Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՄԻՇՏ ՇԱՐՔՈՒՄ ԵՆ…



ՀՀ վետերանների միավորման Երեւանի Էրեբունի համայնքի Հայրենական մեծ պատերազմի, զինված ուժերի, Աշխատանքի եւ իրավապահ մարմինների խորհրդի գրասենյակում ենք: Ասես պատերազմի մի փոքրիկ թանգարանում լինես՝ խորհրդի գրասենյակի միջանցքի պատերին Մեծ Հայրենականի տարբեր ռազմաճակատներում կռված հայ ժողովրդի փառապանծ զավակների նկարներն են, Արցախյան մարտերում հերոսացած քաջերինը…

Շրջակա տարածքը եւս բավական բարեկարգ է, մշակված:

Դրսում անձրեւ է, եւ այնքան վարար, որ սկսում եմ անհանգստանալ, հուսահատ արդեն մտածում եմ՝ էս անձրեւին հազիվ թե մի վետերան համարձակվի դուրս գալ տնից, բայց… Գալի՜ս են… Գալիս են մի քիչ կորացած, մի քիչ դանդաղաքայլ ու մի լավ թրջված: «Պատերազմի տարիներին էսպիսի՞ դժվարություններ ենք տեսել»,- կատակում են վետերանները:

Ինձ հաճելիորեն զարմացնում է վետերանների խորհրդում տիրող մթնոլորտը, այն հարգանքը, որ տածում են միմյանց նկատմամբ: Լուսանկարիչը փորձում է որսալ այդ ջերմ ու մտերմիկ ակնթարթները…

-Սուրե՛ն, ձեռքդ իջեցրու, որ Կարմիր աստղի երեք շքանշաններդ էլ երեւան… Զավե՛ն, գլխարկդ մի քիչ բարձրացրու` դեմքդ ախր իսկի չի երևում…, – կատակում և միմյանց խորհուրդ են տալիս ծերունիները:

Խորհրդի նախագահ, փոխգնդապետ Խաչատուր Խաչատրյանը, որը նաեւ համայնքի ավագ զինղեկն է, ներկայացնում է վետերաններին ու պատմում իրենց առօրյայի մասին:

-Վետերանների շարքերը գնալով նոսրանում են, մեր ամենաերիտասարդ վետերանը 89 տարեկան է: 1918 թվականին ծնված էլ ունենք՝ Զավեն Արշակյանը: Առայժմ 100-ամյակ չենք նշել: Ներկայումս Մեծ Հայրենականի 37 վետերան ունենք, նրանցից ոտքի վրա են 15-ը, մնացածը անկողնային հիվանդ են: Անում ենք հնարավորը, որ մեր վետերանները ուշադրության պակաս չզգան, այցելում ենք անկողնային վիճակում գտնվողներին: Աշխատում ենք մեր հնարավորությունների սահմանում լուծել պատերազմի, աշխատանքի վետերանների խնդիրները, նրանց հոգսերը հնարավորինս թեթեւացնել:

Խորհրդի հիմնական խնդիրներից ու նպատակներից է նաև մասնակցություն բերել աճող սերնդի, զինպատրաստության ենթակա անձանց ռազմահայրենասիրական դաստիարակության գործին: Երբ բանակ են ճանապարհում նորակոչիկներին, անպայման վետերաններին հրավիրում են զինկոմիսարիատ՝ իրենց խորհուրդներով քաջալերելու, ոգեշնչելու զինվորներին, եթե նրանք անգամ ելույթ էլ չունենան, չխոսեն, բառ էլ չասեն, նրանց պատկառազդու ներկայությունը արդեն իսկ ոգեւորիչ է: Խորհրդի անդամ զինղեկներն էլ վետերանների մասնակցությամբ Արիության դասեր են անցկացնում կրթօջախներում:

-Նմանատիպ հանդիպումները մեծ նշանակություն ունեն,- շեշտում է զինված ուժերի վետերան, N 17 դպրոցի զինղեկ, գնդապետ Վոլոդյա Կարապետյանը,- պատերազմի վետերանները մեծ արժեք են, պետք է արդյունավետ օգտագործենք այս ներուժը:

Աշակերտները Մեծ Հայրենականի թոհուբոհն անցած զինվորների հետ միասին հաճախ են այցելում Հաղթանակի զբոսայգի` խոնարհվելու Անհայտ զինվորի հուշակոթողին: Միասին գնում են նաև Եղբայրական գերեզմանոց, այստեղ 520 հուշաքար կա՝ տարբեր ազգերի մարտիկների գերեզման է: Երեխան տեսնում է, որ վետերանները 70 տարի հետո էլ այցելում եւ հարգանքի տուրք են մատուցում ոչ միայն իրենց զոհված մարտընկերների, այլ նաեւ օտարազգի զինվորների շիրիմներին, վետերանները աշակերտների հետ մաքրում, խնամում ու բարեկարգում են այդ տարածքը: Այս ամենը հավատարմություն, ընկերասիրություն, մարդասիրություն է դաստիարակում, ընկերներին հավատարիմ մնալու պատգամ, խորհուրդ է:

…Մեր զրույցի ընթացքում գրասենյակ են գալիս տարբեր դպրոցներից աշակերտներ՝ Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանի ՆԶՊ առարկայի օլիմպիադայի տարածքային փուլում հաղթողներն են, նրանց այստեղ պատվոգրեր են հանձնում: Վետերանները սրտանց շնորհավորում են աշակերտներին, բարեմաղթանքի ջերմ խոսքեր ասում ու լուսանկարվում են իրար հետ` հին զինվորներն ու վաղվա մեր զինվորները:

Վետերանների հետ դեռ երկար զրուցում ենք, խոսում ենք ժամանակի խնդիրներից, նրանց խոսքերում ե՛ւ մտահոգություն կա, ե՛ւ սրտացավություն: Հետո համեմատական եզրեր են անցկացնում Ռուսաստանի վետերանների հետ ու մի քիչ նեղսրտում՝ ախր նույն պատերազմի դաշտում են կռվել ասենք մեր Զավենն ու Իվանը: Նրանք ի՜նչ հնարավորություններից են օգտվում, մենք՝ ինչ, ու մեկիկ-մեկիկ թվարկում են նրանց առավելությունները:

-Գիտենք, երկրում հազար ու մի խնդիրներ կան, հասկանում ենք,- մի փոքր հաշտված ասում են ու ավելացնում,- միայն թող աշխարհը խաղաղ լինի, պատերազմ չլինի:

-Այսօր Հայաստանում Մեծ հաղթանակի 1040 վետերան կա, բոլորիդ քաջառողջություն եմ ցանկանում,- ասում եմ հրաժեշտից առաջ:

-Մինչ դուք այդ նախադասությունը արտասանեցիք, նրանց թիվը մեկով պակասեց,- դառը կատակում են վետերանները:

Գնահատենք, մեծարենք մեր վետերաններին եւ ոչ միայն տոնից տոն…

Խորագիր՝ #19 (1088) 21.05.2015 – 27.05.2015, Պատմության էջերից


21/05/2015