սահմանին կանգնած զինվորը շատ է կարոտում իր հայրիկին ու մայրիկին, քույրիկին ու եղբորը, բայց չի կարող ամեն օր տեսնել նրանց, որ փոքրիկ Յուրան էլ, երբ մեծանա, ինքն էլ նրանց նման զինվոր կդառնա, ու իրեն էլ շա՜տ-շա՜տ կսիրեն և այսպիսի նամակ կգրեն… Երբ ծնողները վերջացրին, փոքրիկը, նամակը ձեռքին, գնաց ննջարան։ Քիչ հետո մայրը գնաց ստուգելու՝ երեխան քնել է, թե ոչ։ Երբ մայրը ննջարան մտավ՝ աչքերին չհավատաց… Փոքրիկը պառկել էր մեջքին, անխռով ու քաղցր ննջում էր՝ զինվորի նամակը կրծքին դրած՝ ձեռքն էլ նամակի վրա… Մի անպատմելի հանգստություն կար նրա դեմքին։ Անշուշտ, սա բառերով արտահայտելու զգացողություն չէ…
…Մոտ երկու տասնամյակ առաջ Երևանի Շենգավիթ համայնքի 14 քաջեր նահատակվեցին Արցախի Մարտակերտի շրջանում։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ վասն հայրենյաց նահատակների հիշատակին խաչքար-հուշարձան կանգնեցվեց։ Հիմա էլ դարձյալ Շենգավիթի թաղապետարանի միջոցներով և քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ կառուցվել է մի գողտրիկ պուրակ՝ ապագայում այն ավելի ծավալելու մտադրությամբ։
Եվ ահա օրերս Արմեն Սարգսյանի գլխավորությամբ պուրակի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Արցախ մեկնեցին շենգավիթցի քաջերի հարազատները, ՀՀ տեղական ինքնակառավարման և արտակարգ իրավիճակների փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, Երևանի փրկարարական ծառայության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը, ԵԿՄ ներկայացուցիչներ, շրջանի պատասխանատուներ… Նրանք հանդիպումներ ունեցան Մարտակերտի վարչակազմի ղեկավարի և Մարտակերտի քաղաքապետի հետ, ստորագրվեցին համագործակցության հուշագրեր։ Մարտակերտում զորամասերի զինվորներին ծանրոցների հետ հանձնվեցին նաև շենգավիթցի երեխաների գրած նամակները, որոնց հենց տեղում էլ պատասխանեցին։ Պատասխանեցին նաև փոքրիկ Յուրայի փայփայած նամակին…
Եռօրյա գերհագեցած այցի վերջին հանգրվանը Քաշաթաղի ձորն էր, ուր գետի ափին, իբրև հաղորդության սուրբ նշխար, հացի նստեցին զոհված զինվորի մայրը, այրին, զավակները, քույրը, եղբայրը, շրջանի ղեկավարները:
…Թող Արցախում ու Հայոց սահմաններին առավոտները միշտ խաղաղ բացվեն…
Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Խորագիր՝ #19 (1088) 21.05.2015 – 27.05.2015, Բանակ և հասարակություն